Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ԲԱԽՇՅԱՆԻ

Հունիս 22,2010 00:00

Այս տարի ԳԹԿ-ն եւ ԿԳ նախարարությունը պետք է հասարակությանը ցույց տային իրենց անկախ գործունեության արդյունքը, նրանք պետք է քննադատեին միմյանց, ցույց տային միմյանց սխալները, որի արդյունքում կրթության որակը կբարձրանար։ Tert.am-ի փոխանցմամբ՝ երեկ լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն արեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով այս տարվա միասնական քննությունների ընթացքին եւ արդյունքներին։ Նրա խոսքով, անցած տարվանից ԿԳՆ-ն եւ ԳԹԿ-ն իրարից առանձնացան եւ, հետեւաբար, հասարակությունը պետք է տեսներ նրանց առանձին գործունեության արդյունքը, մինչդեռ կրթության եւ գիտության փոխնախարար «Մանուկ Մկրտչյանն իրեն պահեց որպես ԳԹԿ տնօրեն»։ Քննադատելով ԿԳ փոխնախարարի պահվածքը, միեւնույն ժամանակ, Անահիտ Բախշյանը նշեց, որ վերջինս անկաշառ մարդ է։ «ԳԹԿ-ն պետք է, այսպես ասած, հարձակումներ գործեր ԿԳ նախարարության վրա, պիտի ասեր՝ քո դասագրքերը, ծրագրերը, չափորոշիչները, ուսուցման մեթոդներդ, մանկավարժներդ բանի պետք չեն, պիտի ասեր՝ ԿԳՆ, ուշքի՜ արի, սա է քո տված արդյունքը, լավ չի այս արդյունքը, ես վերլուծել եմ՝ դու պետք է գտնես կրթությանդ որակը բարձրացնելու բանալիները։ ԿԳՆ-ն էլ պետք է ասեր ԳԹԿ-ին՝ տե՜ս, դու էլ թեստերդ լավ չես կազմել, թեստերի պահանջները չեն բխում պետական ծրագրերից եւ չափորոշիչներից»,- հայտարարեց Բախշյանը։
Պատասխանելով հարցին, թե կրթության որակի ցածր լինելու պատճառով ինքը կպահանջի՞ ԿԳ նախարարի հրաժարականը, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Կրթության եւ գիտության ներկայիս նախարարը վերջին շրջանի ԿԳ նախարարների մեջ իմ իմացած ամենասկզբունքայինն է։ Նա գոնե տեր է կանգնում իր բնագավառին եւ չնայած ճնշումներին՝ իր ասածը մինչեւ վերջ տանում է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել