ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղղած նամակում նշված է, թե Ազատության հրապարակը նախատեսված է երեխաների համար:
Երեկ առավոտյան ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում ի վերջո տեղի ունեցավ Հայաստանի վերաբերյալ հարցի արդեն երկու անգամ հետաձգված քննարկումը, որը տեւեց շուրջ 20 րոպե: Հետաձգումների պատճառը մասնավորապես Հայաստանի հարցով համազեկուցողներից մեկի՝ Ժորժ Կոլոմբիեի առողջական վիճակն էր: Եվ ի դեպ՝ նա նոր է դուրս գրվել հիվանդանոցից ու ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցում է անվասայլակով: Հանձնաժողովի նիստի ընթացքում, ինչպես մեզ փոխանցեցին ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչներ Դավիթ Հարությունյանը եւ Արմեն Ռուստամյանը (հրապարակման մեջ շարադրված հետագա տեղեկությունները եւս ստացել ենք ՀՀ պատվիրակությունից)՝ պրն Կոլոմբիեն հայտնել է, որ իր պաշտոնավարման ժամկետը լրացել է, եւ ինքը դադարեցնում է իր աշխատանքը՝ որպես համազեկուցող:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նիստի ընթացքում ներկայացրել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պատասխանը համազեկուցողների փետրվարի 26-ի նամակին: ԱԺ նախագահի նամակն, ըստ էության, «Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առաջարկների իրականացման «ճանապարհային քարտեզի» լրամշակված տարբերակն է:
Նամակի «Ընտրական բարեփոխումներ» ենթաբաժնում նշված է, թե արդեն ավարտել են տեղական փորձագետների մասնակցությամբ քննարկումները՝ «Ընտրական օրենսգրքում» առաջարկվելիք առանցքային փոփոխությունների վերաբերյալ: Նաեւ ասված է, թե Վենետիկի հանձնաժողովին արդեն ուղարկվել են փոփոխությունների երկու նախագծեր. «Սկզբունքորեն՝ երկու նախագծերը նման են, սակայն հիմնական տարբերությունը վերաբերում է ընտրական հանձնաժողովի ձեւավորմանը: Մի նախագիծը հիմնվում է հանձնաժողովի ձեւավորման քաղաքական բնույթի վրա, իսկ երկրորդը նախապատվություն է տալիս քաղաքական եւ մասնագիտական անդամների խառը համակարգին»: Հովիկ Աբրահամյանը հայտնել է, թե նախնական համաձայնություն ունեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետների հետ, որ նրանք հուլիսի առաջին կեսին այցելելու են Երեւան՝ խորհրդակցությունների համար: Նախատեսում են վերջնական նախագիծն ԱԺ մշտական հանձնաժողովին ներկայացնել 2010 թվականի հոկտեմբերին: Առաջ անցնելով՝ նշենք, որ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Արմեն Ռուստամյանը ելույթում քննադատել է, թե «Ընտրական օրենսգիրքն» ուղարկվել է՝ առանց խորհրդակցելու ընդդիմության հետ, եւ որ իշխանությունը միայնակ է աշխատել այդ նախագծի վրա: Իսկ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը հայտարարել է, թե «Ընտրական օրենսգիրքը» չի համարվի նորմալ, քանի դեռ այդ հարցով չկա փոխհամաձայնություն խորհրդարանական ընդդիմության հետ:
«Ճանապարհային քարտեզի» վերաբերյալ նամակում ենթաբաժիններ կան նաեւ ՀՀ ոստիկանության եւ արդարադատության համակարգում նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ: Մասնավորապես ասված է, որ դատական համակարգի վերաբերյալ ՄԻՊ-ի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցներում առկա երաշխավորությունները հիմք կծառայեն դատաիրավական բարեփոխումների համապարփակ ծրագիր մշակելու համար, ու ՀՀ նախագահի ապրիլի 26-ի կարգադրությամբ արդեն իսկ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որն իր առաջին նիստն անցկացրել է մայիսի 26-ին: Ըստ նամակի՝ հանձնաժողովը մանրակրկիտ քննարկել է 2008 թվականի մարտի 1-ին առնչվող գործերով դատավարությունների վերաբերյալ ԵԱՀԿ զեկույցում պարունակվող առաջարկները եւ առանձին որոշումներ կայացրել յուրաքանչյուր պարբերության վերաբերյալ: Կայացված որոշումները Մոնիթորինգի հանձնաժողովին ներկայացվել են կից փաստաթղթով: Այստեղ մասնավորապես նշված է, թե նպատակահարմար է նախատեսվող փոփոխությունները միավորել «Քրեական դատավարության» օրենսգրքի նոր նախագծում, որի մշակման վերջնաժամկետ է սահմանվել 2011 թվականի մարտի 1-ը: Այս փաստաթղթին առավել հանգամանալից կանդրադառնանք առաջիկայում:
«Ճանապարհային քարտեզի» լրամշակված տարբերակում մի մեծ ենթաբաժին էլ նվիրված է հավաքների ազատությանը: Այստեղ, շա՜տ մեղմ ասած՝ խիստ վիճահարույց պնդում է արված, թե ցույցեր անցկացնելու բազմաթիվ իրազեկումներ մերժվել են զուտ տեխնիկական պատճառներով, եւ իզուր են իշխանություններին այս առումով փորձում ներկայացնել բացասական համատեքստում: Եվ հանգամանալից թվարկված են 2009-ի վերաբերյալ տվյալներ, որ 174 հայտ է եղել զանգվածային միջոցառումներ անցկացնելու, ու 141-ն ընդունվել է ի գիտություն եւ այլն: Մինչդեռ շա՜տ ավելի թարմ տվյալ կա՝ Մոնիթորինգի հանձնաժողովի նիստից 3 օր առաջ «Ոչ օտարալեզու դպրոցներին» խմբի հունիսի 19-ին նախաձեռնած համերգը Երեւանի քաղաքապետարանն առանց որեւէ այլ վայր առաջարկելու մերժեց՝ պատճառաբանելով, թե գերազանցապես հեղինակային երգի կատարողների ելույթները կխանգարեն «Մոսկվա» կինոթատրոնի աշխատանքին, իսկ 2 օր անց նույն վայրում արտոնվեց ռոք խմբերի համերգը: Նամակում անդրադարձ կա վերջին ամսվա ընթացքում Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպերին: «Հարկ է նշել, որ ՀՀ ոստիկանության սկզբնական հակազդեցությունը անհամարժեք էր,- ասված է Հովիկ Աբրահամյանի նամակում:- Միեւնույն ժամանակ, այդ զարգացումները եղել են հավաքների ազատության չարաշահման ցավալի ցուցադրություն՝ այդ միջադեպում ներգրավված անձանց կողմից: Հրապարակը հանրային գոտի է՝ նախատեսված երեխաների համար ամառային արձակուրդների ընթացքում զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու»: Սակայն հիշեցված է, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը շուտով քննարկման է ներկայացնելու հավաքների ազատության մասին օրենքի նոր նախագիծ: Նշենք, որ Արմեն Ռուստամյանն իր ելույթում մտահոգություն է հայտնել հավաքների ազատության վիճակով:
Եվ վերջապես՝ Հովիկ Աբրահամյանի նամակում անդրադարձ կա նաեւ մամուլի ազատությանը՝ բացառապես հունիսի 10-ին ընդունված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համատեքստում: Եվ նշված է, թե 2010-ի հուլիսին մրցույթի հայտարարումը կարեւորվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարման առումով: Այն մասին, որ այդ օրենքով անտեսվել է վճռի մեկ այլ դրույթ, թե արտոնագիր տրամադրելը մերժելու մասին ՀՌԱՀ որոշումը պիտի հիմնավորվի՝ ոչ մի խոսք չկա: Սակայն Հովիկ Աբրահամյանը նշում է. «Ի գիտություն եմ ընդունում օրենքի բովանդակության վերաբերյալ քննադատական որոշակի դիտարկումները: Մենք պատրաստ ենք շարունակել այս առումով համագործակցությունը համապատասխան փորձագետների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ: Ես նաեւ անհամբեր սպասում եմ Ձեր առաջիկա այցին Հայաստան, որի ընթացքում մենք խորը վերլուծության կենթարկենք մամուլի ազատության առնչությամբ հետագա քայլերը»:
Արմեն Ռուստամյանը ելույթում պահանջել է «ճանապարհային քարտեզի» կապակցությամբ էլ լսումներ անցկացնել՝ հրավիրելով նաեւ ոչ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին: Ջոն Պրեսկոտն ասել է, թե կողմ է լսումներին, եւ միգուցե այն կկազմակերպվի համազեկուցողների հերթական այցելությունից առաջ: Ծրագրվում է համազեկուցողների հաջորդ այցելությունը Հայաստան: «Առավոտի» հարցին, թե ե՞րբ է այն նախատեսվում՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Դեռ չգիտենք: Դա պայմանավորված է նոր համազեկուցողի ընտրությամբ, որը կլինի շուտով»: