Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏԵՆՑ ԷԼ ՉԳՏԱՆ՝ ԻՆՉ ՓՆՏՐՈՒՄ ԷԻՆ

Հունիս 22,2010 00:00

Գավառում կազմակերպված աշխատանքի տոնավաճառն իրեն չարդարացրեց

\"\"
Աշխատանքի տոնավաճառում աշխատանք չկար:

Անցած շաբաթ օրը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում մեծ իրարանցում էր: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ տեղամասային զբաղվածության պետական ծառայությունը աշխատանքի տոնավաճառ էր կազմակերպել: Քաղաքի մշակույթի տան ճակատին փակցված հսկայական տառերով պաստառը, որի վրա գրված էր՝ «Գտի՛ր ինչ փնտրում ես», շատերին էր գայթակղել: Անգամ ծծկեր երեխաները գրկներին կանայք ու 70-ն անց մարդիկ էին եկել տոնավաճառ՝ աշխատանք գտնելու: Սակայն, եթե երիտասարդները աշխատանքի հարցում մեծ հույսեր էին փայփայում, ապա մեծահասակների նպատակն էր ամեն գնով տեսնել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանին ու մարզպետ Նվեր Պողոսյանին՝ իրենց դարդն ու ցավը պատմելու:
Մխիթար Մնացականյանի հուսադրող ելույթից անմիջապես հետո, տարեց գավառցիները համարյա «վրա տվեցին» նրան: Բնակիչներից մեկը բավականին բորբոքված ասաց. «Սա ի՞նչ կյանք է: Ոչ աշխատանք կա, ոչ բան: 2 կոպեկ նպաստ եք տալիս, ո՞նց ապրենք: Ձեր տված նպաստը ձեզ դո՞ւր է գալիս»: Սրան ի պատասխան՝ նախարարն ասաց. «Ինձ մի՛ ասեք»: «Բա ո՞ւմ ասեմ, Ալիեւի՞ն»,- զայրացավ բնակիչը: Նախարարն էլ, չիմանալով ինչպես մխիթարել, ասաց. «Մոտեցա՞ք տաղավարներին, այսքան գործատուներ կան»: «Մոտեցա, ոչ մի հարմար բան չկա: 2-րդ կարգի հաշմանդամ եմ, առողջությանս 90%-ը տվել եմ այս պետությանը, Ղարաբաղում եմ կռվել ու էսօր ոչ մի բան չունեմ»: Մ. Մխիթարյանն էլ հակադարձեց. «Ես էլ եմ մասնակցել պատերազմին»: Այս պատասխանով, սակայն, բնակչի հոգսը չթեթեւացավ, նա ավելի բորբոքվեց եւ շարունակեց. «65 հազար նպաստով ընտանիքս ո՞նց պահեմ: Որի՞ն տամ՝ գազի՞ն, լույսի՞ն, ջրի՞ն, թե՞ հացին: Կինս էլ ա հաշմանդամ, աղջիկս էլ ավարտել ա ու աշխատանք չի գտնում: Ոչ մի բան չունեմ, ոչ անասուն, ոչ հող, ոչ գործ: Դե ասե՛ք, ո՞նց ապրեմ»:
Նախարարին հուսահատ ու բորբոքված բնակիչներից «պաշտպանելու» համար, միջամտեց Գեղարքունիքի մարզպետը. «Մի՛ ջղայնացեք, ամեն ինչ անում ենք, որ ձեզ համար աշխատատեղեր լինեն»: Սրան հետեւեց գավառցիներից մեկի պատասխանը. «Մինչեւ ստեղծեք, էն էրեխեքը, որ հըմի նախագահի կնկան ու աղջկան են պահպանում էն սահմաններում, վաղը պըտի բանակից գան ու գնան Ռուսաստանները»: Նախարարն էլ արձագանքեց. «Մենք ամեն ինչ կանենք ձեզ համար: Հավատացեք, ես կիսում եմ ձեր հոգսն ու դժվարությունները: Մի՛ պատկերացրեք, որ ես ծնվել եմ նախարար լինելու համար»: Գավառցին էլ, արդեն ավելի մեղմ պատասխանեց. «Էդ նախագահին հասկացրեք, որ փոքր էրեխեն չի հասկանում, որ աշխատատեղ չկա, ուտել ա ուզում: Ջրի փողը չեմ տալիս՝ հաջորդ օրը անջատում են»:
Գավառի զբաղվածության գործակալության ղեկավարը, որը հետեւում էր բանավեճին, փորձեց կանգնել նախարարի թասիբին. «Ինչո՞ւ եք բարկանում, չե՞ք հարգում մեզ»: Հավաքվածների միջից հնչեց պատասխան. «Բոլորին էլ հարգում ենք, բայց դու աշխատում ես, բա ե՞ս խի չաշխատեմ: Կանչել եք սաղին ըստեղ, բայց ո՞ւր ա, ոչ մի հարմար գործ չկա: Որ մեկին մոտեցանք, սաղ ասին՝ մասնագետ չես: Նեղ մասնագե՜տ, նեղ մասնագե՜տ»:
Շրջելով դահլիճում եւ զրուցելով թե՛ աշխատանք փնտրողների եւ թե՛ գործատուների հետ, մենք էլ համոզվեցինք, որ հիմնականում առաջարկվում էր նեղ մասնագիտական աշխատանք, իսկ բնակիչների մեծագույն մասը փնտրում էր հասարակ բանվորի գործ:
Գործատուներից մեկը՝ Սեւանի ճանապարհաշինարարական կազմակերպությունը, օրինակ՝ առաջարկում էր 6 բանվորի աշխատատեղ, իրենց արդեն դիմել եւ տվյալներ էր թողել 7 անձ: Մեզ հետ զրույցում ընկերության ներկայացուցիչը վստահեցրեց, որ առայժմ հարմար մարդ չեն գտել. «Պահանջվում է «ասֆալտ փռող», «գլդոնավար», էքսկավատորշչիկ: Հեշտ բան չի, մասնագետ պիտի լինեն: Երեւանում էլ չկան»: Առաջին հայացքից տարօրինակ էր, որ ամբողջ տարածաշրջանում համապատասխան մասնագետ չկար, սակայն հետո պարզեցինք, որ ասֆալտապատման եղած մասնագետներն այս սեզոնին «խոպանում» են:
Բայց եթե հաշվի առնենք, որ ամբողջ մարզում, պաշտոնական տվյալներով, 8 հազար գործազուրկ է հաշվառված, իսկ առաջարկվող թափուր աշխատատեղերը այդ թվի 10% էլ չեն կազմում, ապա առաջիկա տարիներին, նման տոնավաճառները դժվար թե այս մարզում զբաղվածության խնդիրները լուծեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել