Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱՌԱՋԱՏԱՐԸ

Հունիս 22,2010 00:00

Մրցաշրջան-2010-ը հայկական ֆուտբոլում դեռ չի հատել հասարակածը, բայց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում երրորդ միանձնյա առաջատարն է հայտնվել:
12-րդ տուրը միմյանց «բախեց» հավասար միավորներով մրցաշարային աղյուսակը գլխավորող «Փյունիկին» ու «Բանանցին»: Այս խաղում թիմերից յուրաքանչյուրի թե հաղթանակը, թե պարտությունը կրկնակի արժեք ուներ, ուստի թիմերը տրամադրվել էին լուրջ պայքարի: Վերջին շրջանում վերելքով հանդես եկող «Բանանցում» տեղի ունեցած որակական փոփոխություններն ակնհայտ էին, սակայն, որպես օրենք, այս թիմը մշտապես բարդույթավորված էր հանդես գալիս չեմպիոնի հետ խաղերում, ինչը, անկասկած, կարող էր խանգարել նաեւ այս անգամ: Սակայն Կուզմանովսկու սաները արեցին ամեն հնարավորը, անգամ ավելին՝ անչափ կարեւոր այս խաղում պարտության մատնելով «Փյունիկին»: Հարկ է նշել, որ հաղթանակը «Բանանցին» տրվեց կամային բարձր հատկանիշների դրսեւորման արդյունքում: Նախ, Միհրան Մանասյանի խփած գոլից հետո Կուզմանոսկու սաները հայտնվեցին հաշվի մեջ հետապնդողի դերում, բայց կարողացան այնուհետեւ 3 գնդակ ուղարկել չեմպիոնի դարպասը: Բայց սա դեռ ամենը չէր: 3:2 հաշվի ժամանակ՝ խաղավարտից 15 րոպե առաջ, հեռացվեց «Բանանցի» ֆուտբոլիստ Վալտեր Պողոսյանը, իսկ տեխնիկական գոտուց՝ Ստեւիցա Կուզմանովսկին: Եվս  ութ րոպե անց դաշտը լքեց նաեւ  Էդուարդ Կակոսյանը: Ինը հոգով մնացած «Բանանցը» արժանի դիմադրություն ցուցադրեց թե լիարժեք կազմով մրցակցին ու թե Վահան Մինասյանի գխավորած մրցավարական բրիգադին, որն անհասկանալի տուգանայիններ էր նշանակում ի վնաս «Բանանցի», իսկ, որ ամենահետաքրքիրն է, խաղին ավելացրեց ոչ ավել-ոչ պակաս՝ վեց րոպե ժամանակ: Բայց նույնիսկ այդ վեց րոպեները չփրկեցին «Փյունիկին»՝ մրցաշրջանում երկրորդ անընդմեջ պարտությունից ու դրան անխուսափելիորեն հետեւած երկրորդ հորիզոնականում հայտնվելուց:
«Բանանցն» առաջատար է, պայքարն էլ նոր-նոր է թեժանում: 
Տուրի մյուս խաղերում «Կիլիկիան» 1:3 հաշվով զիջեց երրորդ հորիզոնականում ընթացող «Ուլիսին», «Շիրակը» նվազագույն հաշվով պարտվեց «Իմպուլսին», իսկ «Միկան» Կապանում ոչ-ոքի՝ 1:1 ավարտեց հանդիպումը «Գանձասարի» հետ: «Բազմակողմանի» փոփոխությունների ենթարկված «Միկան», չնայած նախավերջին տուրում տոնած խոշոր հաշվով հաղթանակին՝ «Շիրակի» նկատմամբ, այնուամենայնիվ, դեռ չի գտել իր խաղը: Ու դրա պատճառները միայն մարտունակ թիմ ունենալ-չունենալում չեն թաքնված, այլ՝ հմուտ ղեկավարման գործում: Բոլորին է հայտնի, որ «Գանձասարի» հետ խաղալիս երեւանյան թիմերը նախընտրում են Կապան մեկնել նախօրեին՝ խուսափելով երկար ու հոգնեցուցիչ ճանապարհից հետո դաշտ դուրս գալուց: Իհարկե, դա իր հետ բերում է որոշակի լրացուցիչ ծախսեր, սակայն «Միկայի» պես ակումբի համար դա եղանակ չպիտի ստեղծի: Սակայն փաստ է, որ կապանյան վերջին երկու հանդիպումներին թիմը մեկնում է հենց խաղի օրը: Զուգադիպությո՞ւն է, թե՞ օրինաչափ հետեւանք՝ ինքներդ դատեք: Սակայն երկու դեպքում էլ «Միկան» միավորներ է կորցրել՝ պարտվելով 1:3 հաշվով, իսկ այս անգամ՝ ոչ-ոքի անելով: Անվերջ փոփոխությունների ձգտող «Միկայի» ղեկավարությանը, թերեւս, իրատեսական մոտեցումներ են պակասում թիմին չեմպիոնության համար պայքարող դեմքը վերադարձնելու համար: Իսկ առջեւում 13-րդ տուրն է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել