Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԶՈՀԵՐ ՂՐՂԸԶՍՏԱՆՈՒՄ

Հունիս 22,2010 00:00

\"\"Ղրղըզստանի Օշ քաղաքում, որի բնակչության մեծամասնությունը էթնիկ ուզբեկներ են, հատուկ գործողություններ են իրականացվել, որի արդյունքում երկու մարդ է զոհվել եւ 17-ը վիրավորվել է: Այդ մասին BBC-ի մատուցմամբ, հայտարարել է «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Վիտալի Պոնոմարյովը: Այդ տեղեկությունը հաստատել են նաեւ Օշի պարեկատանը, որի ներկայացուցիչը հավաստիացրել է, թե Նարիման ավանում իրականացված գործողության ընթացքում ինչ-որ մեկը կրակ է բացել հատուկջոկատայինների ուղղությամբ, որոնց պատասխան կրակահերթի արդյունքում էլ զոհվածներ կան: Վերջիններիս անուններն ու ազգային պատկանելությունը, սակայն, չի մատնանշվում: Ավելի վաղ հատուկ գործողությանը վերաբերող պաշտոնական հաղորդագրության մեջ միայն շեշտվում էր, թե Նարիմանում հատուկ գործողություն է իրականացվել, որի արդյունքում 7 մարդ ձերբակալվել է, եւ առգրավվել է զենք ու զինամթերք:
Հիշեցնենք, որ մինչեւ անցյալ շաբաթվա վերջը Նարիման ավանի, ինչպես նաեւ Օշի հարակից այլ շրջանների ուզբեկ բնակչությունը շրջափակել էր այդ բնակավայրերի մուտքերն ու ելքերը եւ թույլ չէր տալիս իշխանության ներկայացուցիչներին մուտք գործել ավաններ: Ուզբեկները իրենց վերահսկողության տակ էին առել նաեւ Օշի նավթաբազան: Ղրղըզստանի իշխանությունները կասկածներ ունեին, որ Նարիմանում պահվում են մեծ քանակությամբ զենք, նաեւ ղրղզ պատանդներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել