Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ պատասխանը՝ Օմբուդսմանին

Հունիս 22,2010 00:00

Դարձյալ «էքստեռնիկների» մասին

Ըստ edu.am-ի, ՀՀ ԿԳ նախարարությունը պաշտոնական պատասխան է ուղարկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի հարցադրումներին՝ կրթության ոլորտի օրենսդրության խախտմամբ 2010թ. միասնական քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած 39 դիմորդների վերաբերյալ: Ինչո՞ւ քննություններին մասնակցելն արգելելու մասին պատշաճ չեն ծանուցվել դիմորդները հարցին՝ ԿԳՆ-ն այսպես է արձագանքում. «ՀՀ ԿԳ նախարարը բազմիցս իր հրապարակային ելույթներում, մամուլի ասուլիսներում, ինչպես նաեւ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր տնօրեններին ու ծնողներին՝ զերծ մնալ ապօրինի գործողություններից եւ տեղեկացրել, որ հարցը նախարարության ուշադրության կենտրոնում է, եւ իրականացվելու է վերահսկողություն: Նկատի ունենալով, որ դիմորդներն ուսումն ընդհատած աշակերտներ են եղել, եւ նրանց՝ որպես դիմորդի հայտագրման մասին նախօրոք տեղեկատվություն չի եղել, իսկ նրանց անվանացանկը ճշգրտվել է ԳԹԿ-ում համադրման արդյունքում, ապա ԳԹԿ-ն որպես արագ ծանուցման միջոց ընտրել է հեռախոսակապը»:
Այն հարցին՝ եթե 39 դիմորդներից ոմանք կարողացել են հանձնել միասնական քննություններ, ապա դա չի՞ ժխտում էքստեռն կարգով փոխադրվելը մեկ տարով կասեցնելու՝ նախարարության այն պատճառաբանությունը, որ ավագ դպրոցի եռամյա ծրագիրը հնարավոր չէ յուրացնել մեկ տարում, ԿԳՆ-ն պատասխանել է. «Նկատի ունենալով, որ 2009-2010 ուսումնական տարվանից անցում է կատարվել եռամյա ավագ դպրոցի, եւ ավարտվում է 11-ամյա միջնակարգ կրթության տեւողությունը, տվյալ դեպքում էքստեռն կարգով փոխադրումը կստացվեր ոչ թե 1, այլ 2 տարով:
Հաշվի առնելով, որ միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում՝ պետական ամփոփիչ ատեստավորում, ուստի միայն միասնական քննություններին մասնակցությունը չի ապացուցում, որ դիմորդը լիարժեք յուրացրել է եռամյա ավագ դպրոցի ծրագիրը: Մասնավորապես, տվյալ դեպքում, հաշվառված չլինելով որեւէ հանրակրթական ուսումնական հաստատությունում, նշված 39 դիմորդները չէին կարող մասնակցել մյուս առարկաներից ավարտական պետական քննություններին եւ ունենալ ամփոփիչ տարեկան գնահատականներ: Արդյունքում՝ չէին կարող ստանալ միջնակարգ կրթության ատեստատներ եւ ընդունվել բուհ»:
Իսկ ինչո՞ւ պետք է պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված սխալների հետեւանքով տուժեն աշակերտները, որոնք որեւէ իրավական ակտ չեն խախտել: Ըստ ԿԳՆ տեսակետի. «Ուսումն ընդհատած կամ «թռիչքով» 11-րդ դասարան հրամանագրված եւ դպրոցի աշակերտական համակազմից հանվածները կշարունակեն իրենց հետագա ուսումը եռամյա ավագ դպրոցի համապատասխան դասարաններում՝ առանց որեւէ խոչընդոտների, եթե, իհարկե, կցանկանան:
Իսկ այն պաշտոնատար անձինք, ովքեր թույլ են տվել ՀՀ օրենսդրության խախտումներ, պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված կարգով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել