ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Վանաձորի Ներսիսյան փակուղի 7/44 հասցեի դուռը բացելով՝ լոգարանում հայտնաբերվել է կախվելու միջոցով ինքնասպան եղած 28-ամյա Վահե Գյոզալյանի դին:
Վ. Գյոզալյանի դին հանձնվել է իրավապահ մարմիններին:
ՎԻՃԱԿԸ ԾԱՅԱՀԵՂ ԾԱՆՐ Է
Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձորի բուժկենտրոն է տեղափոխվել 74-ամյա Բախշի Հունանյանը. ախտորոշվել է էկզոգեն թունավորում եւ տուժածը տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկների գնահատմամբ՝ տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
ՀՐԴԵՀ՝ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՈՒՄ
Հունիսի 20-ին հրդեհ է բռնկվել Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող թիվ 2 հանրակացարանում:
Հանրակացարանի 4-րդ հարկի՝ Ա. Վարդանյանին պատկանող թիվ 2 սենյակում այրվել էին անկողնային պարագաներ եւ հեռուստացույցը:
ԱԻՆ-Ի ՏԵՂԵԿԱՑՄԱՄԲ
Հունիսի 18-ին Արայի լեռան մոտակայքում ավտոմեքենան ընկել էր ջրանցքը: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 21 ՕՕ 747 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ջրանցքը, ինչի հետեւանքով ուղեւոր, Աշտարակ քաղաքի 16-ամյա բնակչուհի Գրետա Մակեյանը տեղում զոհվել է, իսկ Օհանավան գյուղի բնակիչներ՝ վարորդ, 29-ամյա Վարդան Վահանյանը եւ ուղեւոր, 24-ամյա Ռոման Մխիթարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց: Ավտոմեքենայից դուրս է բերվել Գ. Մակեյանի դին: Վ. Վահանյանի եւ Ռ. Մխիթարյանի վիճակը գնահատվում է ծանր:
ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՄԱՀԱՑԵԼ Է
Հունիսի 19-ին Երեւանի Անդրանիկի եւ Րաֆֆու փողոցների խաչմերուկում, դեռեւս չպարզված հանգամանքներում՝ «Մոսկվիչ» մակնիշի 12 ՍԼ 004 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել օղակաձեւ խաչմերուկի սյունաշարին: Շտապօգնության բրիգադի կողմից ավտոմեքենայից դուրս է բերվել Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ՝ 29-ամյա Սեդրակ Հովհաննիսյանը եւ տեղափոխվել Երեւանի «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Ցավոք, հիվանդանոցի ճանապարհին Ս. Հովհաննիսյանը մահացել է:
ԵՐԿՈՒՍԸ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ
Ստեփանավան քաղաքի Հարությունյան եւ Բաղրամյան փողոցների խաչմերուկում «Ֆորդ» մակնիշի LIG 147 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետեւանքով Ստեփանավանի բնակիչներ՝ վարորդ, 26-ամյա Վահե Այվազյանը, ուղեւորներ՝ 18-ամյա Արթուր Ղարիբյանը եւ 24-ամյա Հովհաննես Թումանյանը ստացել են մարմնական վնասվածքներ:
Նրանց տեղափոխել են Ստեփանավանի հիվանդանոց: Հիվանդանոցի ճանապարհին Վ. Այվազյանը եւ Հ. Թումանյանը մահացել են: Ա. Ղարիբյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր. տուժածի կյանքին վտանգ չի սպառնում:
9 ՈՒՂԵՎՈՐ ՎՆԱՍՎԵԼ Է
Գորիսի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ «Թասի» ոլորաններում «ԳԱԶել» մակնիշի 3994 S պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ 39 մ բարձրությունից ընկել ձորը, ինչի հետեւանքով վարորդը եւ 9 ուղեւոր ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ:
ԿԱՄՐՋԻՑ ՆԵՏՎԵԼ ԷՐ
Հունիսի 19-ին Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի կամրջից Գյումրի քաղաքի 25-ամյա բնակչուհի Կարինե Ավդալյանն ընկել է …տանիքի վրա:
Կ. Ավդալյանը տեղափոխվել է Գյումրիի Գյուլպենկյանի անվան հիվանդանոց: Նախնական տվյալներով՝ տուժածն ստացել է ողնաշարի վնասվածք:
ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ Է
Երեւանի Արտաշիսյան 73/10 հասցեում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով տանտերը՝ 36-ամյա Ա. Ենոքյանը, այրվածքներով տեղափոխվել է Երեւանի Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն:
Ըստ բժշկի՝ Ա. Ենոքյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. տուժածը ստացել է 2-3-րդ աստիճանի այրվածքներ (մարմնի 40-50 տոկոսը):
Ըստ նախնական տվյալների՝ պայթել է խոհանոցում կուտակված բնական գազը: Պայթյունի հետեւանքով 4-րդ հարկի բնակարանի հյուրասենյակի եւ խոհանոցի պատուհաններն իրենց երկաթբետոնե կառուցվածքներով փլուզվել եւ թափվել են ներքեւ, բնակարանի պատերին առաջացել են ճեղքեր: