Լրահոս
Օրվա լրահոսը

Տրեգերը դարձյալ Երեւանում է

Հունիս 22,2010 00:00

Անվանի դիրիժորը գոհ է, որ վերջապես  արժանավոր երաժիշտները արժանի ռոյալ կունենան

\"\"
Տրեգերը Ս. Նավասարդյանի եւ Ա. Մ. Մորադիի հետ:

«Առավոտը» ժամանակին ներկայացրել է հայտնի ջութակահար եւ դիրիժոր, Los Angeles Philharmonic-ի կոնցերտմայստեր ու American Youth Symphony նվագախմբի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Տրեգերին (ԱՄՆ): Սկսած 2003թ., հաճախակի են դարձել երաժշտի հյուրախաղերը Երեւանում: Այս առիթով մաեստրոն «Առավոտին» ասաց, որ Չայկովսկու անվան կոնսերվատորիայում ուսանելու տարիներին ջերմ հարաբերություններ է ունեցել հայ անվանի երաժիշտների, այդ թվում՝ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի եւ ջութակահար Էդուարդ Թադեւոսյանի հետ: Ըստ մեր զրուցակցի՝ այսօր արդեն հարազատ են դարձել Հայաստանի ֆիլհարմոնիկ եւ «Սերենադ» նվագախմբերի երաժիշտներն ու դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Կեսկատակ-կեսլուրջ էլ հավելեց, թե հնարավորության դեպքում ամիսներով կապրեր ու կստեղծագործեր Երեւանում:
Այս այցի ընթացքում Ա. Տրեգերը հունիսի 18-ին Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ առաջին անգամ հանդես եկավ Երեւանի կոնսերվատորիայի իրանցի ուսանող, դաշնակահար Ամիր Մահյաբ Մորադիի հետ, իսկ երեկ «Սերենադ» կամերային նվագախումբը ղեկավարելիս՝ ճանաչված դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի հետ: Դիրիժորին խնդրեցինք կարծիք հայտնել կոնսերվատորիայի ուսանողի եւ, ինչու չէ, աշխարհահռչակ Սվետլանա Նավասարդյանի մասին:
Հիշելով Մոսկվայում ուսանելու տարիները՝ Ա. Տրեգերն ասաց, որ հայ դաշնակահարուհու արվեստով դեռեւս 60-ականներին հիացած էր Մոսկվան… Հավելեց նաեւ. «Հանդես եմ եկել մեծանուն երաժիշտներ Ռադու Լուպուի, Եֆիմ Բրոնֆմանի, Անդրե Պրեվինի, Բերնարդ Գրինհաուսի եւ մյուսների հետ, սակայն առաջին անգամ էի համագործակցում Նավասարդյանի հետ: Հենց առաջին փորձից դաշնակահարուհուն կդասեի համաշխարհային մեծությունների շարքում: Վիրտուոզ տեխնիկա, աննկարագրելի երաժշտականություն… Այս պահին խոսքեր չեմ գտնում նրա նվագը մեկնաբանելու համար: Սակայն պետք է նշեմ, որ Երեւանի գլխավոր համերգասրահի «գլխավոր ռոյալը» այն գործիքը չէ, որով Նավասարդյանն ու նրա նման տաղանդավոր երաժիշտները ներկայանան հանդիսատեսին: Թեեւ օրերս տեղեկացա, որ ձեր կառավարությունը գումար է հատկացրել՝ «Խաչատրյան» համերգասրահի համար «Սթենվեյ» ռոյալ ձեռք բերելու համար: Ամիրի մասին էլ նշեմ, որ առաջին իսկ փորձից երեւաց՝ շնորհալի երաժիշտ է: Գիտեմ, որ նա 2007թ. մասնակցելով Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին, արժանացել է հատուկ մրցանակի: Իհարկե, իմանալով, որ ի դեմս Սվետլանա Նավասարդյանի ձեր կոնսերվատորիայում դասավանդում են հիանալի պրոֆեսորներ եւ դաշնամուրային ամբիոնը ամուր ձեռքերում է, այդուհանդերձ, հաճելիորեն զարմացա, որ երիտասարդ երաժշտի դասախոսը՝ Գեորգի Սարաջյանը, դարձյալ երիտասարդ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել