Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՏԱՌԱՊԵՔ ԶԱՎԱԿԱՊԱՇՏՈՒԹՅԱՄԲ

Հունիս 22,2010 00:00

Վատ երեխա չկա, կան վատ ծնողներ եւ վատ դասատուներ

Վերջին շրջանում աճել է անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը: Որն է պատճառը՝ անպատժելիությո՞ւնը, թե՞ հասարակության սխալ վերաբերմունքը:
Երեկ «Հայելի» ակումբում անչափահասների հանցագործություններին, դրդապատճառներին եւ հնարավոր լուծումներին անդրադարձան Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանն ու ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ Դավիթ Ամիրյանը:
Ըստ Ռ. Ազիզյանի՝ «Վատ երեխա չկա, կան վատ ծնողներ եւ վատ դասատուներ: Երեխան ճանապարհից շեղվում է միայն սխալ միջավայրի եւ հասարակության բացթողումների հետեւանքով: Այսօր արդեն սովորական է դարձել այն, որ անչափահաս երեխան կարող է հանցանք գործել: Երեխան դաստիարակվում եւ մեծանում է ընտանիքում: Այն, ինչ անում են ծնողները, վստահ եմ, որ արմատավորվում է նաեւ երեխաների մեջ: Հետո երեխան գալիս է դպրոց: Ու ինչպես տանը, այնպես էլ դպրոցում այն՝ ինչ անում են ուսուցիչները, այդպես դաստիարակվում է նաեւ երեխան: Իհարկե, վատն ավելի շուտ են ընդօրինակում, քան լավը»:
Լինելով դպրոցի տնօրեն  եւ շփվելով անչափահասների հետ՝ Ռ. Ազիզյանն առնչվել է անչափահասների հանցագործությունների հետ հենց դպրոցի տարածքում. «Երբ նոր էի մտել այդ դպրոց, մի տեսակ յուրահատուկ բնավորություն էր դարձել մեր թաղամասի երեխաների համար դպրոցների պատուհանները կոտրելը: Ես դա էլ եմ համարում հանցագործություն: Բայց Մալաթիա-Սեբաստիա համայնքի անչափահասների տեսչության աշխատակիցների հետ մենք բավականին լուրջ աշխատանք տարանք, եւ այդ արմատավորված բնավորությունն այսօր արդեն չկա: Այլեւս չեն կոտրվում մեր պատուհանները»,-ասաց տիկին Ազիզյանը:
Թե ինչ աշխատանքներ են տարվել այդ երեխաների հետ եւ արդյո՞ք դաստիարակվել են նրանք, դա հարցի մի կողմն է, բայց կա մեկ այլ առավել կարեւոր հիմնախնդիր, կարծում է Դ. Ամիրյանը: Ըստ նրա՝  հանցագործության բացահայտումից առավել կարեւոր է հանցագործության բերած պատճառների բացահայտումը՝ «ոչ մեկը չունի այդ ապակին կոտրելու կամ այդ ձայնից հաճույք ստանալու ցանկություն: Ըստ էության, երբ երեխան քարով խփում, դպրոցի ապակին կոտրում է՝ դրանով  իր ընդվզումն է հայտնում դպրոցին»:
Դ. Ամիրյանը հավելում է, որ անչափահասության տարիքը շատ նուրբ ու վտանգավոր տարիք է. անչափահասը հեշտությամբ ազդեցության տակ է ընկնում, եւ միջավայրի անտարբերությունը կարող է պարզապես սխալ դաստիարակության պատճառ դառնալ, որում, ինչպես նկատում է պարոն Ամիրյանը՝ ոչ պակաս դերակատարություն ունի նաեւ երկրի բարոյաիրավական մթնոլորտը:
Դ. Ամիրյանը գտնում է, որ երեխան պետք է հնարավորություն ունենա տեսնելու, համեմատելու, հասկանալու եւ տարանջատելու ճիշտը սխալից: «Երեխայի դաստիարակության առաջին օղակն ընտանիքն է, եւ դրա համար հստակ մշակված քաղաքականություն է պետք, որը միաժամանակ չպետք է վերածվի մանիպուլյացիայի: Ծնողը սիրելուց առաջ պետք է նախ հարգի իր զավակին, միեւնույն ժամանակ՝ չտառապելով զավակապաշտությամբ»,- նշեց Դ. Ամիրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել