Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանի ու ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանի միջեւ երեկ բանավեճ է ծավալվել ընտրակաշառքների թեմայի շուրջ: «Հայաստանում ընտրությունների ժամանակ ընդդիմությունն էլ է կաշառք տալիս, իշխանությունն էլ»,- հայտարարել է Տիգրան Կարապետյանը: Այնուհետեւ, նկատի ունենալով իրեն, հավելել է. «Կա մի մարդ, ով ընտրակաշառք չի տալիս, սկզբունքորեն չի տալիս, ով պատրաստ է ժողովրդի հետ համագործակցել: Եթե ժողովուրդն ասի՝ ձեր շարքերում կա վատը, մենք այդ մարդուց կբաժանվենք նույն վայրկյանին»:
ԺԿ նախագահին ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը մի պատմությամբ է հակադարձել. «Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նոր Նորքում լուրեր պտտվեցին, որ պրոֆեսոր Պետրոսյանը ձվեր է բաժանում, յուրաքանչյուրին՝ 30 ձու: Ես զարմացա, պարզվեց, որ ձու բաժանողը ձեր մարդկանցից է, կանչեցինք այդ մարդուն, ասաց՝ այո, ես եմ արել, բայց ոչ թե ընտրության օրը…»: Կարապետյանն էլ լրացրել է. «Այլ զատիկին»: «Պարզվեց, որ այդ ձվերը Կարապետյանինն էին»,- շարունակել է Պետրոսյանը: Ի պատասխան՝ Ժողովրդական կուսակցության ղեկավարը նետել է. «Կարապետյանը ձվեր չունի, ավելի շուտ՝ այդ քանակի: Դա ընդամենը բարեգործություն է եղել»: Հետո Կարապետիչը մի լավ «քլնգել» է իշխանություններին՝ ի դեմս կոալիցիոն կուսակցությունների, բայց որ իր ընդդիմախոսը շատ անհարմար վիճակի մեջ չընկնի՝ հավելել է. «Իմ ասածների հետ Ռաֆիկ Պետրոսյանը կապ չունի, ինքը Ձյունանուշիկ է»: