«Հանրապետություն» կուսակցության վերջին՝ 5-րդ համագումարը տեղի է ունեցել 2005թ. նոյեմբերին: Այն ժամանակ համագումար անցկացնելու համար իշխանությունները կուսակցությանը դահլիճ չտրամադրեցին, ու համագումարն անցկացվեց բացօթա պայմաններում՝ Մատենադարանին հարող տարածքում: Կուսակցությունն այսօր էլ չի կարողանում համագումար հրավիրելու համար դահլիճ գտնել: «Հանրապետության» հերթական՝ վեցերորդ համագումարն ուշանում է, ու պատճառը հենց դա է: Այս մասին կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանն ասել է «news.am»-ի հետ զրույցում՝ հավելելով, թե կառավարությունը չի համաձայնում իրենց դահլիճ տրամադրել, կա նաեւ մշակույթի նախարարի հրամանը՝ կուսակցություններին դահլիճ չտրամադրելու վերաբերյալ:
Արտակ Զեյնալյանը փոխանցել է, թե կուսակցությունն այդ խնդրանքով դիմել է մի շարք հաստատությունների, մասնավորապես՝ Հայպետֆիլհարմոնիային, Մարզահամերգային համալիրին, սակայն մերժում է ստացել: Հարցին՝ դահլիճ չգտնելու հանգամանքը կարո՞ղ է դառնալ համագումարի անվերջ ձգձգման պատճառ, եւ հնարավո՞ր է, որ համագումարն այս անգամ էլ անցկացվի բացօթյա՝ «Հանրապետության» քաղխորհրդի ներկայացուցիչը պատասխանել է. «Դահլիճ չտրամադրելը միջամտություն է կուսակցության, միավորումների ազատության իրավունքին։ Իսկ կուսակցության համագումարը միտինգ չէ, որ բացօթյա իրականացվի»: Ա. Զեյնալյանի ասելով՝ կուսակցությունը փորձում է իրենց դահլիճ չտրամադրելու խնդրին իրավական լուծում տալ, որի առնչությամբ համապատասխան հաղորդագրություն կտարածեն: