Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՐԵՎԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ

Հունիս 22,2010 00:00

Հուշարձանների ոլորտի լավագույն ներկայացուցիչներից Արտյոմ Գրիգորյանը այլեւս չի աշխատի նույն բակում ապրող շեֆի ենթակայությամբ:

ՀՀ պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արտյոմ Գրիգորյանը հրաժարական է տվել: Ուրբաթ օրը մշակույթի նախարարը մակագրել է նրա դիմումը: Դրանից առաջ Ա. Գրիգորյանը եւս մեկ դիմում էր ներկայացրել, որը Հասմիկ Պողոսյանը ձգձգում էր մակագրել: Ա. Գրիգորյանի հեռախոսը արդեն քանի օր է՝ հասկանալի պատճառներով «անհասանելի» է: Նախարարությունից հաստատեցին, որ նա դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից եւ չմեկնաբանեցին՝ ինչու:
Առաջին հայացքից զարմանալի ոչինչ չկա այս պատմության մեջ: Բայց դա միայն առաջին հայացքից:
Ա. Գրիգորյանը, որը ՀՊՃՀ պրոֆեսոր է, հուշարձանների ոլորտում աշխատել է երկար տարիներ եւ բազմաթիվ նախարարների օրոք՝ սկսած Ռոլանդ Շառոյանից, վերջացրած Հասմիկ Պողոսյանով: Նա գործի գիտակ է ու ամենատեղեկացվածներից մեկը: Ի դեպ, ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանն ու Մշակութային ժառանգության վարչության պետ Արմենակ Սարգսյանը նրա ուսանողներն են եղել:
Ըստ «Առավոտի» աղբյուրի, մինչ Ա. Գրիգորյանի հրաժարականը՝ լուրջ տարաձայնություններ են եղել նախարարի եւ հուշարձանների պահպանության գործակալության արդեն նախկին պետի միջեւ, իսկ թռուցկաժողովներից մեկի ժամանակ Հ. Պողոսյանը նույնիսկ բղավել է նրա վրա: Բանն այն է, որ նախարարի խորհրդական Արեգ Հայրապետյանի գլխավորած հատուկ հանձնաժողովը վերցրել էր հուշարձանների վերականգնման լիազոր մարմնի բոլոր իրավունքները, դրանցից զրկելով Ա. Գրիգորյանի գործակալությանը, քանի որ հուշարձան վերականգնելը, ինչ խոսք, «փողոտ» գործ է: Հետագայում, բոլորը գիտեն, թե ինչ եղավ Ա. Հայրապետյանի հետ. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, ուսումնասիրելով «Ինօրիենթ» ՍՊ ընկերության վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատից ստացված նյութերը, հարուցեց քրեական գործ՝ ՀՀ մշակույթի նախարարի նախկին խորհրդական, նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական եւ վերահսկողության վարչության պետ Արեգ Հայրապետյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ վերջինս մշակույթի նախարարի 2007թ. մայիսի 8-ի թիվ 233-Ա հրամանի հիման վրա, հանդիսանալով առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինական, վարչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական, անձնական այլ շահագրգռությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել էր հակառակ ծառայության շահերին: Ա. Հայրապետյանը կազմակերպել էր նախարարության եւ 2004թ. հունիսի 2-ին իր հիմնադրած «Ինօրիենթ» ՍՊ ընկերության միջեւ 2007թ. մայիսի 11-ի իրավական ակտերի մշակման ծառայությունների գնման պայմանագրի կնքումը որպես նախարարության պայմանագրերի կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամ, ստորագրել էր փաստացի չկատարված աշխատանքների տեխնիկական բնութագրերի համապատասխանության վերաբերյալ կեղծ եզրակացությունները, աշխատանքների հանձնման-ընդունման կեղծ արձանագրություններ: Արդյունքում, ըստ պաշտոնական աղբյուրի, Արեգ Հայրապետյանը հափշտակել էր 19 010 000 դրամ գումար: Հետագայում նա կալանավորվեց, ապա կրկին ազատ արձակվեց եւ կրկին հարազատ նախարարությունում է աշխատում: Ըստ «Առավոտի» տեղեկությունների, նախարարը պնդել է, որ հուշարձանների պահպանության գործակալությունը վերաստանձնի հուշարձանների վերականգնման լիազոր մարմնի գործառույթները, սակայն Արտյոմ Գրիգորյանը պահանջել է՝ ընդունում-հանձնում կատարելու պայմանով: Երբ նախարարին այդ միտքը դուր չի եկել, Գրիգորյանը գերադասել է հրաժեշտ տալ պաշտոնին, քան ուրիշի աշխատանքային «փնթիություններն» իր վրա վերցնել:
Ի դեպ, նախարար Պողոսյանն ու Արտյոմ Գրիգորյանը նույն բակում են ապրում: Միասին աշխատել չհաջողվեց, ո՞վ գիտի՝ գուցե լավ հարեւանությո՞ւն անեն:
Հավելենք, որ, ի պատասխան մեր տարակույսին, թե այդ ամենից հետո ինչպե՞ս է Արեգ Հայրապետյանը նույն նախարարությունում աշխատում, մշակույթի նախարարությունից ընդամենը այսպես պարզաբանեցին. «Արեգ Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը փոխարինվել է բնակության վայրից չհեռանալու ստորագրությամբ… Ի վերջո՝ անմեղության կանխավարկած կա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել