Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնացու ֆոտոխցիկը ֆիքսել է հայերի աղոթքը

Հունիս 22,2010 00:00

Հայատո Իմանիշիին Հայաստանը դուր է եկել

Ճապոնացի լուսանկարիչ Հայատո Իմանիշիի շուրջերկրյա ճանապարհորդության հերթական կանգառը Հայաստանում էր: Աշխարհում ամենագեղեցիկ ու երջանիկ պատկերները ֆիքսելու նպատակով է 29-ամյա Հայատոն սկսել ճամփորդել: Հայաստան ժամանած լուսանկարիչը «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ թեեւ ի սկզբանե որոշել էր աշխարհի հմայիչ ժպիտներն ու գեղեցկությունը լուսանկարել, բայց Հայաստանում եւ Արցախում նրան այլ պատկերներ են գրավել. «Ես ոչ մի այլ երկրում այսքան եկեղեցի չտեսա, որքան կա Հայաստանում ու Արցախում, ինձ համար արտասովոր ու միաժամանակ հետաքրքիր էր, թե ինչպես են եկեղեցում հայերը ծնկաչոք աղոթում: Ճապոնիայում նման բան գրեթե չեք տեսնի, հայ ժողովրդի հավատն առ Աստված այնքա՜ն մեծ է, հայերն այնքա՜ն ոգեշնչված են աղոթում, բազմաթիվ պահեր եմ ֆիքսել»: Լուսանկարչին դուր են եկել նաեւ հայկական եկեղեցիները. «Դրանք ինքնատիպ ճարտարապետություն եւ ակուստիկա ունեն, ներս մտնելուն պես՝ մարդ ուզում է աղոթել…»: Հայատոյի համար Հայաստանը մշակութային երկիր է. «Հասցրել եմ լինել մի շարք թանգարաններում: Հիացած եմ հայ արվեստագետների աշխատանքներով»: Ճապոնացի երիտասարդը խոստովանում է, որ արդեն հասցրել է կարոտել հայրենիքը, բայց Հայաստանում էլ իրեն շատ լավ է զգում. «Ձեր երկիրը նմանեցնում եմ Ճապոնիային, Արարատ լեռան նման մի լեռ էլ մենք ունենք՝ Ֆուձիյաման: Այնքան տպավորված եմ, ընկերներիս հեռախոսով պատմում եմ Հայաստանի մասին: Նրանք սկսել են կատակել՝ ինձ արդեն ոչ թե Հայատո, այլ՝ Հայաստան են անվանում: Ի դեպ, ինձ դուր է գալիս նոր «անունս»:
Լուսանկարչից հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է Հայաստանում առավել շատ տպավորել: «Հայկական լավաշը շատ համով է: Այն ավելի շատ սիրեցի, երբ տեսա, թե ինչպես են պատրաստում»,- նշեց նա: Հայատոյին նաեւ հարցրինք՝ ինչպե՞ս է հոգում ճանապարհորդության ծախսերը: «Տարիներ առաջ օր ու գիշեր աշխատում էի՝ առանց հանգստյան օրերի ու գումար էի տնտեսում՝ մտքումս ունենալով ճանապարհորդության ծրագիրը, հիմա էլ ուղեւորության եմ մեկնում ամենաէժան ավտոբուսներով ու ամենաէժան հյուրանոցներն եմ ընտրում»,- պատասխանեց զրուցակիցս: Հայատոն իր կարճատեւ այցելության ընթացքում հասցրել է նաեւ ծանոթանալ Հայաստանի պատմությանը: «Շատ տխրեցի, երբ իմացա Հայոց ցեղասպանության մասին, բայց պատմությունից պետք է դասեր քաղել, սովորել՝ հաշվի առնելով, որ չար մարդիկ չեն ծնվում, նրանց իրավիճակն ու քաղաքականությունն է ստիպում չար արարքներ անել»,- ասաց նա: Հայատո Իմանիշիի շրջագայության հաջորդ կանգառը Իրանն է, որից հետո նա կայցելի Թուրքիա եւ եվրոպական մի քանի երկիր: Շրջագայության ընթացքում լուսանկարիչը կազմակերպում է նաեւ լուսանկարների ցուցադրություն, հանդիպումներ երիտասարդ գործընկերների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել