Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեռնապատի համայնքապետի դեմ քրեական գործ է հարուցվել

Հունիս 22,2010 00:00

Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վ. Եղիազարյանի դեմ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում քրեական գործ է հարուցվել:
Համայնքապետը մեղադրվում է  պաշտոնական կեղծիքի եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ յուրացնելու մեջ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել քաղաքից ստորագրությամբ չբացակայելը: 
Վ. Եղիազարյանն արդեն 10 տարի Լեռնապատ համայնքի համայնքապետն է: Նա այժմ մեղադրվում է տեղական բյուջեի շուրջ 11 միլիոն դրամը անցած 6 տարիների ընթացքում յուրացնելու մեջ: Համայնքի բնակիչները բողոքում են, որ Վ. Եղիազարյանը սոցիալական օգնություն տալու անվան տակ, պաշտոնեական դիրքը չարաշահելով, օգտվել է առիթից եւ ավելի շատ գումարներ է հատկացրել իր հարազատներին:
Համայնքապետն ինքը չի կիսում գյուղացիների կարծիքը, եւ համարում է, որ գյուղացիներին սոցիալական օգնություն հատկացնելը, այդ թվում՝ իր հարազատներին, հանցագործություն չէ: «Ստացվում է՝ համայնքի ղեկավարը իրավունք չունի՞ օգնություն տրամադրելու»,- զարմանում է նա:
Իսկ այս ընթացքում ֆինանսների նախարարությունը ստուգում է 2004-2009թթ. համայնքի ֆինանսատնտեսական գործունեությունը: 50 միլիոնանոց բյուջեից տարեկան շուրջ 5 միլիոն դրամ օգնություն հատկացրած համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու համար ոտքի կանգնած լեռնապատցիները գտնում են, որ նա գյուղապետի աթոռին անելիք չունի:
Համայնքապետի պաշտոնանկության համար ամիսներ շարունակ պայքարող  Գ. Մելիքյանն ունի ավագանու այս եւ նախորդ տարիների որոշումները: Այս փաստաթղթերում ցուցակագրված են օգնության գումարներ ստացած համայնքապետի հարազատների անուն-ազգանունները:
Փաստաթղթերից պարզ է դառնում, որ անցած տարիների ընթացքում Վ. Եղիազարյանի հարազատները միլիոնավոր դրամների օգնություն են ստացել:
«Նա նաեւ օգնություններ է տրամադրել Վանաձորի բնակիչներին, այդ թվում՝ հովանավորել սեփական գրքի տպագրությունը՝ կրկին գյուղացների հարկերից»,- բողոքում են լեռնապատցիները: Բացի սրանից՝ համայնքի բնակիչներն ասում են, որ Վ. Եղիազարյանն անցած ամիսներին սոցիալական օգնություններ հատկացնելով՝ փորձել է իր կողմը գրավել իր ընդդիմախոսներին՝ ըստ էության կաշառելով նրանց: 
Լեռնապատի համայնքապետը համաձայն չէ մեղադրանքների հետ.  առարկություն է գրել մարզի դատախազին: Ըստ նրա՝ մեղադրանքը կկարճվի, եւ  գործը դատարան չի հասնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել