Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻՆ

Հունիս 22,2010 00:00

Օձի կծածը կլավանա, լեզվի կծածը չի լավանա

\"\"

Հայոց առածանու խորհուրդ-զգուշացումը չի սահմանափակվում միջանձնային հաղորդակցման կարգավորչի գործառույթով: Զգուշավոր-շրջահայաց լինենք, խուսափենք օտար լեզվի կծածից: Մանավանդ՝ հայերենը լրիվ չի ապաքինվել օտարալեզու ներարկման թույնից:
Եթե փորձենք փոքր-ինչ օտարված դիտարկել հայաստանյան լեզվավիճակը, ստիպված ենք խոստովանելու, որ մեր մայրաքաղաքի ցուցանակագովազդային արտաքինը գաղութացված է: Ռուսերենն ու անգլերենը ազատ-սանձարձակ պայքարում են միմյանց դեմ՝ մեզ տիրելու համար: Պետական լեզուն ոչ միայն դեռեւս լիարժեք ու անմրցակից չի գործառում հանրային կյանքի բոլոր բնագավառներում, այլեւ որոշ դեպքերում խոնարհված է նախկին (եւ համառորեն վերընձյուղվող) տերունական լեզվի՝ ռուսերենի առջեւ: Առողջապահության ոլորտում, օրինակ, մինչեւ օրս հայ բժիշկները «իստորիյա բալեզնի» եւ «լիստոկ նազնաչենիե» են գրառում: Համատարած են խախտումները հրապարակային գրություններում, գործավարության մեջ, առեւտրի ասպարեզում, եթերի հեռարձակումներում, պաշտոնյաների ելույթներում:
Պետությունը մոռացել է իր պարտականությունները: Պետական լեզվաքաղաքականություն իրականացնող «Լեզվի պետական տեսչություն» հորջորջվող մարմինը արտամղվել է քաղաքականությունից: Հայերս քաղցր-մեղցր երդումներ ենք տալիս «ոսկեղենիկին», դեպքից դեպք էլ դպրոցական սրտաճմլիկ շարադրություններ գրում, ծանծաղ միջոցառումներ անցկացնում: Բայց առավել ահավորն ու սարսափելիորեն դժվար վերականգնելին լեզվամտածողության խաթարումներն են:

Հայերենը՝
ռուսերենախեղդ

Սկսենք ֆուտբոլից: Ո՞ր բառն է այս օրերին ամենից հաճախ հնչում եթերից: Ո՛չ, «գոլը» չի հաստատ, ոչ էլ «հայկական ֆուտբոլ» առասպելաբանական բառակապակցությունը:
Ուշադիր լսենք. «կասեցումը չստացվեց», «փոխանցումը սխալ ստացվեց», «հարվածը բարձր ստացվեց», «Ռոնալդոյի մոտ էլ չի ստացվում», «հարվածը չի ստացվում», «դիպուկ հարված ստացվեց դարպասին», «չստացվեց, խաղը չստացվեց», «չստացված հարված էր»…
«Ստացվել» բառի այս հաղթահանդեսը ռուսաբանության խորքային դրսեւորումներից մեկն է միայն: Ընդ որում, ֆուտբոլի հաղորդավարները, թե բառապաշարի, թե արտաբերման առումով միանգամայն կիրթ խոսք ունեն. այս խաթարումը հաղորդավարական-անհատական չէ, այլ ազգային-համատարած: Հայերենում «ստացվում» է նամակ, պատասխան, հեռագիր, արձագանք եւ այլն, իսկ վերաբերյալ գործածության բոլոր օրինակները խորթ են հայոց լեզվամտածողությանը: Ռուս հաղորդավարը կասեր՝ “удар не получился”, ընդ որում՝ գրագետ ռուսը չէր կառչի մեկ ձեւից, կասեր նաեւ՝ “неудачная передача”.

Փորձենք շտկել՝ «կասեցումն անհաջող էր», «փոխանցումը խափանվեց», «հարվածը բարձր էր», «Ռոնալդոյին չի հաջողվում», «չի հաջողվում հարվածել», «դիպուկ հարված էր դարպասին», «խաղը չի կարգավորվում», «ձախողված հարված էր»:
Հայերեն չենք խոսում, երբ ասում ենք, թե «Մեսսին ցույց է տալիս իր բարձր որակները»: Պիտի լինի՝ հատկությունները (կարողություն, ունակությունները). այդ ռուսներն են անձի համար գործածում “высокие качества”
բնութագրիչը: Նույն կերպ՝ «Ջոնսոնը ջարդել է շրթունքը» (разбил губу), փոխանակ՝ «պատռել է»: Հայերեն՝ ֆուտբոլիստը թափ է առնում, ոչ թե «արագություն զարգացնում» (развивает скорость).

Ոչ միայն առտնին, այլեւ պաշտոնական խոսքում մենք՝ տեւական ռուսախոսության ուղղակի եւ միջնորդավորված ազդեցության զոհերս, շատ հանգիստ գործածում ենք «գինը՝ պայմանագրային» անմտությունը, փոխանակ՝ «պայմանական» («ըստ պայմանավորվածության»), սովորում ենք «սխալների վրա», փոխանակ՝ «սխալներից», տուժում ենք վթարի «արդյունքում», փոխանակ՝ «հետեւանքով», սերն արտահայտում ենք «երկու-երեք խոսքով», փոխանակ՝ բառով, հարցնում ենք՝ «ինչպե՞ս է անունդ», փոխանակ՝ «ի՞նչ է», հաշվում ենք «փողեր», փոխանակ՝ «փող», հանդիպում ենք «դարպասների մոտ», փոխանակ՝ «դարպասի», «ակնոցներ» ենք դնում, փոխանակ՝ «ակնոց», «մեծ շնորհակալություն» ենք հայտնում, փոխանակ՝ «շատ շնորհակալություն» եւ այլն:

Տրոյան կործանվելո՞ւ է
Ընդամենը 80 տարի առաջ մենք օտարալեզու կրթության ձին մեկ անգամ արդեն ներս ենք տարել, մտցրել հայոց միջնաբերդ՝ կրթական համակարգ: Տակավին այսօր էլ դեռ քաղում ենք մշակութային ինքնօտարման, ազգային ինքնանվաստացման այդ պռոյեկտի բոլոր դառը պտուղները:
Հիշենք, որ ինչպես այսօրվա մեր լուսավոր առաջադիմականները, այնպես էլ անցյալ դարի 30-ական թվականներին նրանց պես դատողները, նույնքան բարի ցանկություններով տոգորված, Հայաստանում սկսեցին առատացնել ռուսական դպրոցները: Թող հայերը չխեղճանան, ռուսից էլ լավ ռուսերեն խոսեն, թե պետք լինի՝ ռուսներին ռուսերեն սովորեցնեն, մեր գիտությունն ու մշակույթը աշխարհին արժանավայել ներկայացնեն եւ այլն. ինչպես տեսնում ենք, օտարալեզու կրթության այսօրվա ջատագովների նույն հիմնավորումներն են (նույնն են եղել եւ Օսմանյան կայսրության հպատակ հայերիս, եւ պարսից արքունիքին սիրաշահել ցանկացողների փաստարկները): Իսկ անհիմն անհանգստությունն էլ փարատվում էր, այսօրվա խորհրդարանանախագծային լեզվով, պետական վերահսկողության երաշխիքներով՝ հայ երեխաները անցնում էին «առմյանսկիյ յազիկ»:
Եվ արդեն այն ժամանակ այդ ձեռնարկը դեմ էր թե՛ պետության Սահմանադրությանը, թե՛ երկրի հեռատես ղեկավարների կամքին: Փառք Աստծո, որ օտարամոլության կողքին ունեցել ենք եւ, հուսով եմ, ավելին՝ վստահ եմ, որ այժմ էլ ունենք այդպիսի ղեկավարներ: Հատկապես այնպիսիք, որոնց հարազատ է Ալեքսանդր Մյասնիկյանի հավատո հանգանակը. «Հայաստանը հայ աշխատավորների, հայ ժողովրդի պետությունն է: Եվ այստեղ պետական լեզուն հայերենն է…. Նա, ով չի կարող համակերպվել մեր պետության այդ պահանջներին, կարող է հեռանալ երկրից» («Խորհրդային Հայաստան», 01.07.1921 թ.):
Լավ, օտարալեզու կրթության նորօրյա ջատագովներն ասում են, թե իրենք պետական լեզվի ջերմ պաշտպանն են, հայերենի համար վտանգ չկա, 15 դպրոցը վնաս չի տա 1500-ին, հայերենագիտական առարկաներն անցնելու են հայերեն (բա ուրիշ ի՛նչ լեզվով պիտի անցնեին, պարոնա՛յք «երաշխավորողներ»): Բայց չէ՞ որ սա էլ նոր բան չէ: 1936 թվականին Երեւանի միակ ռուսական դպրոցում սովորում էր 150 հայ երեխա, 1976-ին՝ արդեն 36 000, իսկ 1988-ին՝ շուրջ 50 000: Եվ ռուսական դպրոցներ էին գործում Հայաստանի բոլոր շրջաններում, անգամ այնտեղ, որտեղ մի հատիկ ռուս չկար: 1988-1989 ուսումնական տարում Երեւանի դպրոցներից 32-ը զուտ ռուսական էին, 12-ը՝ խառը, բայց ահա հայ աշակերտության քանակով այս օտարալեզու կրթության դպրոցները արդեն գերազանցում էին մնացած 100-ից ավելի դպրոցների աշակերտությանը:
Ի՞նչ էին անում օտարալեզու կրթություն ստացած հայ մարդիկ. բացի նրանից, որ իրենց զավակներին էլ էին տալիս օտար կրթության, նրանք վանում էին հայերենը, դարձնում սոսկ կենցաղային հաղորդակցման լեզու: Առանձին բացառություններով, ռուսերեն մտածող այդ հայ մարդիկ խորթ մնացին հայ մշակույթին, հայկականությանը: Դրանցից ամենաօժտվածներն անգամ չկարողացան իրենց մասնագիտական ասպարեզում զարգացնել հայերենը: Այս «լեզվական պորտաբույծներից», իրարկե, ավելի վնասակար եղան նրանք, ովքեր լկտիություն ունեին սեփական լեզվական տկարությունը դարձնել հարձակման միջոց ու հայտարարել, թե «հայերենը գիտության լեզու չէ»:
Մարում էին հայկական դպրոցները եւ անխուսափելի մարելու էին, եթե չլիներ 88-ի ազգային զարթոնքը: Եվ ի˜նչ ամոթալի վիճակում էինք, երբ սեփական երեխային հայկական դպրոց տալը դարձել էր ոչ թե ինքնին հասկանալի մի բան, այլ հայրենասիրության դրսեւորում:
Բոլորն այսօր արդարացի դժգոհում են հայերենի ընդունելության քննության թեստերից: Իսկ մի՞թե նույն այդ բարի ցանկությունը չէ սրա պատճառը: Օտարալեզու՝ տվյալ պարագայում ռուսերեն կրթության հետեւա՞նքը չէ: Իրոք, տասնամյակներ շարունակ հայ մտավորականների մեծ մասը իրենց երեխաներին տվել են ռուսական դպրոց, այսինքն՝ հայ դպրոցը զրկել են լավ աշակերտից, հայ հասարակությունը՝ հայերեն մտածող ու ստեղծագործող ապագա մասնագետից: Հայկական դպրոցի ամենաթույլ շրջանավարտները (չնչին բացառությամբ) դառնում էին հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ, իրենց հերթին իջեցնում հայկական դպրոցի մակարդակը: Այս ողբերգական ընթացքի «գլուխգործոցն» այն եղավ, որ հենց հայերենի մասնագետներն իրենց զավակներին սկսեցին տալ ռուսական դպրոց:
Այնպես որ, երբ վերջերս «Կենտրոնի» Պետրոսի հյուրն էր թեստերի հեղինակներից մեկը եւ նրան նեղում էին, մտածում էի. ախր, ի˜նչ եք ուզում, որտեղից պիտի հայտնվեին կատարյալ մասնագետները (տիկնոջ խճողված խոսքն էլ դրա հաստատումն էր):

Ազգային միասնական դպրոց
Ի˜նչ հրաշալի է հնչում՝ «ազգային միասնական դպրոց»: Ազգը միասնական է իր դպրոցով: Կրթությունն է ազգային միասնականության հենքը: Մի՞թե սա որեւէ մեկը կարող է վիճարկել: Եթե փորձի, ապա մենք մատնացույց կանենք եվրոպական երկրների փորձը: Ավելին, մենք կարող ենք կարդալ մեր մեծերի հիմնավորումները՝ Ղեւոնդ Ալիշան, Ղազարոս Աղայան, Մկրտիչ Պեշիկթաշլյան, Ստեփանոս Պալասանյան, Միքայել Նալբանդյան…
Բայց չարժե խեղդել ընդդիմախոսին մեջբերումներով («ցիցատների պատերազմը» իրենք չեն ընդունում): Խոսենք փաստերով: 1990 թ. հուլիսի 3-ին ՀԽՍՀ ժողովրդական կրթության նախարարության վարչանու (կոլեգիա) կայացրած որոշումը կոչվում էր «Ազգային միասնական դպրոցի մասին»: Հաջորդ տարի մարտի 15-ին արդեն ՀՀ լուսավորության նախարարությունն անդրադարձավ հայ դպրոցի միասնականացման խնդիրներին: Եվ՝ վերջ: Բացառիկ կարեւորության այս փաստաթուղթը… մոռացության է տրվել: Իսկ կրթության նախարարները առաջին հերթին հենց ա՛յս գերխնդրով պիտի զբաղվեին: Եվ նրանց պաշտոն վստահողները հենց ա՛յս չափանիշով պիտի կողմնորոշվեին ու նախարարների աշխատանքը գնահատեին:
Փաստացի՝ տապալված է ազգային միասնական դպրոցի կայացումը: Հանրությունը արդարացիորեն դժգոհում է: Իսկ չէ որ սա պիտի լիներ կրթական մի հաստատություն, որտեղ պիտի գործադրվեին քաղաքակիրթ աշխարհում ընդունված սկզբունքները: Դրանք շատ պարզ են: Առաջին՝ երեխան սկսում է կրթվել իր հարազատ լեզվով, երկրորդ՝ հանրակրթական բոլոր առարկաներն անցնում է իր հարազատ լեզվով, օտար լեզուները սկսում է սովորել իր հարազատ լեզուն ամրապնդելուց հետո եւ այդ լեզվի հիման վրա: 
Կորցրել ենք գրեթե քսան տարի: Բարձիթողի ենք արել դպրոցը: Ոչ մեկիս չի գոհացնում այս վիճակը: Բոլորս ձգտում ենք բարելավման: Բայց կրթության եւ գիտության նախարարությունը սխալ ճանապարհ է ընտրել:
Ավելի պարզ ասենք. օտարալեզու կրթության անհրաժեշտության հիմնավորումը այլ բան չէ, քան հայաստանյան կրթահամակարգի ռազմավարության սնանկության ապացույց, ապաշնորհ կառավարման ախտանշան:

Հիշեցում
Տարիներ առաջ տողերիս հեղինակը Լեզվի պետական տեսչության պետն էր եւ տեսչության կայացմանը նպաստելու խնդրանքով դիմել էր ՀՀ ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանին: Ստացանք ամենալայն աջակցություն, բայց նաեւ՝ մի ձեւակերպում, որի կարեւորությունը միգուցե հարկավոր է հիշեցնել հանրապետության այսօրվա նախագահին: Հիշեցնում եմ, ուրեմն, մեծարգո՛ նախագահ, Լեզվի տեսչության պետին ուղղված Ձեր խոսքը. «Ես եմ կոչվում ազգային անվտանգության ղեկավար, բայց դո՛ւ ես իրականում զբաղվում ազգային անվտանգությամբ, որովհետեւ հենց լեզուն է առաջին հերթին ազգային անվտանգության հիմքը»: Որքա˜ն կուզեի, որ հիմա նույնն ասեիք արդեն նրանց, ովքեր պատասխանատու են հայոց լեզվական, մշակութային, հոգեւոր անվտանգության ապահովման համար:

Հ. Գ. Որպես «Լեզվի մասին» օրենքի համահեղինակ, Լեզվի պետական տեսչության հիմնադիր պետ (1993-1998թթ.), հրավիրված էի եւ ելույթ ունեցա Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի ս.թ. հունիսի 4-ի նիստին: Երկարուձիգ քննարկումը հանգեց, ինչպես պարզվում է, նախօրոք առաջադրված հանգուցալուծմանը՝ օրենսդրական մարմնի հանրապետական պատգամավորները հավանություն տվեցին նախագծին: Ափսո˜ս…
Տրոյացիները Կասանդրային չլսեցին, քանի որ աստվածները խլացրել էին նրանց: Ի՞նչն էր հայոց ընտրյալների խլության պատճառը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել