Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոպիտ ասած՝ տոկոսով փող ենք տալու

Հունիս 22,2010 00:00

Եթե կառավարության նախաձեռնած կենսաթոշակային բարեփոխումներն իրականանան, ՀՀ քաղաքացիներին անհոգ ծերություն է սպասվում:

Եեր երկրի թոշակառուների համար բարեկեցիկ կյանք ապահովելու նպատակով ՀՀ իշխանությունները մոտ տասը տարի է, կարելի է ասել, «գլուխ են ջարդում»՝ միջազգային կառույցների հետ ծրագրեր են մշակում, գործուղվում են զարգացած երկրներ ուսումնասիրելու նրանց փորձը եւ այդ ամենը փորձում, այսպես ասած, տեղայնացնել: 
Հունիսի 18-20-ը Ծաղկաձորում «Կենսաթոշակային բարեփոխումներ. լրագրողների կարողությունների հզորացում» թեմայով սեմինար էր կազմակերպվել: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը, ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի Կենսաթոշակային եւ աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի փոխտնօրեն Աստղիկ Միրզախանյանը, Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը եւ այլ մասնագետներ 2 օր շարունակ փորձում էին հնարավորինս մատչելիորեն լրագրողներին բացատրել, թե իրականում իրենցից ինչ են ներկայացնում այդ բարեփոխումները, եւ դրանք իրականություն դառնալու դեպքում ինչ կշահի մեր թոշակառուն: Կազմակերպիչների կարծիքով՝ հետագայում այդ ամենի մասին հանրությանն իրազեկելու բեռը լրագրողների վրա էլ մնալու է:
Առաջին խնդիրը, որն իր առջեւ դրել է ՀՀ կառավարությունը, հետեւյալն է՝ այժմ գործող «սերունդների համերաշխության» համակարգից անցնել «արդարացի» համակարգի: Այսինքն՝ եթե գործող համակարգով աշխատողների կատարած սոցվճարներն ուղղվում են ծերերի կենսաթոշակներին, ապա համակարգը բարեփոխվելուց հետո յուրաքանչյուրի վճարած սոցվճարները հետագայում, թոշակի տեսքով, հենց իրեն էլ տրվելու են: Նշենք, որ բարեփոխված ծրագրում էլ, ինչպես այժմ, կենսաթոշակառու դառնալու շեմը 63 տարեկանն է:
Ըստ բանախոսների, նոր համակարգին անցնելուց հետո մարդկանց կատարած սոցվճարներն ի պահ են տրվելու ֆոնդի կառավարչի մոտ, որին ընտրելու է ոչ թե գործատուն, այլ քաղաքացին, որից հետո էլ կառավարիչն ինքն է որոշելու՝ որտեղ ներդնել այդ գումարները, որպեսզի եկամուտ ստանա: Ստացված եկամուտից որոշ տոկոսներ բաժին է հասնելու նաեւ քաղաքացուն: Այսինքն՝ ստացվում է, որ քաղաքացին կառավարչին «տոկոսով փող» է տալու: Ցանկացած քաղաքացի հնարավորություն է ունենալու ցանկացած ժամանակ հատուկ ծածկագրով մուտք գործել եւ իր ընթացիկ հաշիվների մասին տեղեկություններ ստանալ: Բարեփոխումների ծրագրի պատասխանատուները վստահեցրին, որ այս ողջ գործընթացը վերահսկելու է Կենտրոնական բանկը եւ եթե տեսնի, որ այս կամ այն ֆոնդի կառավարիչը չի կարողանում արդյունավետ տնօրինել մարդկանց գումարները՝ լիցենզիայից կզրկի: Այդ դեպքում քաղաքացու գումարները չեն կորչում, այլ ամբողջությամբ տեղափոխվում են մեկ այլ կառավարչի մոտ: Բացի այդ, մարդկանց գումարների երաշխավոր է հանդես գալու պետությունը:
Ավելի բերեկեցիկ ծերություն ունենալու համար, պարտադիր կուտակային վճարումներից բացի, քաղաքացին կարող է նաեւ կամավոր վճարումներ անել, սակայն այդ գումարների համար պետությունը չի երաշխավորում: 
Նշենք նաեւ, որ կենսաթոշակային ոլորտը բարեփոխելու հիմնական նպատակներից է իսպառ բացառել աղքատությունը եւ աղքատության ռիսկը կենսաթոշակառուների շրջանում, քանի որ հենց թոշակառուների մոտ աղքատության ռիսկն ամենաբարձրն է: Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ՝ բարեփոխումների ծրագրի կարեւոր բաղադրիչներից է նաեւ անձի աշխատանքային եկամուտների եւ կենսաթոշակների չափի միջեւ կապի ամրագրումը: Ա. Ասատրյանի խոսքերով, անձի եկամուտների եւ կենսաթոշակի չափի միջեւ կապի բացակայությունը չի բխում սոցիալական արդարության սկզբունքից եւ չի խրախուսում համակարգին վճարումներ կատարելը, ինչի արդյունքում առկա է մեծ խզվածություն կենսաթոշակառուների ու աշխատող բնակչության կենսամակարդակների միջեւ. կենսաթոշակը չի կատարում կորցրած եկամտի փոխհատուցում ապահովելու գործառույթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել