«Հայաստան» համահայկական հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքում իրականացնում է մի շարք ծրագրեր. բնակելի շենքերի տանիքների վերանորոգում, փողոցների բարեկարգում ու հիմնանորոգում, հանրային հաստատությունների՝ գրադարանների, դպրոցների ու բուժհիմնարկների կառուցում ու վերակառուցում:
Ըստ հիմնադրամի, հիմնանորոգման ենթակա յոթ բնակելի շենքերի տանիքներից արդեն պատրաստ են երեք շենքերի տանիքները: Ավարտվել են Ղազանչեցոց փողոցի ճանապարհի հողային, հին էլեկտրալարերի ապամոնտաժման եւ նորի մոնտաժման աշխատանքները, անցկացվել է ջրագիծ:
Ընթացքում է փողոցի դեկորատիվ պատերի կառուցումը: Սկսվել են Հախումյան փողոցի բարեկարգման աշխատանքները, կառուցվում է կոյուղու նոր համակարգ: Մեկնարկել են նաեւ խմելու ջրի ջրամատակարարման համակարգի ներքին ցանցի եւ կենցաղային կոյուղու համակարգերի կառուցման աշխատանքները:
Ընթացքում է Շուշիի կենտրոնական գրադարանի նորոգման ծրագիրը: Արդեն պատրաստ են քաղաքի մշակույթի տան եւ Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի վերանորոգման նախագծային աշխատանքները եւ գտնվում են փորձաքննության փուլում: Արդեն մրցույթներ են հայտարարվել Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի վերանորոգման եւ Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի բուժկետի կառուցման աշխատանքների ձեռքբերման նպատակով:
Շուշիում ապրում է 3867 մարդ: Բնակիչների մի որոշ մաս էլ պարբերաբար ընդգրկվում է քաղաքում ընթացող շինարարական աշխատանքներում: