Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏԱՄՆԱՑ ՄՏԱԾԵԼԱԿԵ՞ՐՊ, ԹԵ՞ ՆԱՀԱՊԵՏԱԿԱՆ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ

Հունիս 22,2010 00:00

Նահապետական ընտանիքի հայկական մոդելը փոփոխության կարիք ունի

Հայերը՝ հատկապես գյուղերում, նահապետական ընտանիք հասկացությունը սխալ են ընկալում: Ոմանց պատկերացմամբ՝ նահապետական համարվում է այն ընտանիքը, որտեղ կինը բառի բուն իմաստով օր ու արեւ չի տեսնում, ամբողջ օրը անցկացնում է գազօջախի առջեւ, զբաղվում ծանր գործերով, ժամանակ առ ժամանակ «ճաշակում» իր համար նախատեսված ծեծը, հնազանդվում ոչ միայն ամուսնուն, այլեւ՝ նրա ընտանիքի ամբողջ անդամներին, բարեկամներին: Այսպիսի հայկական «նահապետական» ընտանիքներում կանայք ձայնազուրկ են, զրկված բոլոր տեսակ իրավունքներից, եւ եթե ընտանիքում կա աղջիկ երեխա, ապա նրան էլ մանկուց դաստիարակում են հայկական «նահապետական» սովորույթների համաձայն, որովհետեւ, ի վերջո, նրան, առնվազն 16 տարին լրանալուն պես, ամուսնացնելու են, հետեւաբար աղջիկը պետք է մոր պես «կոփվի»՝ հիմնականում հորական տատի եւ պապի շնորհիվ:
Իրականում նահապետական ընտանիքը, դա պատմականորեն առաջին մոնոգամ (զույգ) ընտանիքն է, որի գլուխը տղամարդն է: Ընտանիքի այս ձեւն առաջ է եկել մեր թվարկությունից առաջ 1-ին հազարամյակի կեսերին: Նահապետականի դեպքում տնտեսության, հասարակության մեջ եւ ընտանիքում գլխավոր դերը տղամարդուն է պատկանում:
«Շատերի կարծիքով նահապետական ընտանիք կոչվածը՝ կանանց նկատմամբ կիրառվող դաժանություններն են: Հիմնականում այսպես մտածողներին ինչքան էլ փորձես հակառակն ապացուցել, միեւնույն է՝ իրենց կարծիքը չեն փոխի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց հոգեբան Շահեն Կարապետյանը: Ըստ նրա՝ հայ տղամարդկանց մեծամասնությունը գտնում է, որ ընտանիքում բոլոր կարեւոր դիրքերը պետք է զբաղեցնեն միայն իրենք, որոշումները եւս պետք է կայացնեն իրենք, ու եթե հանկարծ ընտանիքում տղա զավակ չի ծնվում, կինն ամբողջ կյանքում հալածվում է:
«Հայերի հետամնաց մտածելակերպը, որ ընտանիքում պետք է անպայման արու զավակ լինի՝ ուրիշ երկրներում ծիծաղելու առիթ է տալիս: Միայն հայերը կարող են կնոջը ծննդաբերելուց հետո այցի չգնալ, թողնել ծննդատանը, որովհետեւ աղջիկ է ծնվել: Երեխայի սեռի համար պայքարելու սովորույթը հայերիս մոտ երբեք չի վերանա: Բայց ինչ տարբերություն՝ աղջի՞կ է, թե՞ տղա, չէ՞ որ ամենակարեւորը առողջ եւ պիտանի զավակ լինելն է: Ու հիմնականում արու զավակ ունենալու համար պայքարողները տարիներ անց անիծում են իրենց բախտը, ու գիտե՞ք ինչու, որովհետեւ որդին խաղամոլ, թմրամոլ է դարձել, տուն ու տեղ ծախել եւ իր համար խելագարվող հորը փողոցներն է գցել…»,- պարտադիր արու զավակ տենչողների մասին ասաց Շ. Կարապետյանը, հավելելով, որ այս տիպի մարդկանց տղա ունենալու ցանկությունը հիմնականում սահմանափակվում է իրենց հոր անունը երեխային տալով:
«Նահապետական ընտանիքի սովորույթները պահպանողների որոշ մասի մոտ խորը հիասթափություն է լինում այն ժամանակ, երբ զավակները մեծանում են ու խախտում ներընտանեկան կանոնադրությունը, օրինակ՝ Ռուսաստան գնալով, ռուս կնոջ հետ կապվելով, նրանից երեխա ունենալով եւ այլն: Այսօր մեր երիտասարդները նահապետական ընտանիք ասվածին լուրջ չեն վերաբերվում ու շատ էլ ճիշտ են անում: Այն ծառը, որը սխալ տեղում է աճել, պետք է արմատախիլ անել, ոչ թե ջրել եւ էլ ավելի մեծացնել: Այժմ երիտասարդները գիտակցում են, որ կանայք ստրուկ չեն եւ ունեն հավասար իրավունքներ: Այս ամենը գիտակցելով՝ մեր երիտասարդ ընտանիքներում ավելի առողջ մթնոլորտ է տիրում»,- հավաստիացնում է Շ. Կարապետյանը:
Հիմնվելով կոնկրետ փաստերի վրա՝ նշեմ, որ մինչեւ 18-րդ դարը Ռուսաստանում ընտանիք բառը չէր օգտագործվում: Բարձր խավի մեջ կար տան, իսկ գյուղացիության մեջ՝ բակի գաղափարը: Իր ժամանակին նահապետական ընտանիքը կատարել է դրական դեր՝ հասարակությունը դարձնելով ավելի կազմակերպված. դաստիարակում էր երեխաներին եւ խնամում ծերերին: Պետք է նկատել, որ այդ ժամանակներում բազմակնություն չկար: Տնտեսական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ՝ նահապետական ընտանիքը աստիճանաբար սկսեց քայքայվել: Որպես անցման էտապ՝ առաջ եկավ, այսպես կոչված, չբաժանված ընտանիք երեւույթը: Սա արդեն կազմված էր ոչ թե երեք եւ ավելի, այլ միայն երկու սերունդներից՝ ծնողներ եւ երեխաներ: Իրենց սեփական բջիջը ստեղծելու պարագայում երեխան ձգտում էր առանձնանալ: Ներկայումս, որպես տնտեսական միավոր, ընտանիքը կորցրել է իր նշանակությունը: Ձեռք բերելով նյութական անկախություն, բազմաթիվ կանայք կարող են ինքնուրույն կերակրել եւ դաստիարակել իրենց երեխաներին: Այդ պատճառով էլ օրինական ամուսնանալու մեծ ցանկություն շատերը չունեն:
Օրինակ, Արեւմտյան Եվրոպայում ընտանիքների մեկ քառորդը կազմված է չամուսնացած կնոջից եւ երեխայից: Ավելի հաճախ քաղաքացիական ամուսնությունն է կիրառվում:
Սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ այս վիճակից տուժում են: Օրինակ, ֆրանսիացիների 20%-ը կուզենար վերադառնալ նահապետական ընտանիքին եւ իր կողքին տեսնել տնտեսապես կախում ունեցող կնոջը: Ռուսաստանում այս միտումն ավելի ուժեղ է: Հայաստանում՝ առավել եւս:
Մեր զրուցակցի կարծիքով՝ «հայերը սովոր են, երբ կինն ամբողջովին կախված է ամուսնուց. նույնիսկ գնումներ կատարելու հարցում: Շատ ընտանիքներում ամուսինը վերահսկում է կնոջ ծախսած ամեն լուման: Քիչ չեն նաեւ այն ընտանիքները, որտեղ բոլոր գնումները հենց տղամարդն է կատարում, այսինքն՝ անգամ այս հարցում կինն իրավունքներ չունի: Պետք է նշեմ եւս մի ավանդական կոչված անհեթեթ սովորույթի մասին. դա ամբողջ կյանքում մեկ հարկի տակ ամուսնու ընտանիքի անդամների հետ ապրելն է: Ու հիմնականում կապ չունի, թե, օրինակ, 2 սենյականոց բնակարանում քանի հոգի է ապրում, միեւնույն է՝ ավանդապահ մարդիկ տղային ամուսնացնելիս պարտադիր պահում են իրենց տանը, թույլ չտալով առանձնանալ: Ծիծաղելի է, բայց փաստ, որոշ ընտանիքներում սկեսրոջ կողմից նույնիսկ վերահսկվում է տղայի ու հարսի սեռական կյանքը: Իմ կարծիքով, սա աբսուրդ է, որի վրա աչք փակելն էլ հանցագործություն է. սա է մեր նահապետական ընտանիք կոչվածը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել