Շաբաթ օրը՝ հունիսի 19-ին, տեղի է ունեցել վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:Նիստում անդրադարձ է եղել «Երիտասարդներին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի իրականացման ընթացքին:Կառավարության ղեկավարի խոսքով, ծրագրի հաստատման առաջին իսկ օրվանից աշխատանքային խմբում տարբեր կարծիքներ կային պայմանների մասին:«Մասնավորապես, կարծիք կար, որ շատ արագ այս 3 միլիարդ դրամը կսպառվի, եւ մենք ստիպված կլինենք նոր միջոցներ տրամադրել:Ես համոզված էի, որ մեր սահմանած չափանիշները բավականին խիստ են եւ, միգուցե, ծրագրի սկզբի համար արդարացված, որպեսզի մենք կարողանայինք ապրոբացիայի ենթարկել մեր մեթոդաբանությունը, ինչպես նաեւ բանկերը պատրաստ լինեին դրան:Մենք պետք է կարողանայինք ծրագիրը վերահսկել, օգտվելու կարգերը պետք է հասնեին բոլոր համայնքներ առեւտրային բանկերի միջոցով, բայց այօրվա նախնական գնահատականները ցույց են տալիս, որ իրականում ծրագիրը դանդաղ է առաջ գնում, եւ մենք պետք է անդրադառնանք վարկային պայմաններին: Կարծում եմ, ճիշտ կլինի, որ հակառակ պատկերը լինի՝ հայտերը տասնապատկվեն ու ավելի շատ լինեն:Բանկերը բավականին կոնսերվատիվ են մոտենում այս հարցին, որովհետեւ ռիսկերն ամբողջությամբ իրենց վրա են՝ վարկերի վերադարձելիության հետ կապված:Դա նշանակում է, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք սուբսիդավորման չափանիշներին եւ տոկոսադրույքներին՝ հնարավորին չափ երիտասարդների մասնակցությունն ապահովելու համար:Համենայնդեպս, առաջին փուլի արդյունքներն այդ մասին են վկայում:Երեւի թե մենք նորից պետք է հավաքենք մեր աշխատանքային խումբը Կենտրոնական բանկի աշխատակիցների հետ միասին եւ եւս մեկ անգամ անդրադառնանք այս խնդրին:Մենք պատրաստ ենք ավելացնել ֆինանսավորման միջոցներն այս ծրագրի համար եւ նույնիսկ պատրաստ ենք ներգրավել միջազգային դոնոր կազմակերպություններին ծրագրի հաջող իրականացման համար»,- նշել է գործադիրի ղեկավարը:Ըստ նրա՝ հնարավոր է՝ առաջին փուլում մարզերի համար ստեղծվեն ավելի մատչելի պայմաններ՝ տարածքային համաչափ զարգացման գերակայությունը կառավարության ծրագրերում ավելի ընդգծված երեւալու համար, էապես մեղմացվեն պայմանները համայնքային հայտերի վերաբերյալ. «Այսինքն՝ եթե մարզերում, համայնքներում կլինեն այդպիսի հայտեր, ապա կփորձենք ավելի արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկեր տրամադրել:Կտեսնենք՝ ինչպիսի կախվածություն կա այդ պայմանների մեղմացման միջեւ եւ հայտերի քանակի ավելացման:Եթե զգանք, որ այդ կապն աշխատում է, ապա կփորձենք հետագայում տարածել հանրապետության ամբողջ տարածքով մեկ»: