«Եթե Ադրբեջանը ոտնձգություններ անի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի սահմանի նկատմամբ, հայ ազատամարտիկները արժանի հակահարված են տալու»,- այդ մասին «news.am»-ին ասել է արցախյան պատերազմի մասնակից, «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի փոխնախագահ, ընդդիմության ներկայացուցիչ Վլադիմիր Առաքելյանը:
«Հայ ազատամարտիկը միշտ իր խոսքն ասել է: Դա ապացուցված բան է: Եթե ադրբեջանցիները ոտնձգություններ անեն, մենք միանշանակ իրենց հակահարված տալու ենք: Թո՛ղ չմոռանան, թե իրենց հետ ինչ կատարվեց»,- շեշտել է ազատամարտիկն ու հավելել, թե «այն ժամանակ մենք չհասանք Բաքու, բայց եթե այս անգամ ոտնձգություններ լինեն Ղարաբաղի կամ Հայաստանի սահմանի նկատմամբ, իրենց համար շատ վատ կլինի»:
Արցախյան պատերազմի մասնակիցը նկատել է, որ ազատամարտիկները միշտ էլ պատրաստ են պաշտպանելու երկրի սահմանները, ու «կապ չունի», թե ովքեր են Հայաստանում օրվա իշխանությունները: «Իշխանությունները գնացող են, Հայաստան աշխարհը՝ մնայուն: Մենք ինչ անում ենք, անում ենք մեր հայրենիքի եւ ժողովրդի համար»,- հայտարարել է ազատամարտիկը՝ վստահեցնելով, որ պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը միանշանակ պարտվելու է, որովհետեւ «մեր թշնամին շատ նենգ է, իսկ նենգ թշնամին երբեք ուժեղ չի լինում»: Վլ. Առաքելյանն ասել է նաեւ, թե չի կասկածում, որ այս անգամ հայկական կողմն ավելի հեռուն կտանի իր անվտանգության գոտիները: Նա նաեւ Հայաստանի իշխանություններին հորդորել է՝ համախմբել ազգին, որ «կարողանանք պատերազմը հաղթական ավարտին հասցնել»: