Կիրակի օրը՝ հունիսի 20-ին, Գորիսում կայացած համայնքի ղեկավարի հերթական ընտրություններում վերընտրվեց գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Նելսոն Ոսկանյանը: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էր 2 թեկնածու՝ հանրապետական Նելսոն Ոսկանյանն ու անկուսակցական, «Վարարական» ՍՊԸ-ի տնօրեն Ավետիք Բուդաղյանը: Նախնական տվյալներով, Նելսոն Ոսկանյանը ստացել է 5264 ձայն, իսկ Ավետիք Բուդաղյանը՝ 3138 ձայն:
Ըստ թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 54%-ը միայն՝ 8562 ընտրող: Հիշեցնենք, որ մոտ 23 հազար բնակիչ եւ մոտ 16 հազար ընտրող ունեցող Գորիսում մարդիկ վերջին 10 տարում այնքան էլ ակտիվ չեն մասնակցել քաղաքապետի ընտրություններին: 2000 թվականին քաղաքապետի ընտրությանը մասնակցել է մոտ 8500, 2003 թվականին՝ մոտ 6700, 2006-ին՝ 8100 ընտրող:
Հունիսի 20-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվել նաեւ Սյունիքի մարզի երեք գյուղերում՝ Աճանան, Օխտար եւ Իշխանասար:
75-80 ընտրող ունեցող Օխտարում ընտրությանը գնացած 43 մասնակիցները կողմ են քվեարկել գործող գյուղապետ, ՀՅԴ անդամ Վաղարշակ Համբարձումյանի օգտին՝ նա վերընտրվել է չորրորդ անգամ: Աճանանում նույնպես վերընտրվել է գործող գյուղապետը: Տեղեկացրել ենք, որ այստեղ գյուղապետի պաշտոնին հավակնում էր երկու թեկնածու, երկուսն էլ հանրապետական՝ գործող գյուղապետ Վաչե Ավետիսյանը եւ գյուղի դպրոցի փոխտնօրեն Լարիսա Սողոմոնյանը: Մոտ 130 ընտրող ունեցող գյուղում ընտրությանը մասնակցել է 107-ը, 72-ը ընտրել է Վաչե Ավետիսյանին, իսկ 31-ը՝ Լարիսա Սողոմոնյանին:
Իշխանասարում կայացել է միայն համայնքի ավագանու ընտրություն, ընտրվել է 5 հոգանոց ավագանի: