Արմավիրի մարզի Ջրարբի գյուղը տուժում է ջրից
Արմավիրի մարզի Ջրարբի գյուղը հանրապետության այն եզակի գյուղական համայնքներից է, որտեղ հողի սեփականաշնորհում չի կատարվել, որովհետեւ գյուղը հողեր չունի: 3000 բնակիչ ունեցող համայնքում մարդիկ հիմնականում իրենց տնամերձերն են մշակում, որոնք, սակայն, գերխոնավացել են անձրեւաջրերից, իսկ առանձին դեպքերում՝ անձրեւները պարզապես փչացրել են սածիլած բանջարանոցները:
Բայց եթե բանջարանոցները վերականգնել հնարավոր է, ապա նույնն անել գրեթե անհնար է բնակարանների դեպքում: Անձրեւաջրերը լցվել են նաեւ մարդկանց տներն ու նկուղները: Զոյա Մարանջյանի տան պատերից մեկը փլվել է: Ստիպված, ավագ որդին իր ընտանիքով տեղափոխվել եւ բնակվում է համագյուղացիներից մեկի տանը: Իրենց վիճակի համար Մարանջյանները մեղադրում են նաեւ հարեւանին, ով բազմաթիվ բողոք-հորդորներից հետո էլ չի պատրաստվում իր բանջարանոցում լճացած ջուրը (լուսանկարում) ցամաքեցնել: Ջրարբիի գյուղապետարանի մասնագետն ուսումնասիրել է տարածքը եւ «մեղադրվող» հարեւանին հորդորել՝ առու փորելու միջոցով ջուրը դուրս հանել տարածքից, որպեսզի հնարավոր լինի հարեւանությամբ ապրողների տները պաշտպանել խոնավացումից: Սակայն համառ բնակչի մտքով չի էլ անցնում անսալ մասնագետի խոսքին: Կրքերն այնքան են բորբոքվել, որ նույնիսկ գրավոր բողոքներ են հասել Արմավիրի մարզպետարան՝ ղեկավարների միջամտությամբ տան հնարավոր փլուզումը կանխելու խնդրանքով: Մարզպետարանն էլ հանձնարարել է Ջրարբիի գյուղապետին՝ խնդիրն ուսումնասիրել եւ լուծում գտնել: «Որ մարդն ալարում է իր հողամասից մի առու բացի՝ ջուրը դուրս թափի, գյուղապետն ի՞նչ անի: Հո իրա գործն էլ ես չե՞մ անելու»,- ասաց երկու տարի առաջ համայնքի ղեկավարի մանդատը ստացած ՀՀԿ-ական Ղազար Ղազարյանը (լուսանկարում):
Մինչ գյուղապետ ընտրվելը Ղազար Ղազարյանը գյուղապետի տեղակալ է եղել: Հիմա նախկին գյուղապետը տեղակալ է, նախկին տեղակալը՝ գյուղապետ: «Իրար հետ շատ մտերիմ ենք. համաձայնության եկանք՝ ես դառնամ գյուղապետ, իրեն նշանակեմ տեղակալ ու այդպես էլ արեցինք»,- ասաց համայնքի գործող ղեկավարը, ով իր առջեւ դրված խնդիրը լուծած կհամարի, եթե կարողանա գյուղի համար երկու կարեւոր հարց կարգավորել՝ «գյուղի ճանապարհներն ու դպրոցը ամենախոցելի տեղերն են»: Գյուղի դպրոցը «Արաքս» թռչնաֆաբրիկայի մասնաշենքերից մեկն է եւ ժամանակավորապես է ծառայում դպրոցականներին: Գյուղապետի ասելով՝ իրենք են վերանորոգել, կարգի բերել շենքը, որպեսզի 200 աշակերտները հնարավորինս բարեկեցիկ պայմաններում սովորեն: Մի քանի տարի առաջ Ջրարբիի գյուղապետարանը դպրոցի հարցով դիմել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը: Հարցը կարծես սկսվել է լուծվել, ըստ Ղազար Ղազարյանի, նախագծա-նախահաշվարկային աշխատանքներ են սկսվել, բայց մինչ օրս ամեն ինչ անփոփոխ է:
Ջրարբիի մանկապարտեզի շենքը նույնպես թռչնաֆաբրիկայի ժամանակավոր «նվերն» է գյուղի երեխաներին: Մի տարբերությամբ, սակայն. եթե դպրոցի շենքը տվել են ավերակ վիճակում, ապա մանկապարտեզը՝ նորոգ եւ բարեկարգ: «Աճող գյուղ է, տարեցտարի երեխաների թվի աճ է արձանագրվում, ո՞նց կարելի է 200 դպրոցական եւ 70 նախադպրոցական տարիքի երեխա ունենալ եւ չունենալ կրթական համապատասխան հաստատություններ»,- ասաց համայնքի ղեկավարը:
Ի տարբերություն հանրապետության այլ գյուղերի եւ նաեւ քաղաքների, որտեղ քիչ չեն արտագաղթող ընտանիքները, Ջրարբիում, պարզվում է՝ կողպված դռներով տներ չկան: «Մի քանի ամսով խոպան են գնում եւ նորից վերադառնում: Հիմնական արտագաղթող ընտանիքներ չունենք»,- ասացին գյուղի ամենամեծ շինության՝ խանութի մոտ հավաքվածները: Իսկ խանութի սեփականատերը, պարզվեց՝ գյուղապետ Ղազար Ղազարյանն է: Գյուղապետը հաջողակ ձեռներեց է, ով, սակայն, չգաղտնազերծեց իր օբյեկտների հասցեները եւ բիզնեսի բնույթը, բայց հայտնի է, որ դրանք բոլորն էլ ձեւակերպված են ոչ գյուղապետի անունով:
Ջրարբիի բնակիչների 60%-ն աշխատում է թռչնաֆաբրիկայում, մյուսները՝ տնամերձերում պտուղ-բանջարեղեն են աճեցնում: «Ուրիշ գյուղերում սեփականաշնորհած հողամասերից մարդիկ գոնե եկամուտ են ստանում: Մերոնք էդ 500-1000 մետր հողի հույսին են, էն էլ անձրեւների պատճառով մոտ 80%-ը փչացավ»,- ասաց գյուղապետը, ավելացնելով, որ մինչ օրս մարզպետարանից դեռ չեն հետաքրքրվել վնասի չափերով: