«Շատ վիճելի հարցեր կան այդ միջադեպի հետ կապված. զոհերի նման հարաբերակցությունն ինձ համար անհասկանալի է»,- ադրբեջանական դիվերսիայի մասին երեկ ասել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նրա համար մասնավորաբար անհասկանալի է, որ միջադեպի վերաբերյալ «տաք հետքերով» հայտարարություն չարեց ԼՂ նախագահ Բակո Սահակյանը, «անակնկալ է» նաեւ այն, որ չկա որեւէ պարզաբանում այն մասին, թե ում մեղքով են «մեր զինվորները կարծես անպատրաստ եղել»: Այս հանգամանքը քաղաքագետի մոտ տարակուսանք է առաջացրել այն պատճառով, որ, ըստ նրա, հիմնականում հարձակվողն է ավելի շատ զոհեր ունենում, մինչդեռ այս պարագայում ղարաբաղյան կողմի զոհերն ավելի շատ են. «Եվ Հայաստանի, եւ Արցախի իշխանությունները պետք է զինվորականներից պահանջեն բացատրել, թե դա ինչպես է տեղի ունեցել: Հասարակությունը եւս պետք է իմանա»: