«Իրավահաջորդ» մարզպետը ափսոսանք է հայտնել
Տարեսկզբին Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը դատի էր տվել Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանին՝ պահանջելով տրամադրել բյուջեից վերջին 5 տարում «Այլ նպաստներ» հոդվածով մարզի կարիքավոր ընտանիքներին հատկացված ֆինանսական օգնությունների մասին մարզպետի որոշումների պատճեններն ու «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածով մարզպետարանի կատարած ծախսերը: Քանի որ մարզպետարաններում կա մի տխուր ավանդույթ՝ դրսի հյուրերին ընդունել գյուղապետերի կամ դպրոցների տնօրենների գրպանի հաշվին, ուստիեւ «Ասպարեզին» հետաքրքրել էր, թե ինչքա՞ն գումար է ծախսվել, ի՞նչ ապրանք ո՞ր մատակարարներից է գնվել: Նշենք, որ ամեն տարի այս նպատակի համար պետական բյուջեից մարզպետարաններին 300 000 դրամ է տրամադրվում:
Շիրակի նախկին մարզպետը հրաժարվել էր այդ տեղեկությունները «Ասպարեզին» տրամադրել՝ գտնելով, որ դրանք անձնական, առեւտրային գաղտնիքներ են պարունակում, հետեւաբար՝ հրապարակման ենթակա չեն: «Մենք հարցումներն ուղարկել ենք Հայաստանի բոլոր մարզպետներին, սակայն խնդիր է ծագել Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանի հետ: 2005, 2006, 2007թթ.-ին մարզպետարաններին պետական բյուջեից հատկացվել է 10-ական միլիոն դրամ, 2008 եւ 2009թթ.-ին հատկացվել է 20-ական միլիոն դրամ: Ընդհանուր առմամբ՝ մեր հարցումը վերաբերում էր 70 մլն դրամի բաշխմանը. ո՞ր քաղաքացին, ե՞րբ, ինչքա՞ն եւ ինչո՞ւ է ստացել այդ գումարը: Ստացել էինք ընդհանրական պատասխաններ, թե այդ գումարները հատկացվել են կարիքավոր մարդկանց՝ համապատասխան ուսումնասիրություններից հետո: 2-րդ հարցման մեջ բացատրել ենք, որ մեզ մանրամասներն են պետք, տիկին մարզպետ, սակայն տիկինը պատասխանել է, որ դրանք անձնական գաղտնիքներ են պարունակում, այսինքն՝ նենգափոխել են տեղեկատվության իմաստը: Մենք համարել եւ համարում ենք, որ պետական բյուջեի միջոցներով կարիքավոր քաղաքացիներին հատկացված գումարների մասին տեղեկությունները չեն կարող անձնական գաղտնիքներ լինել, դրանք հանրային նշանակության տեղեկություններ են եւ պարզ պետք է լինեն հանրությանը, որպեսզի հասարակությունը կարողանա գնահատել, թե որքանո՞վ են արդարացի բաշխվել այդ գումարները»,- ասում է Լեւոն Բարսեղյանը՝ հավելելով, որ ինքն արդեն իսկ տեղեկություններ է ստացել այն մասին, որ քաղաքացիներից մեկին միանգամից 1մլն դրամից ավելի է հատկացվել, եւ առհասարակ գումարների մի մասը «կերվել» է:
«Ասպարեզ» ակումբ-Շիրակի մարզպետարան դատական վիճաբանությունը միգուցե երկար շարունակվեր, եթե Շիրակի մարզպետը չփոխվեր ու մարզի նորանշանակ ղեկավար Աշոտ Գիզիրյանը 5 օր առաջ վարչական դատարանում «Ասպարեզ» ակումբի հետ հաշտության համաձայնագիր չկնքեր: Աշոտ Գիզիրյանը ափսոսանք է հայտնել Լեւոն Բարսեղյանի՝ տեղեկատվության ազատության իրավունքի իրականացման կապակցությամբ կրած անհարմարության համար եւ գտնելով, որ նրա պահանջածը հանրային սեփականություն է, պարտավորվել է այդ տեղեկությունները «Ասպարեզին» տրամադրել մինչեւ հուլիսի 1-ը: «Հաշտության համաձայնագիրը բացառիկ է, քանի որ առաջին անգամ պետական այս կարգի պաշտոնյան պատրաստակամություն է դրսեւորում հանրային տեղեկությունը իսկապես դարձնել հանրային, լավ կլիներ, որ էդ տեղեկությունները տեղադրված լինեին մարզպետարանի վեբ-կայքում: Առաջարկս վերաբերում է բոլոր մարզպետներին, ի վերջո, մեր փողերն են, տեսնենք ինչպես են ծախսվում»,- ասաց «Ասպարեզի» նախագահը՝ խոստանալով տեղեկությունը ստանալուն պես «ռեվիզորություն անել»՝ դռնեդուռ ընկնել, հասցե առ հասցե օգնություն ստացած քաղացիներից ճշտել, թե ստացած գումարը համապատասխանո՞ւմ է թղթում գրվածին, խախտումներ հայտնաբերելու դեպքում էլ դիմել ոստիկանություն:
Ի դեպ, Լեւոն Բարսեղյանի մամլո ասուլիսին մասնակցող լրագրողներից մեկը պատմեց, թե ինչպես վերջերս Շիրակի մարզպետարանում պատահաբար ականատես է եղել մի զավեշտալի պատմության. օգնություն ստացած քաղաքացիներից մեկը կռիվ է եկել, թե ինչո՞ւ են իր անվան դիմաց 40 000 դրամ օգնություն գրել, սակայն 20 000 դրամ հատկացրել:
«Առավոտը» եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հունիսի 1-ին վարչական դատարանում, Էդիկ Նահապետյանի նախագահությամբ, հաշտության համաձայնագիր կնքեցին Շիրակի մարզպետի ներկայացուցչի հետ՝ կապված տեղեկատվություն չտրամադրելու նույնաբովանդակ վեճի հետ: