Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանում ընտրությունների երկրորդ փուլը կլինի հուլիսի 4-ին

Հունիս 22,2010 00:00

\"\"Կիրակի օրը Լեհաստանում տեղի են ունեցել նախագահական արտահերթ ընտրություններ, որի արդյունքում առաջադրված 10 թեկնածուներից եւ ոչ մեկին չի հաջողվել ստանալ ընտրողների քվեների կեսից ավելին: Քվեաթերթիկների 94 տոկոսի հաշվարկից հետո, նախնական արդյունքներով, ընտրությունների առաջին փուլում ամենաշատ ձայները ստացել է երկրի նախագահի պաշտոնակատար Բրոնիսլավ Կոմորովսկին (նկարում), ով ղեկավարում է «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը՝ հավաքելով 41,22 տոկոս ձայն: Ապրիլի 10-ին ավիավթարի արդյունքում զոհված նախագահ Լեհ Կաչինսկու եղբայրը՝ Յարոսլավ Կաչինսկին, ստացել է ընտրողների 34,74 տոկոսի քվեն: Հիշեցնենք, որ նա «Իրավունք եւ արդարություն» կուսակցության առաջնորդն է:
Հուլիսի 4-ին Լեհաստանում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, ընտրությունների երկրորդ փուլում մրցապայքարը ծավալվելու է հենց այս, նախկինում «Համերաշխություն» հակակոմունիստական շարժման ակտիվիստներ հանդիսացած երկու թեկնածուների միջեւ: Լեհական ԶԼՄ-ների գնահատմամբ, երկրորդ փուլում ոչինչ նախորոշված չէ: Հանդես գալով իր կողմնակիցների առջեւ, նախագահի թեկնածու Կոմորովսկին հայտարարել է, թե «կյանքում՝ ինչպես եւ ֆուտբոլում, լրացուցիչ ժամանակը կարող է ամենածանրը լինել: Եկեք չմոռանանք սրա մասին եւ մեր ուժերը կենտրոնացնենք հուլիսի 4-ին կայանալիք մեծ ֆինալի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել