Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ՄԱՏՅԱՆՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ՋՆՋՈՒՄՆԵՐՈՎ

Հունիս 23,2010 00:00

Միջնորդագիր՝ ոստիկանությանը

Վահան Խալաֆյանի գործով նախաքննության արդյունքներով՝ հատուկ քննչական ծառայությունը միջնորդագիր է ուղարկել ՀՀ ոստիկանապետին՝ առաջարկելով նրան միջոցներ ձեռնարկել խախտումները վերացնելու ուղղությամբ:

Նկատենք, որ միջնորդագիրը չի վերաբերում Վահան Խալաֆյանին: ՀՔԾ-ն խախտումներ է բացահայտել նույն գողության գործով կալանավորվածների բերման ենթարկելու ընթացակարգում:

Այսպես՝ քննությամբ պարզվել է, որ Շիրազ Մարկոսյանին, Վահան Խալաֆյանին, Արթուր Իսպիրյանին եւ Դավիթ Գյուլումյանին ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման են ենթարկել հիշյալ ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Նորայր Գրիգորյանը, Արտակ Մկրտչյանը, Մորես Հայրապետյանը, Գարիկ Դավթյանը, ինչպես նաեւ՝ նույն բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչներ Գեւորգ Պեպոյանը, Համլետ Դավթյանը եւ Արթուր Աբրահամյանը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Աշոտ Հարությունյանի հանձնարարությամբ։ Հետագայում Շ. Մարկոսյանին, Վ. Խալաֆյանին, Ա. Իսպիրյանին եւ Դ. Գյուլումյանին հիշյալ ոստիկանության աշխատակիցները ՀՀ ոստիկանության բաժնում են պահել կրկին Աշոտ Հարությունյանի ցուցումով։

Ոստիկանության աշխատակիցները ցուցմունքներ են տվել այն մասին, որ ուղղակի կատարել են Աշոտ Հարությունյանի ցուցումները՝ դրանք համարելով օրինաչափ, մինչդեռ վերջիններիս կողմից խախտվել են 1994թ. ՀՀ ՆԳ նախարարի թիվ 997 հրամանով նախատեսված՝ «հերթապահ մաս բերման ենթարկված իրավախախտ անձանց հետ կապված հարցերի պարզաբանման ուղղությամբ ոստիկանի պարտականությունները», ինչպես նաեւ «ՀՀ ոստիկանության մասին» օրենքով սահմանված՝ «հանցագործությունների եւ այլ իրավախախտումների դեմ պայքարելիս ոստիկանության պարտականությունները», այն է՝ չեն պարզվել բերման ենթարկելու հիմքերն ու պատճառները, այդ անձանց առողջական վիճակը, իսկ հերթապահ մասի հերթապահի կողմից չեն գրանցվել եւ չեն հաշվառվել բերման ենթարկված անձինք։

Ըստ միջնորդագրի, ոստիկանության աշխատակիցները, սահմանափակելով բերման ենթարկված անձանց իրավունքները եւ ազատությունները, Աշոտ Հարությունյանի ցուցումով՝ նրանց շուրջ 7-8 ժամ պահել են ոստիկանության բաժնում։ Պարզվել է, որ «ոստիկանության մարմին բերման ենթարկվածների հաշվառման գրքում» գրառումները կատարել է օպերլիազոր Նորայր Գրիգորյանը՝ կրկին Աշոտ Հարությունյանի բանավոր ցուցումով՝ այն դեպքում, երբ Աշոտ Հարությունյանը նման ցուցում տալու իրավունք չի ունեցել, իսկ հիշյալ գրքում գրառումները պետք է կատարեր հերթապահ մասի հերթապահը, տվյալ դեպքում՝ Արտյոմ Մկրտումյանը։ Վերջինս հայտնել է, որ 2010թ. ապրիլի 13-ին՝ ժամը 15-ից հետո, «ոստիկանության մարմին բերման ենթարկվածների հաշվառման գիրքն» Աշոտ Հարությունյանի ցուցումով հանձնել է օպերլիազոր Նորայր Գրիգորյանին, ով հիշյալ մատյանն իրեն վերադարձրել է բերման ենթարկված անձանց վերաբերյալ գրառումներ կատարելուց հետո:

Այսինքն՝ խախտվել է նաեւ «ՀՀ ոստիկանության մարմին բերման ենթարկվածների հաշվառման գրքի» պահպանման կարգը, այն է՝ հերթապահի կողմից իր պատասխանատվությանը հանձնված հաշվառման գիրքը, առանց դրա իրավունքն ունենալու, հանձնվել է այլ անձի, տվյալ դեպքում՝ օպերլիազոր Նորայր Գրիգորյանին:

Ուշադրության արժանի է այն, որ բերման ենթարկվածների հաշվառման գրքում գրառումները կատարվել են ջնջումներով եւ ուղղումներով, որոնց իսկությունն արդեն իսկ կասկած է հարուցում:

Քննությամբ պարզվել է նաեւ, որ բացի Շիրազ Մարկոսյանից, Վահան Խալաֆյանից, Արթուր Իսպիրյանից եւ Դավիթ Գյուլումյանից՝ նույն գործի շրջանակներում 2010թ. ապրիլի 13-ին ոստիկանության բաժին են բերման ենթարկվել Չարենցավան քաղաքի բնակիչներ Նորայր Չիլյանը եւ Արայիկ Առաքելյանը, նրանց 4-5 ժամ բաժնում պահելուց հետո ազատ են արձակել, սակայն վերջիններիս բաժին բերման ենթարկելու, նրանցից դեպքի վերաբերյալ բացատրություններ ստանալու մասով ոչ քրեական գործում, ոչ ոստիկանության մարմին բերման ենթարկվածների հաշվառման գրքում որեւէ գրառում չկա: Քննությամբ հիմնավորվել է, որ 2010 թ. ապրիլի 13-ին Վահան Խալաֆյանի կատարած ինքնասպանությունը հետեւանք է նաեւ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատասենյակներում անվտանգության կանոնների խախտման, քանի որ Վահան Խալաֆյանն ինքնասպան է եղել հիշյալ բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետ Կամո Միրումյանի աշխատասենյակում պահվող դանակով:

Ավելին, ուշադրության է արժանի նաեւ հիշյալ բաժնի օպերատիվ աշխատակիցների պատրաստվածության հարցը, քանի որ աշխատասենյակում երեք օպերատիվ աշխատակից՝ Մորես Հայրապետյանը, Գարիկ Դավթյանը եւ Գագիկ Ղազարյանը, չեն հասցրել կանխել ինքնասպանության կատարումը՝ այն դեպքում, երբ Վահան Խալաֆյանի հետ գտնվել են նույն աշխատասենյակում՝ նրանից ընդամենը 2 մետր հեռավորության վրա։ Տեղի ունեցած գողության դեպքի բացահայտմանն ուղղված օպերատիվ աշխատանքները միանձնյա ղեկավարել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը։ Թեեւ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Նորիկ Հեբոյանը եւ օպերատիվ գծով տեղակալ Սամվել Տոնոյանը հայտնել են, որ տեղյակ են եղել ոստիկանության բաժին բերված անձանց ինքնությունից, նրանց պատասխաններից, որի մասին Աշոտ Հարությունյանը պարբերաբար զեկուցել է, սակայն այդ պարագայում վերջիններս կամ իրենց պարտականություններում թերացել են՝ ոստիկանության բաժնում այդ ուղղությամբ պատշաճ հսկողություն չիրականացնելով, կամ տեղյակ են եղել այդ խախտումներից, սակայն դիտավորյալ թույլ են տվել դրանց առաջացումը։

ՀՔԾ-ն դիմել է ոստիկանությանը, որպեսզի քննարկվի սույն միջնորդագիրը եւ դրանում նշված հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ ձեռնարկվի անհրաժեշտ միջոցները եւ սահմանված մեկամսյա ժամկետում այն հայտնվի ՀՔԾ-ին: Գործն ուղարկվել է դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել