Երեկ «Փաստարկ» ակումբում պատասխանելով մեր հարցերին, թե «տարածաշրջանի ամենամարտունակ բանակի» վերաբերյալ պնդումների հակառա՞կը չէր այն, որ հայկական կողմն ավելի շատ զոհեր ունեցավ վերջին օրերին, եւ սա գուցե ադրբեջանական կողմի համար ոգեւորության առի՞թ կտա, թե՝ կարող է խնդիրը լուծել ուժի միջոցով՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, վկայակոչելով նաեւ արտերկրի գնահատականները, ասաց. «Համեմատության մեջ՝ մեր բանակն, անշուշտ, իր մարտունակությամբ գերազանցում է ադրբեջանական բանակին: Բայց կարծում եմ, որ կոնկրետ այս միջադեպի հետ կապված պաշտպանության նախարարությունը պետք է բավականին մանրակրկիտ բացատրություններ տա հասարակությանը հետեւյալ կտրվածքով՝ գաղտնիք չէ, որ դիվերսիայի գնացող, հարձակման անցնող կողմերը մարտի դաշտում թողնում են ավելի մեծաքանակ զոհեր: Չեմ ուզում խոսել, թե տեղի ունեցածը, որի արդյունքում ավելի շատ հայ զինվորներ են սպանվել եւ ընդամենը մի ադրբեջանցի զինվոր՝ ինչ հանգամանքներում է կատարվել՝ տեղանքի եւ ընդհանրապես իրավիճակի առանձնահատկությունները շատ կարեւոր են»: Բայց եւս մեկ անգամ ընդգծեց, թե անհրաժեշտ է, որ բացատրություններ ներկայացվեն, թե ինչու են մեր կորուստներն այդքան մեծ:
Նշենք, որ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը երեկ արդեն իսկ պատասխանել է պրն Սաֆարյանի այս դիտարկումներին՝ Slaq.am-ին ասելով. «Ո՞վ է ասել, որ մեզ մոտ զոհերն ավելի շատ են եղել: Նրանք ավելի շատ զոհ են տվել, զոհերից մեկն էլ մնացել է չեզոք գոտում»: Մինչդեռ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանն էլի պնդել է, թե ՀՀ զոհերն ավելին են: Պատասխանելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուի երեկվա հայտարարությանը, թե սա «հայերի հերթական ռազմական սադրանքն էր»՝ Սեյրան Շահսուվարյանը tert.am-ին ասել է. «Եթե հայկական կողմն է հրադադարի խախտման հեղինակը, իրենց դիակն ի՞նչ գործ ունի մեր հողում։ Եթե հայկական կողմն է մեղավորը, ո՞նց է լինում, որ մեր կողմի զոհերը շատ են, իսկ իրենց հետախույզը զոհվում է մեր հողում»:
Հավելենք, որ Ստեփան Սաֆարյանը նաեւ ասաց. «Ես գրեթե վստահ եմ, որ Ադրբեջանը չունի պատերազմ սանձազերծելու թույլտվություն»: