Ամերիկյան Foreign Policy ամսագրի կողմից Խաղաղության ամերիկյան հիմնադրամի (The Fund for Peace) հետ համագործակցությամբ հրապարակված Failed States Index 2010՝ աշխարհի «անգործունակ» երկրների վարկանիշում Հայաստանը 101-րդ տեղն է զբաղեցնում՝ 177 տեղից: Ի դեպ, հարկ է նկատել, որ որքան բարձր է երկրի կարգահամարը, այնքան ավելի գործունակ է այն: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆոն»՝ ամենագործունակ պետություններ են համարվում սկանդինավյան երկրները՝ Նորվեգիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան, որոնք զբաղեցնում են համապատասխանաբար 177-րդ, 176-րդ եւ 175-րդ տեղերը:
Երրորդ տարին անընդմեջ ամենաանգործունակ երկիր է ճանաչվել Սոմալին: Վերջինին ընկերակցում են Չադը, Սուդանը, Զիմբաբվեն եւ Կոնգոն, որոնք զբաղեցրել են 1-5-րդ տեղերը: Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանային հարեւաններին, ապա Ադրբեջանը, Վրաստանը եւ Իրանը զբաղեցնում են համապատասխանաբար 55-րդ, 37-րդ եւ 32-րդ տեղերը եւ դասվում են In danger (վտանգավոր իրավիճակում) խմբին:
Հետխորհրդային երկրներից ամենացածր ցուցանիշներն ունեն Ուզբեկստանը (36-րդ տեղ) եւ Տաջիկստանը (38-րդ տեղ):
Վարկանիշը կազմելիս վերլուծությունն իրականացվում է 12 չափանիշների՝ պետությունների անգործունակության, այսպես կոչված, ցուցիչների հիման վրա, որոնք միավորված են երեք խմբում՝ սոցիալական, տնտեսական եւ ռազմաքաղաքական: Երկրի իրավիճակի ընդհանուր գնահատման նպատակով փորձագետները վերլուծության են ենթարկում պետական հինգ կարեւոր ինստիտուտների՝ քաղաքական ղեկավարության, բանակի, ոստիկանության, դատական համակարգի եւ քաղաքացիական ծառայությունների՝ պետության ու քաղաքացու անվտանգությունն ապահովելու կարողությունը: