Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐ

Հունիս 23,2010 00:00

\"\"Հունիսի 18-19-ի գիշերը Մարտակերտի Չայլուի հատվածում արձանագրված սահմանային միջադեպի մասին ասում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

– Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցածը կարելի՞ է մեկնաբանել, որ Ադրբեջանն այս տարիների իր ռազմատենչ հայտարարությունները փորձում է խոսքից գործի վերածել:

– Եթե ակնարկում եք, որ սա պատերազմի նախերգանքն է, ապա՝ ոչ: Ես, իհարկե, որոշակի վերապահումներ ունեմ Ադրբեջանի իշխող դասի հանդեպ, բայց չեմ կարծում, որ նրանք այնքան ապուշ են, որ պատերազմ սկսելու իրենց ծրագրերն այս ձեւով պիտի բացահայտեն: Սա ավելի շատ երկսայր սուր է՝ ուղղված մի կողմից՝ ԼՂՀ պաշտպանության բանակի ու քաղաքացիների դեմ, մյուս կողմից՝ միջազգային հանրությանը շանտաժելուն: Այս կերպ նրանք փորձում են ահաբեկել ԼՂՀ-ի թե պաշտպաններին, թե բնակիչներին, միաժամանակ, փորձում են միջազգային հանրությանը համոզել, որ իրենք պատրաստ են պատերազմի, եւ ելնելով դրանից՝ միջազգային հանրությունը Ղարաբաղի եւ Հայաստանի նկատմամբ ճնշումներ կգործադրի, որպեսզի վերջիններս համաձայնեն անհամաչափ զիջումների: Փաստացի բանակցային գործընթացում այնպիսի մի իրավիճակ է ձեւավորվել, որ, ըստ էության, հայկական կողմերին պարտադրվում է անձնատուր լինել ադրբեջանական պահանջներին: Այս տեսանկյունից մադրիդյան սկզբունքները միանգամայն բխում են Ադրբեջանի շահերից: Ես ցավով պիտի նշեմ, որ առայժմ Հայաստանի իշխանությունները չկարողացան, ավելի ստույգ՝ չցանկացան գտնել այն ուղիները, որոնց միջոցով հնարավոր կլիներ առանց բանակցային գործընթացն ընդհատելու հանդես գալ նոր նախաձեռնություններով, լրացնել բանակցային օրակարգը եւ արմատապես փոխել ընթացող բանակցությունների տրամաբանությունը: Այդ ուղին կա, դրա մասին բազմիցս եմ ասել. հասկանում եմ նաեւ, թե ինչու իշխանությունները չեն ցանկանում դրանով առաջ շարժվել: Բայց այդ ճանապարհն անխուսափելի է. իրենց հետ թե առանց իրենց, վաղ թե ուշ, Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղն այդ ճանապարհով պիտի ընթանան առաջ:

– Հատկանշական չէ՞, որ սահմանային այդ ցավալի միջադեպը հաջորդեց նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպմանը: Հանրության համար անտեսանելի իրադարձություններ այնտեղ այնուհանդերձ զարգացա՞ն:

– Ամեն մի հանդիպում որոշակի նորություն կարող է պարունակել, որովհետեւ խնդիրը միայն այն չէ, թե ինչպիսիք են կողմերի դիրքերը, այլ նաեւ այն, թե այդ ընթացքում աշխարհում ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում: Բայց պայմանների փոփոխությունն ամենեւին չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մեր արմատական շահերը պաշտպանելու իրավունքից: Նաեւ այս տեսանկյունից ուրախալի է, որ առայժմ հանձնված տարածքներ չունենք, որ հայ զինվորն իր դիրքերում է, բայց դեռ շատ անելիքներ ունենք թե մեր պաշտպանունակությունը բարձրացնելու, թե առավել եւս, գործուն արտաքին քաղաքականություն վարելու տեսանկյունից:

Ինչ վերաբերում է այս միջադեպին՝ եթե հայկական կողմը համարժեք հետաքննություն վարի, չեմ բացառում, որ կարող է նաեւ թուրքական հետք հայտնաբերվել: Հայտնի է արդեն, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը նոր փուլ է թեւակոխել, Ադրբեջանում են գտնվում բազմաթիվ թուրք ռազմական խորհրդականներ. ես չեմ բացառում, որ սա կարող է նաեւ համատեղ ծրագրված գործողություն լինել՝ Թուրքիայի դիրքերն Ադրբեջանի նաեւ այս ոլորտում ամրապնդելու համար: Այո, թերեւս, այս միջադեպը կարող ենք կապել սանկտպետերբուրգյան բարձր մակարդակի հանդիպման հետ: Պատահական չէր թերեւս, որ Ալիեւն այդ հապճեպությամբ լքեց Սանկտ Պետերբուրգը:

– Ռուսական մամուլում վերջերս հրապարակումներ եղան, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում շուտով տեղակայվելու են ռուս խաղաղապահները: Դրանում ռացիոնալ հատիկ կարելի՞ է փնտրել:

– Ես որեւէ բան չէի բացառի, սակայն տարածաշրջանում ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը զարգանում է այնպիսի ուղով, որը չի ավելացնելու ռուս-ադրբեջանական եւ ռուս-թուրքական հարաբերություններում փոխվստահության մակարդակը: Ընդհակառակը՝ բոլոր սրացումները հանգեցնելու են կասկածամտության աճի: Իսկ դա նաեւ նշանակում է, որ ռուսական զորքերի կուտակում կարող ենք ակնկալել հայ-թուրքական սահմանին, քան Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ: Համենայնդեպս, Թուրքիան այսօր այնքան ագրեսիվ քաղաքականություն է վարում իր հարեւանների նկատմամբ, որ տարածաշրջանային խաղաղությունն իսկապես վտանգված է, եւ, այս տեսանկյունից, մենք լուրջ անելիքներ ունենք՝ եւ Ադրբեջանի, եւ Թուրքիայի ուղղությամբ: Ամենակարեւորը՝ մենք պետք է վերջապես սովորենք հստակ պաշտպանել մեր շահերը, անգամ մերձավորագույն դաշնակիցների հետ ունեցած հարաբերություններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել