Լրահոս
Օրվա լրահոսը

Պոկրովսկու բեմադրությունները՝ Երեւանում

Հունիս 22,2010 00:00

Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակներում, ինչպես նաեւ Հայաստանի թատերական գործիչների միության հրավերով Երեւանում է Բորիս Պոկրովսկու անվան Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնը: Երեկ կայացած ասուլիսի ընթացքում հյուրերը խոսեցին հունիսի 21, 22 եւ 24-ին կայանալիք ներկայացումներից: Հայ թատերասեր հանրությանը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կներկայացվեն Մոցարտի «Դոն Ժուան» կամ «Պատժված սրտակերը» եւ «Կախարդական սրինգ» ներկայացումները:
Երեւանում հանդես կգա լավագույն (ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Մոչալով, ՌԴ վաստակավոր արտիստներ Վիկտոր Բորովկով, Մարիա Լեմեշեւա, Գերման Յունավսկի, Յուլիա Մոիսեեւա, Սերգեյ Օստրոումով եւ այլք) դերասանական կազմը:
«Արդեն մեկ տարի է, ինչ մեր կողքին չէ Բորիս Ալեքսանդրովիչը …Թատրոնի համար այս տարին բեկումնային էր»,- պատմում է գեղարվեստական ղեկավար Միխայիլ Կիսլյարովը ու հավելում, որ կրկին վերսկսվել են թատրոնի շրջագայություններն ու հյուրախաղերը, իսկ գլխավոր դիրիժոր Վլադիմիր Ագրոնսկին խոսեց ներկայացումների վերականգնման մասին: Ի դեպ, Երեւանում ցուցադրվելիք երկու ներկայացումներն էլ բեմադրել է աշխարհահռչակ օպերային ռեժիսոր Բ. Պոկրովսկին:
«Առավոտի» հարցին, թե՝ տեղյակ ենք, որ իրենց թատրոնում գործում է ստուդիա, արդո՞ք դերասանները «քչություն են անում», Վ. Ագրոնսկին պատասխանեց. «Նոր չէ, որ թատրոնին կից գործում է ստուդիա… Սաները, կարելի է ասել, հենց «փողոցից» են, որովհետեւ մեզ մոտ ուսուցումն անվճար է: Ուրախ ենք, որ նրանցից շատերը խորանում են երաժշտական բնագավառում: Ստուդիայի սաները ընդգրկված են թատրոնի ներկայացումներում, ինչի համար վարձատրվում են»: Ժողովրդական արտիստ Ալեքսեյ Մոչալովը, ով արդեն 30 տարի մարմնավորում է Դոն Ժուանի կերպարը, հիշեց, որ ժամանակին այս կերպարը մարմնավորելու համար ստիպված է եղել մանդոլին նվագել սովորել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել