«ԽՈԶԱԳՐԻՊԻ» ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԳՆԱՀԱՏԵԼ Է
Երեկ բուժաշխատողների տոնն էր, որի առթիվ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը շնորհավորել է բոլոր «սպիտակ խալաթավորներին», մաղթել նրանց առողջություն, հաջողություններ եւ խաղաղ աշխատանք: Բացի բարեմաղթանքներից, 40 բուժաշխատողներ նախարարի կողմից այդ օրը պարգեւատրվել են պատվոգրերով՝ երկարատեւ, բարեխիղճ եւ անմնացորդ աշխատանքի համար: Նախարարության տեղեկատվությամբ, պարգեւների են արժանացել այն բուժաշխատողները, որոնք «խոզագրիպի» համաճարակի օրերին օրուգիշեր անձնվեր աշխատել են: Նախարարը ամենօրյա մարդասիրական աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին ու շեշտել, որ նրանք մշտապես գործ ունեն մարդու համար ամենաթանկ բանի՝ առողջության եւ կյանքի հետ:
ԻՐԱՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ ՆՎԻՐԵՔ
Նրանք, ովքեր դեռ սեռական կյանքով չեն ապրել՝ մի առավելություն ունեն. կարող են պատվաստվել պապիլոմա վիրուսի դեմ ու փրկվել արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդանալու վտանգից: Այս կապակցությամբ երեկ հրավիրած ասուլիսում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը կանանց խորհուրդ է տալիս նախքան ամուսնանալը 3 անգամ «ցերվարեկս» պատվաստանյութով պատվաստվել: Չնայած այդ պատվաստանյութը բավականին թանկարժեք է՝ յուրաքանչյուրը կարժենա մոտ 40-45 հազար դրամ, սակայն հաշվի առնելով, որ ամեն տարի Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղի 260-270 նոր դեպք է գրանցվում, ըստ մասնագետի, շատերն իրենց թույլ կտան պատվաստանյութը ձեռք բերել: Հետազոտությունները ցույց են տվել, որ արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանայք պապիլոմա վիրուս են ունեցել, իսկ դա նշանակում է, որ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պատճառը հենց պապիլոման է։ Պարոն Բազիկյանը կոչ է արել սրտացավ ծնողներին, որ իրենց աղջիկներին նվիրեն ոչ թե օծանելիք, մեքենա կամ ծաղիկներ, այլ՝ պատվաստանյութ:
ՍՈՑԱՊԻ ՊԱՇՏՈՆԸ ԲՀԿ-Ի ՎՐԱ ՉԻ ԳԱԼԻՍ
Երեկ «Առավոտը» տեղեկություն ստացավ, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Թե ինչն է ստիպել նախարարին նման քայլի դիմել, առայժմ պարզ չէ:
Երեկ օրվա ընթացքում Մ. Մնացականյանի հրաժարականի մասին ՀՀ նախագահական ապարատը որեւէ պաշտոնական տեղեկատվություն չհրապարակեց, փոխարենը «Առավոտի» հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը, որն առանց մեկնաբանության ընդամենը հաստատեց դիմումի առկայության փաստը: Նշենք, որ պարոն Մնացականյանն այս պաշտոնում ԲՀԿ-ի թվով 2-րդ «կադրն» է, որը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը ստաձնել էր ընդամենը նախորդ տարվա նոյեմբերին: Նրանից առաջ այս պորտֆելը կարճ ժամանակով տնօրինել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվոտայով նշանակված մեկ այլ նախարար՝ Գեւորգ Պետրոսյանը: