Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Հունիս 22,2010 00:00

\"\"2005 թվականին Լինսի հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Կիրանց 11 կմ-անոց շրջանցիկ ճանապարհը: Դրա նպատակը ճանապարհը սահմանագոտուց հեռացնելը, այն ավելի անվտանգ դարձնելն էր: Շրջանցիկ այդ ճանապարհը ձգվում է մեծ բարձրության վրա, շատ ոլորաններով: Վերջերս պաշտպանության նախարարությունը Ոսկեպար գետի եզերքով ձգվող հին, ասֆալտապատ ճանապարհի կողքին ռազմական նշանակության խճապատ ճանապարհ է կառուցել, որը հակառակորդի կրակից պաշտպանված է հողապատնեշներով, տեսանելի չէ ադրբեջանական զինուժի համար: Այս ճանապարհը նախատեսված է ռազմական տեխնիկայի եւ զինուժի համար: Ներկայումս շատ քաղաքացիական վարորդներ նախընտրում են օգտվել զինվորականների կառուցած ճանապարհից, քանզի այն կարճ է (շուրջ՝ 4 կմ) եւ ավելի անվտանգ:
Մնում է հարցնել. ինչո՞ւ 2005-ին շրջանցիկ, նոր ճանապարհը կառուցելիս հարմար եւ կարճ տարբերակ չի ընտրվել, անպայմա՞ն էր սարեր բարձրանալը, հակառակորդի համար ավելի տեսանելի դառնալը: Միգուցե նման նախագիծ կազմելու պատճառը Լինսի հիմնադրամի առատ ֆինանսավորո՞ւմն էր: Ամեն դեպքում, հավանական է, որ առաջիկայում Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ճանապարհն էլ պարապուրդի մատնվի, ինչպես պետբյուջեի 768 միլիոն դրամ ֆինանսավորմամբ 2006-2007թթ. կառուցված Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ճանապարհը (տես՝ «Առավոտ», 19.03.2009՝ «Կառուցվել է, բայց չի՞ օգտագործվում»):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել