Լրահոս
Օրվա լրահոսը

Մերձֆուտբոլային կրքեր՝ ՀԱՀ-ում

Հունիս 22,2010 00:00

Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում հետաքրքիր իրադարձություններ են կատարվում ոչ միայն խաղադաշտերում: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լուսաբանող զանգվածային լրատվամիջոցները հեղեղված են դրանց մասին ամենատարբեր տեղեկություններով:

Լրտեսական կրքեր
Աշխարհի առաջնությանը մասնակցող հավաքականներից շատերն օգտվում են տեղի անվտանգության աշխատակիցների լրացուցիչ ծառայություններից: Վերջիններս պարբերաբար ստուգում են մարզիչների եւ ֆուտբոլիստների հյուրանոցային համարները: Այդ թիմերի ղեկավարները վախենում են, որ մրցակիցները կարող են մինի տեսախցիկներ եւ լսող սարքեր տեղադրած լինել իրենց սենյակներում եւ հերթական խաղի նախապատրաստության եւ պլանների մասին գաղտնի տեղեկություններ ունենալ: Նման կասկածների հիմք դարձել է մարտ ամսվա այն միջադեպը, երբ Լոնդոնի հյուրանոցներից մեկում գաղտնալսվել էր Անգլիայի հավաքականը, որից մի որոշ ժամանակ անց ֆուտբոլիստների հետ Ֆաբիո Կապելլոյի զրույցների ձայնագրությունը տրամադրվել էր բրիտանական ԶԼՄ-ներին:
ITV-ն հեռացրել է իր մեկնաբան Ռոբի Էրլին
Պարզվել է, որ Ջամայկայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը չարաշահել է մեկնաբանի իր կարգավիճակը եւ Հոլանդիա-Դանիա հանդիպման 40 տոմս պատվիրելով՝ դրանք բաժանել է հոլանդացիների երկրպագու ինչ-որ մոդելների: «The Sun» հանդեսը տեղեկացնում է, որ ITV հեռուստաընկերությունն իր մեկնաբաններին անվճար տոմսեր է տրամադրում՝ հարազատներին տալու համար, բայց պայմանով, որ դրանք երրորդ անձանց ձեռքում չհայտնվեն:
Նույն հանդեսը գրում է նաեւ, որ դրանք այն գեղեցկուհիներն են եղել, որոնց ոստիկանությունը խաղից հետո ձերբակալել է այն բանի համար, որ ստադիոն եկել են հանրահայտ «Bavaria» գարեջրի գործարանի արտադրած նարնջագույն կարճ կիսազգեստներով: Իսկ «Bavaria»-ն աշխարհի առաջնության հովանավոր չէ: Մոդելները կասկածվում են «Bavaria»-ի համար աշխատելու եւ աշխարհի առաջնությունում այդ գարեջուրն անօրինական գովազդելու մեջ:

Պանրի գողը
Արգենտինայի երկրպագուներից մեկը դատապարտվել եւ ՀԱՀ-ից արտաքսվել է սուպերմարկետից գողություն կատարելու փորձի համար: Էռնեստո Սոլդատիին ոստիկանությունը կանգնեցրել է խանութից դուրս գալիս եւ գրպանում հայտնաբերել «Gouada» արտադրության պանրի կտոր:

Անմեղ զոհը
Տանը աշխարհի առաջնության խաղերին հետեւող մալայզիացի 17-ամյա ֆուտբոլասեր Մոհամադ Ռիզալը, որ Սերբիայի հավաքականի մոլի երկրպագու է, Գանայից բաց թողած գոլի պատճառով այնքան է զայրացել ու ոտքով ուժգին հարվածել գնդակին, որ վերջինը կոտրել է պատուհանը եւ ապակու մի մեծ կտոր ընկել է այդ պահին պատուհանի տակ հանգիստ նստած 43-ամյա հոր գլխին:
Անմեղ «զոհին» ականջի կտրվածքով տեղափոխել են հիվանդանոց:

Կինը երեխաների հետ միասին սպանել է
ամուսնուն

61-ամյա Դեւիդ Մակոյեյեն տանը հանգիստ հետեւում էր Գերմանիա-Ավստրալիա խաղին: Այն բանից հետո, երբ նա կտրականապես մերժեց կնոջ՝ հեռուստաալիքը փոխելու պահանջը (այդ ժամանակ կրոնական ինչ-որ հաղորդում պետք է սկսվեր), վերջինս որդու եւ դստեր հետ հարձակվել է ամուսնու վրա եւ գլուխը մի քանի անգամ պատին հարվածելով սպանել:

Հավանաբար՝
փող չուներ

Սերբ ֆուտբոլասեր Զորան Զիվիլեկը իր հավաքականի հանդիպմանը ներկա լինելու համար հեծանվով երկու օրում կտրել-անցել է Քեյփթաունից Պորտ Էլիզաբեթ ընկած 756 կմ տարածությունը: Ավտոբուսով դրա համար կպահանջվեր 12 ժամ, մեքենայով՝ 8, իսկ օդանավով՝ 1,5 ժամ:

Քինախնդիր
իռլանդացիները

Իռլանդիայի պիցերիաներից մեկում Ֆրանսիայի հավաքականի դարպասը խփած ամեն մի գոլի համար այցելուներին անվճար պիցցա են բաժանում: Այս ակցիայի նշանաբանը հետեւյալն է. «Հիշո՞ւմ եք Անրիի ձեռքով խաղը: Եթե այո, ուրեմն Ֆրանսիայի դարպասի յուրաքանչյուր գրավման դիմաց մենք ձեզ պիցցա ենք նվիրում»:
Հիշեցնենք, որ անցումային հանդիպումների ժամանակ Իռլանդիայի հետ խաղում Անրին ձեռքով խաղաց, որից հետո ֆրանսիացիների գրոհը գոլով ավարտվեց, ինչն էլ ճակատագրական եղավ Իռլանդիայի հավաքականի համար: Պիցերիայի տերերն արդեն մի քանի հարյուր պիցցա են բաժանել:

Միասին ֆուտբոլ նայելու համար՝ 100 եվրո
Պեկինում բնակվող մի աղջիկ օրը 100 եվրո է խոստացել այն տղամարդուն, ով կհամաձայնի իր տանը միասին դիտել աշխարհի առաջնության խաղերը: Սակայն նա դրա համար որոշակի պահանջներ է դրել: Խոստովանելով, որ ինքը ֆուտբոլ շատ է սիրում, բայց խաղից ոչինչ չի հասկանում, նա առաջադրել է հետեւյալ պայմանները: Այդ տղամարդը պետք է «սպորտային» լինի եւ ֆուտբոլ լավ իմանա: Նա պետք է լինի 20-ից 40 տարեկան: Պետք է դիտի միայն իր նախընտրած խաղերը եւ հաշվի առնի իր երկրպագուական կրքերը: Թեկնածուն պետք է բարեհամբույր լինի, ուտելիք պատրաստել իմանա եւ օրվա ընթացքում առնվազն երկու անգամ լողանա:
Տոմս վերավաճառողին՝ 3 տարի
ՀԱՀ-ում ձերբակալվել է Նիգերիայի մի քաղաքացի, որի մոտ 30 տոմս է եղել: Նա բացատրություն չի տվել, թե բազմահազար ֆուտբոլասերների համար բաղձալի այդ տոմսերը ի՞նչ ճանապարհով են հայտնվել իր ձեռքում: Տոմսերի վերավաճառողին դատել են տեղում՝ արագացված ընթացակարգով եւ դատապարտել երեք տարվա ազատազրկման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել