Լրահոս
Օրվա լրահոսը

Չավուշօղլուն ցուցաբերել է կողմնակալ մոտեցում

Հունիս 23,2010 00:00

Միտում կա սահմանափակե՞լ հայ պատվիրակների ելույթների հնարավորությունը

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը հունիսի 21-ին հերթագրված է եղել՝ հարց տալու Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Անտոնիո Միլոշոսկուն: Սակայն թեեւ ժամանակը բավարար է եղել՝ նիստը վարող ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն հայ պատվիրակին չի ընձեռել հարց տալու հնարավորություն: Այս մասին մեզ Ստրասբուրգից հեռախոսով հայտնեց տիկին Նաղդալյանը՝ գնահատելով. «Կողմնակալ եւ ոչ հավասարակշիռ մոտեցում ցուցաբերվեց»: Նաեւ նշեց, թե այն, որ Չավուշօղլուն սահմանափակեց հարցերը՝ զարմացրեց ներկաներին. «Պարզ երեւում էր, որ մնացել է ընդամենը մեկ պատվիրակ՝ Հայաստանի ներկայացուցիչ, որն, ըստ երեւույթին, պետք է այնպիսի հարց տա, որը դուրեկան չի լինի որոշ ազգային պատվիրակությունների համար: Նշեմ, որ իմ հարցն առնչվում էր հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը ադրբեջանցիների կողմից սահմանի հերթական խախտման ցինիկ փորձին ու փոխհրաձգությանը, որի արդյունքում ունեցանք զոհեր: Սակայն զրկվեցի հարց տալու իրավունքից, երբ դեռ ժամանակ կար մինչեւ քննարկման ավարտը»: Հերմինե Նաղդալյանը պատահական չհամարեց, որ նույն օրը սահմանափակվեցին նաեւ ԵԽԽՎ Բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի հաշվետու զեկույցի վերաբերյալ ելույթները. «Խմբերի ներկայացուցիչներից հետո առաջին իսկ ելույթ ունեցողն Արմեն Ռուստամյանն էր: Եվ սրանք պատահական երեւույթներ չեն՝ սրանք ադրբեջանաթուրքական ալյանսի կողմը պահելու, նրանց համար շահեկան պահեր ստեղծելու շահագրգռության արտահայտությունն են»: Նաեւ զարմանք հայտնեց, որ նման կարեւոր հարցն, ինչպիսին է ԵԽԽՎ Բյուրոյի հաշվետվությունն անցած ժամանակահատվածի վերաբերյալ՝ չդրվեց լուրջ քննարկման. «Այսպիսի բան, որ Բյուրոյի հաշվետվության քննարկումը սահմանափակվեր ընդամենը 4 ելույթով՝ կարծես թե առաջին անգամ տեղի ունեցավ: Ես այս միտումը շատ վտանգավոր ու բացասական եմ համարում»:

Մեր կողմից նշենք, որ նույն պատճառով ելույթի հնարավորությունից զրկվել է նաեւ Ադրբեջանի պատվիրակ Գանիրա Փաշաեւան, որի ելույթն արդեն տեղադրված է ԵԽԽՎ կայքէջում: Ավանդական ելույթ է՝ Լեռնային Ղարաբաղի անջատողականներ, 1 մլն փախստականներ եւ այլն: Բայց այս անգամ նա մեջբերել է նաեւ Անջելինա Ջոլիի կոչը՝ չմոռանալ փախստականներին:

Երեկ երեկոյան ԵԽԽՎ-ն քննարկեց «Իրավիճակը Կոսովոյում ու Եվրոպայի խորհրդի դերը» զեկույցը, որի ընթացքում ելույթ ունեցան հայ 3 պատվիրակներ: Դավիթ Հարությունյանը ելույթ ունեցավ իր անդամակցած խմբի՝ Եվրոպական ժողովրդավարների անունից: Իսկ Հերմինե Նաղդալյանը Կոսովոյի օրինակով նկատելով, որ Վեհաժողովում ստեղծվում է նոր մթնոլորտ, թե երկխոսությունը պետք է իրականացվի եվրոպական ողջ տարածքում՝ բոլոր հակամարտությունների վերաբերյալ, անհասկանալի համարեց, որ այդ սկզբունքները կիրառվում են խտրականորեն. «Տխրահռչակ երկակի չափանիշները մեր ԵԽԽՎ-ում ավելի հաճախ են հանդիպում: Ինչո՞ւ ԼՂ ժողովուրդը, որն ինքնորոշվել է միջազգային բոլոր օրենքներին համապատասխան, իր անկախությունը հռչակել է նույնքան միակողմանիորեն՝ համազգային հանրաքվեով, ինչպես եւ Կոսովոյի ժողովուրդը՝ իրավունք չունի ինքնորոշման»: Ի դեպ, այս ելույթի ընթացքում Հերմինե Նաղդալյանը հնչեցրեց այն փաստը, որի վերաբերյալ հարց տալու հնարավորությունից զրկվել էր նախօրեին եւ հավելեց. «Մեր երկակի չափանիշները, մեր անհասկանալի դիրքորոշումը, մեր չցանկանալը՝ հստակ ու պարզ պատասխանել ԼՂ ազատատենչ ժողովրդի ինքնորոշման իրավունքին, հանգեցնում է նրան, որ նման տխուր իրադարձություններում լինում է նաեւ մեր մեղքի բաժինը»: Համահունչ ելույթ ունեցավ նաեւ Զարուհի Փոստանջյանը՝ մեջբերելով բանաձեւի նախագծի 4-րդ պարբերությունը. «Խորհրդարանական վեհաժողովը համոզված է, որ ներկա պայմաններում իր ուշադրության կենտրոնում Կոսովոյի առնչությամբ պետք է լինի ոչ թե կարգավիճակը, այլ չափանիշները: Մասնավորապես կարծում է, որ անկախ իր կարգավիճակից՝ Կոսովոն պետք է անվտանգ տեղ լինի բոլոր նրանց համար, ովքեր ապրում են այնտեղ»: Զարուհի Փոստանջյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում բանաձեւում շարադրված սկզբունքները կկիրառվեն նաեւ ԼՂ առնչությամբ. «Եվ այս փաստաթուղթը կարող է ծառայել իբրեւ մոտավոր «ճանապարհային քարտեզ» ԼՂ համար»: Բնականաբար՝ անմիջապես ելույթ ունեցավ Գանիրա Փաշաեւան (ընդ որում՝ առաջին անգամ էր, որ խոսեց թուրքերեն) եւ հայտարարեց, թե Կոսովոյի օրինակը կապ չունի ԼՂ խնդրի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել