ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնի քննիչ Հ. Դելեյանի որոշմամբ 12.06.2010թ. կարճվել է Սարիբեկ Սուքիասյանի եւ Արտաշես Ստեփանյանի կողմից «Բյուրեղ» ՍՊԸ նախկին բաժնետեր Գոռ Դավթյանին ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ քննվող քրեական գործի վարույթը:
Կայացված որոշման համաձայն՝ «Հայէկոնոմբանկի» տնօրենների խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի եւ «Նարեկ» ՍՊԸ տնօրեն Արտաշես Ստեփանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով: Արտաշես Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդումը նույն՝ հանցակազմի բացակայության հիմքով դադարեցվել է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելը): Նույն որոշման համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության սպառնալիք) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելը) քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով: