Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՃՈՒՄ ԵՆՔ ՈՒ ԱՃՈՒՄ

Հունիս 22,2010 00:00

\"\"Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2010թ. հունվար-մայիս ամիսների համար: Ըստ այդ տվյալների՝ մեր երկրի տնտեսության վիճակն ուղղակի OK է՝ ՀՆԱ-ն հանրապետությունում հունվարից մայիս ամիսներին կազմել է 1016842,9 մլն դրամ, աճի տեմպը կազմել է 108,8%: Եթե հունվարի համեմատ ՀՆԱ-ն հանրապետությունում աճել է 8,8%-ով, ապա նախորդ ամսվա՝ ապրիլի համեմատ՝ ամբողջ 14.3%-ով: Իսկ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը հունվար-մայիս ամիսներին աճել է 9,9%-ով:
Ընդհանուր առմամբ հունվարից մայիս ամիսներին աճ է արձանագրվել մեր ողջ տնտեսության համար. 12,1% աճ՝ արդյունաբերության ոլորտում՝ բացարձակ արժեքով 305061.3 մլն դրամ (ընդ որում, նկատենք, որ նախորդ ամսվա համեմատ 6,3%-ով անկում է եղել): Էլեկտրաէներգիայի արտադրությունը նույն ժամանակահատվածում աճել է 14,6%-ով եւ նույնպես նախորդ ամսվա՝ ապրիլի համեմատ անկում է գրանցել՝ 7,9%: Բացարձակ արժեքը հունվարից մայիս կազմել է 2657,6 միլիոն կՎտ/ժամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը մայիսին հունվարի համեմատ գրանցել է 0,9% աճ՝ կազմելով ընդհանուր առմամբ 96237,5 մլն դրամ: Եվ բնական, «սեզոնային» թռիչք կա ապրիլի համեմատ՝ 54,5%-ով ավելի:
Շինարարությունը, որն «ամենաընկած» ոլորտն էր, սկսել է մեծ թափով աճել. տարվա սկզբի համեմատ մայիսին աճը կազմել է 12,5%, իսկ նախորդ ամսվա համեմատ ուղղակի վագրային թռիչք է գրանցել՝ ավելի քան կրկնակի աճելով՝ 109,9%-ով: Բացարձակ թվով դա կազմել է 108842,1 մլն դրամ: Մանրածախ առեւտուրը, որը սեզոնային բնույթ չի կրում եւ քիչ է կախված տնտեսական ճգնաժամից, առանձնապես թռիչքներ չի գրանցել՝ ընդամենը 1,3%, եւ նույնիսկ 2,4% անկում է դիտարկվել նախորդ՝ ապրիլ ամսվա հետ համեմատած: Մայիսի դրությամբ բացարձակ արժեքը կազմել է 367044,8 մլն դրամ:
Պաշտոնապես գրանցված գործազուրկների քանակը կազմել է 84,9 հազար մարդ, ինչը հունվարից-մայիս ընկած ժամանակաշրջանում 1,2% աճ է ցույց տալիս, իսկ ապրիլից մայիս՝ 0,4% անկում:
Միջին աշխատավարձը հանրապետությունում ըստ ԱՎԾ-ի՝ կազմում է 103 549 դրամ, որը հնգամսյա կտրվածքով աճել է 6,5%-ով, սակայն ապրիլի համեմատ 0,5%-ով նվազել է:
Եվ վերջապես՝ արտաքին առեւտրաշրջանառությունը հունվարից մայիս ընկած հատվածում կազմել է 1 մլրդ 776 մլն դոլար կամ՝ 686,6 մլրդ դրամ, որը 34,5% աճ է ցույց տալիս հնգամսյա կտրվածքով, սակայն 1,1% անկում՝ նախորդ ամսվա համեմատ: Ընդ որում՝ արտահանումը հունվար-մայիս ամիսներին աճել է 64,5%-ով՝ կազմելով 364,1 մլն դոլար կամ 141,1 մլրդ դրամ (թեեւ ապրիլի համեմատ մայիսին անկում է եղել 18,7%-ով), իսկ ներկրումը աճել է 28,5%-ով եւ կազմել 1411,9 մլն դոլար կամ 545,5 մլրդ դրամ՝ ապրիլի համեմատ մայիսին աճելով 4,5%-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել