Շաբաթ օրը՝ հունիսի 19-ին, հրապարակեցինք «Դավիթաշենի կամուրջը փլվո՞ւմ է» վերնագրով ինֆորմացիան, որում ասվում էր, որ ուրբաթ օրը կայացած քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ քննարկվել է Դավիթաշենի կամրջի վերանորոգման հարցը, եւ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ասել է՝ «Կամուրջն իսկապես կապիտալ վերանորոգման խնդիր ունի, ու եթե 2011թ.-ին այս հարցը չլուծվի՝ կունենանք լուրջ խնդիրներ»: Երեկ ամբողջ օրը խմբագրությունում զանգեր էինք ստանում անհանգստացած քաղաքացիներից, որոնք ցանկանում էին պարզել, թե ինչու է փլվում Դավիթաշենի կամուրջը, եւ արդյոք չկա՞ որեւէ լուծում: Այս հարցերով դիմեցինք քաղաքապետարան, որտեղից ստացանք հետեւյալ պարզաբանումը. «Դավիթաշենի կամրջի հետազոտման ու վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմվել են 2009 թվականին: Կատարված մասնագիտական ուսումնասիրության արդյունքներով կամրջի տեխնիկական վիճակը վթարային չի գնահատվել, ընդամենը կամուրջը ընթացիկ վերանորոգման անհրաժեշտություն ունի: Դավիթաշենի կամրջի մետաղական կոնստրուկցիաները տեղադրված են ավելի քան 20 տարի, եւ վերանորոգումը պայմանավորված է դրանց թարմացման անհրաժեշտությամբ: Վերանորոգման նախագծով նախատեսվում է կարգավորել կամրջի էստակադային հատվածի եւ մետաղական թռիչքների ջրահեռացման համակարգը: Հիմնական խնդիրն այն է, որ արտաքին ջրերը կամրջի դեֆորմացիոն կարերով ներթափանցում են արտաքին շերտի տակ՝ առաջացնելով կոռոզիայի երեւույթներ: Նախատեսվում է նորոգել նաեւ երթեւեկելի հատվածի տեղ-տեղ քանդված ասֆալտե շերտն ու թարմացնել հենարանների բետոնյա կոնստրուկցիաները: Նշենք, որ ի թիվս Երեւանի 26 այլ կամուրջների՝ Դավիթաշենի կամուրջն այժմ մասնագիտացված կազմակերպության կողմից ամենօրյա ռեժիմով սպասարկվում է: Իսկ նախատեսվող վերանորոգումը սովորական ծրագրային աշխատանք է, նորոգման այդպիսի աշխատանքներ կամրջային բոլոր կառույցների համար ժամանակի ընթացքում իրականացվում են:
Դավիթաշենի կամրջի վերանորոգման աշխատանքներն ընդգրկված են մայրաքաղաքի 2011 թվականի բարեկարգման քաղաքային ծրագրերում: Տեղեկացնենք, որ քաղաքային ծրագրերը ֆինանսավորվում եւ իրականացվում են Երեւան համայնքի բյուջեի միջոցներով, որը հաստատվում է Երեւանի ավագանու կողմից»: