Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՅԱՆՔԻ ՓՈՐՁ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴՈՒ ՎՃԻՌ»

Հունիս 23,2010 00:00

\"\"Այսպես մեկնաբանեց նախարարի պաշտոնից իր հրաժարականը աշխատանքի եւ սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մխիթար Մնացականյանը:

– Ձեր հրաժարականը մի փոքր անսպասելի էր եւ տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց: Ո՞րն է ի վերջո հրաժարականի ձեր անձնական մեկնաբանությունը:

– Անմիջապես հայտնեմ, որ ոչ մի սենսացիոն հայտարարություն ինձնից չեք լսի: Իմ հրաժարականը պայմանավորված չէ ինչ-որ խորհրդավոր պատճառներով: Ի սկզբանե բացառում եմ մարդկային գործոնը: Սա հատուկ եմ շեշտում, քանի որ այս առումով արդեն բանավոր եւ գրավոր բազմաթիվ անհարկի ենթադրություններ ու մեկնաբանություններ կան: Սակայն ճշմարտությունը մեկն է՝ առաջին օրվանից մինչ այժմ՝ պատգամավորական աշխատանքից մինչեւ նախարարի պաշտոն, ես միշտ զգացել եմ հարգանքի եւ վստահության վրա կառուցված այն ուշադրությունն ու վերաբերմունքը, որը ցուցաբերվել է իմ նկատմամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից: Օգտագործելով առիթը՝ ցանկանում եմ հայտնել իմ երախտագիտությունը այդ վերաբերմունքի ու մարդկային անկեղծ հարաբերությունների համար: Ինչ վերաբերում է իմ հրաժարականի պատճառներին, եթե համառոտ ասեմ՝ պատճառը աշխատանքից, դրա արդյունքներից իմ անբավարարվածության զգացումն է: Այս քայլը հուսահատված պաշտոնյայի որոշում չէ: Վճիռ է կյանքի փորձ ունեցող մարդու, որը դեռ չի կորցրել իր վերլուծական ունակությունները, մի քիչ էլ ինքնաքննադատական դիտարկում ունի իր արած-չարածի հանդեպ: Բնակչության սոցիալական ապահովության ոլորտը հսկայածավալ բարդություններ եւ առանձնահատկություններ պարունակող մի դաշտ է, որտեղ պետության կողմից տրամադրվող հնարավոր եւ հաճախ անհնարին ֆինանսական միջոցներից բացի, հավանաբար, անհրաժեշտ են բանիմաց եւ ժամանակակից մտածողության տեր կադրեր, կառավարման արդիական մոտեցումներ, գուցե նաեւ կառուցվածքային արմատական բարեփոխումներ: Գիտակցելով այս ամենը՝ անցած յոթ ամիսների ընթացքում իմ աշխատանքային գործունեության մեջ եկա այն համոզման, որ մինչ այս իմ պատկերացումները երեւի թե այլ են եղել՝ ավելի պարզ, դյուրին այս բնագավառի խնդիրների լուծման ուղղությամբ: Չմոռանանք, իհարկե, նաեւ իմ քաղաքական աշխատանքի փորձի պակասը: Եվ, վերջապես, անհամեստ թող չհնչի, բայց ես մարդկային այն տեսակին չեմ պատկանում, ովքեր կարող են տարիներով իմիջիայլոց աշխատել կամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ յոլա տանել: Ահա այս ամենի եզրահանգումն էր պաշտոնից ազատվելու իմ դիմումը:

– Սակայն ձեր հրաժարականի մասին այլ բաներ են խոսում, մասնավորապես, մամուլում ակտիվորեն շրջանառվում են լուրեր, որ ձեր հրաժարականի պատճառը ձեր եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ անհաղթահարելի հակասություններն են:

– Հարկ չեմ համարում լրջորեն անդրադառնալու այդ ասեկոսեներին ու բամբասանքներին: Գագիկ Ծառուկյանը եղել է, կա եւ շարունակում է մնալ իմ լավ բարեկամն ու գործընկերը: Նա այնպիսի անձնավորություն է, ում համար առաջնային են մարդու բարոյական հատկանիշները, մասնագիտական որակները: Ինքը բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ մարդուն պետք է գնահատել ըստ իր կատարած աշխատանքի, ըստ իր գործերի: Գագիկ Ծառուկյանը գիտի մարդկանց մեծարել, գնահատել մարդկանց կատարած աշխատանքն ու վաստակը: Մարդկային իմ տեսակը հաշվի առնելով՝ ես այդպիսի մարդու հետ չէի կարող ունենալ անհաղթահարելի հակասություններ:

– Շրջանառվող լուրերից էր նաեւ այն, որ ԲՀԿ առաջնորդը շարունակ միջամտում էր կադրային նշանակումներին՝ պահանջելով նախապատվությունը տալ կուսակցական պատկանելությանը:

– Ես կտրականապես հերքում եմ այդպիսի միջամտության առկայությունը: Գագիկ Ծառուկյանն առաջնորդվում է մեկ կարեւոր սկզբունքով՝ կարեւոր չէ կուսակցական պատկանելությունը, կարեւորը մարդու մասնագիտական ու մարդկային որակներն են: Այս սկզբունքը այնքան ճիշտ է ու բարոյական, որ աքսիոմա կարելի է համարել: Եթե դուք փորձեք ներքին վիճակագրություն կատարել նախարարության աշխատակիցների կուսակցական պատկանելության վերաբերյալ, կհամոզվեք, որ մամուլի հրապարակումները չափից դուրս ուռճացված են եւ, մեղմ ասած, չափազանցված: Բացի այդ, նախարարության կազմում գործող աշխատատեղերի մեծ մասը քաղաքացիական ծառայության պաշտոններ են, որոնք կարող են համալրվել միայն համապատասխան մրցույթների արդյունքում: Ես ցավում եմ, որ նման հրապարակումներով փորձ է արվում ստվերել «Բարգավաճ Հայաստանի» կամ Գագիկ Ծառուկյանի եւ իմ հարաբերությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել