Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԻՄՅԱՆՑ ՀԱՇՎԻՆ ՌԵՅՏԻՆԳԻ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆՔ»

Հունիս 22,2010 00:00

ԿԳՆ-ն եւ ԳԹԿ-ն արտաքուստ  իրար հետ լավ են

\"\"\"\"
Քննական կենտրոնների մուտքի մոտ «գոլդ» համարանիշներով  ավտոմեքենաներ էին կայանել:

Օրերս դիմորդները միասնական քննություն հանձնեցին քիմիա եւ հայոց պատմություն առարկաներից: Ինչպես միշտ, քննասենյակում դիմորդներն էին «մարտի դուրս եկել», իսկ քննակենտրոնների բակում՝ ծնողները: Օրինակ՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, որտեղ դիմորդները քննություն էին հանձնում հայոց պատմություն առարկայից, դպրոցի բակում «գոլդ» ավտոհամարանիշներով մեքենաների շարասյուն էր կանգնած: Սա կամ պատահականություն էր, կամ դեր էր խաղացել այն հանգամանքը, որ հայոց պատմություն էին հանձնում ապագա դիվանագետիկներն ու իրավաբանները, նրանց մեծամասնությունն էլ «գոլդ» խավի զավակներ են…
Զուգահեռաբար Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում անցկացվում էր քիմիա առարկայի միասնական քննությունը, որին մասնակցեց նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա լրագրողների հետ զրույցում խոսեց որոշ հիմնախնդիրների մասին: Չնայած «էքստեռնիկներ» թողարկած դպրոցները դեռ գաղտնի են պահվում, սակայն  չեն մարել այն տրամադրությունները, թե «էքստեռնիկների» խնդիրը ԿԳՆ-ն եւ ԳԹԿ-ն օգտագործում են միմյանց վրա «կեղտ գտնելու» համար: Այս մասին ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանն ասաց. «ԳԹԿ-ն այդ գործընթացի հետ ընդհանրապես կապ չունի եւ չի էլ ունեցել: ԳԹԿ-ն ընդամենը քննություն կազմակերպող հիմնարկ է»: Մեր այն հարցին՝ մի՞թե ԿԳՆ-ն դա չի հասկանում, որ հրապարակավ Կրթության տեսչության պետը հայտարարում է, թե դեռ մի բան էլ ԳԹԿ-ն կարող է իրենց օգնել՝ որոշ անուններ տրամադրելով, Գ. Խաչատրյանը պատասխանեց. «Ժամանակին մենք հասկացել ենք, որ դա իր մեջ ինչ-ինչ վտանգներ է պարունակում, դրա համար  չենք էլ ուզել խառնվել: Ով  զբաղվել է, ով  երեխաներին «թռցրել» է, թող նա էլ պատասխան տա: Ի դեպ, մենք լավ հարաբերություններ ունենք նախարարության հետ, անձամբ ես շատ եմ հարգում նախարար Աշոտյանին»:
Նույն հարցի առնչությամբ նախարարն էլ «Առավոտին» ասաց. «Ընդունելության քննությունների առաջին իսկ օրվանից որոշ շրջանակներ փորձում են նախարարությունից այլեւս անկախ ԳԹԿ-ի եւ ԿԳՆ-ի այս կամ այն ստորաբաժանման միջ սեպ խրել կամ հակասություններ տեսնել: Մենք մեկս մյուսի հաշվին ռեյտինգ բարձրացնելու խնդիր չենք դրել: Օրինազանցության կանխման աշխատանքներից, ինչ հնարավոր է անել, մեր բազայով արել ենք, սակայն ԳԹԿ-ի հետ համագործակցության արդյունքում 39-ից բացի՝ 2-3 դեպք էլ է հայտնաբերվել…»: Բուհերի անցողիկ շեմի մասին նախարարը ոչ մի հստակ բան չասաց, ընդամենը նշեց. «Կլինեն բուհեր, որոնք ուսանողների թերհավաք կունենան»: Մեր այն հարցին՝ հնարավո՞ր է վարձավճարները բարձրանան, պարոն Աշոտյանը պատասխանեց. «Չեմ կարծում, բայց եթե լինի էլ, ոչ մեծ տատանումներով»:
Լրագրողների եւ ծնողների հետ շփումից հետո Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը նախարարին առաջարկեց. «էկեք ձեզ տանեմ՝ պատիվ տամ»:
Զրուցեցինք ծնողների հետ: Նրանց մեծամասնությունը բողոքում էր, իսկ, օրինակ,  սառնաղբյուրցի ծնող Հովհաննես Եկմալյանն «Առավոտին» ասաց. «Նոր քննական համակարգը լավն է, իմացող երեխան կընդունվի»:
Քննությունից 1,5 ժամ շուտ դուրս եկող դիմորդները դժգոհում էին, թե ինչու են թեստերում հղումներ դրված պատմիչներից, կամ կան ժամանակագրական հարցեր: Մի դիմորդ էլ հույս ուներ, թե Եղեռնի 95-ամյա տարելիցի եւ Հայրենական մեծ պատերազմի 65-ամյակի կապակցությամբ այդ թեմաներից առաջադրանքներ կլինեն:
Երեկ մաթեմատիկա առարկայի քննության արդյունքների բողոքարկման օրն  էր: Այցելեցինք ՀՊՃՀ քննակենտրոն, որտեղ, ծնողների փոխանցմամբ, թեստերը 15 րոպե շուտ էին հավաքվել: Այստեղ դիմորդները բողոքարկել էին 3-րդ տարբերակի 69-րդ առաջադրանքը, 4-րդ տարբերակի 28-րդ առաջադրանքը եւ այլն: Մի դիմորդ էլ բողոքարկել էր, որ 1-ին տարբերակի 10-րդ առաջադրանքը՝ շրջանագծի խնդիրը, ունի երկակի պատասխան: Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում բողոքների շրջանակը գրեթե նույնն էր: ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանն «Առավոտին» տեղեկացրեց. «4-րդ տարբերակի 28-րդ առաջադրանքում տեղ գտած տեխնիկական սխալի համար դիմորդների արդյունքները բարձրացվել են 0.25 միավորով, 0.25-ով բարձրացվել են նաեւ 1-4-րդ տարբերակներում 2-րդ, 37-40-րդ առաջադրանքները»: Սակայն բարձրացումները ոչ բոլորի սրտով են: Օրինակ՝ ականատես եղանք, թե ինչպես  հարեւանուհիներից մեկը շնորհավորեց ընկերուհուն՝ երեխայի միավորի բարձրացման կապակցությամբ: Քիչ անց շնորհավորողը բողոքով եկավ ԳԹԿ, թե ինչո՞ւ չեն բարձրացրել իր երեխայի գնահատականն էլ: Մի դիմորդ էլ մտահոգված էր, որ բարձրացումից հետո ինքն  այժմ ունի հավասար միավորներ մեկի հետ, որը չի լուծել նույն խնդիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել