Մասնագիտությամբ մանկավարժ ընդդիմադիր գործիչը վստահ է, որ օտարալեզու դպրոցներ բացելը ռուսական պատվեր է:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու ՀՀ կառավարության նախաձեռնությանն անդրադարձավ նաեւ ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ, մանկավարժ Լյովա Եղիազարյանը, ով 1990-ականների սկզբներին հասցրել է լինել ե՛ւ ռուսական, ե՛ւ հայկական դպրոցների տնօրեն, ե՛ւ նորանկախ Հայաստանում առաջին վարժարաններից, այլ կերպ ասած՝ առաջին ավագ դպրոցներից մեկի՝ «Էվրիկա»-ի հիմնադիրը: Նա զբաղեցրած պաշտոնից հեռացվեց 2003-ին՝ քաղաքական շարժառիթներով: «Մի պետություն, որը բռնապետական հակումներ ունի, չի կարող կրթական ոլորտում, ինչպես իշխանություններն են ասում՝ կրթական, եւ այն էլ՝ արդյունավետ, բարեփոխումներ իրականացնել: Կրթությունը պետական կառավարման բաղկացուցիչներից մեկն է, եւ եթե պետության ներսում գոյություն ունի կաշառակերություն եւ կաշառատվություն, ընչաքաղցություն, ստորություն ու միջակություն, կրթությունը չի կարող ավելի որակյալ ու արդյունավետ, այդ արատավոր համակարգից ձերբազատված լինել»,- հայտարարեց Լ. Եղիազարյանը: Նա հիշեցրեց, որ օտարալեզու դպրոցներ եղել են նաեւ նախկինում՝ խորհրդային տարիներին, եւ այդ դպրոցների շրջանավարտները, ըստ էության, ո՛չ նորմալ հայերեն գիտեին ու ո՛չ էլ լավ ռուսերեն: «Ես ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ այսօր դեմ եմ եղել դրան ու այսօր էլ դեմ եմ ու չեմ պատկերացնում՝ կրթության նախարար աշխատող մարդը ինչպե՞ս չի հասկանում, որ լեզուն ոչ միայն հաղորդակցության միջոց, այլեւ մտածողություն է: Մայրենի լեզուն դպրոցում այլ լեզվով փոխարինելը կրթության արդյունավետության տեսանկյունից արդյունավետ միջոց չէ: Փոխել կրթության լեզուն՝ նշանակում է փոխել մտածողությունը: Ինձ համար զարմանալի ու անհասկանալի է՝ երբ երկրում ոչ մի օրենք չի գործում, ի՞նչ բարեփոխումներ անելու մասին է խոսքը: Այսօր դպրոցներում համատարած կուսակցականացում է տեղի ունենում, դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները ընտրական կեղծիքների մասնակից են դառնում, ու դա, բնականաբար, մի օր պիտի բերեր կրթական համակարգի վարկաբեկման եւ անկման: Եթե վերեւում համակարգը կոռումպացված է, ներքեւներում այդպիսին չլինել չի կարող, ու դա է կրթական համակարգի ցածրորակության պատճառը: Դպրոցում վախ է մտել, աշխատանք կորցնելու վախ, ու այդ պայմաններում չի կարող արդյունավետ բարեփոխում իրականացվել: Պետք է նախ բարեփոխվի պետական կառավարման ամբողջ համակարգը՝ իր բոլոր թեւերով: Երկրորդ՝ միջին դպրոցն ուժեղացնելու, ֆինանսական խնդիրները լուծելու, դպրոցը քաղաքականությունից եւ ընտրություններից հեռու պահելու խնդիրները պետք է լուծել, հետո միայն կրթական «բարեփոխման» ու միջազգային չափանիշներին համապատասխանության հարց բարձրացնել: Ըստ իս, դպրոցը, կրթական համակարգը պետական անվտանգության ապահովման բաղադրիչ է, ու այդ իմաստով, իմ կարծիքով, գիտության եւ կրթության նախարարն էլ պետք է Անվտանգության խորհրդի անդամ լիներ: Բայց այն, ինչ կատարվում է հիմա՝ այս օրենսդրական նախաձեռնության միջոցով, կրթական ոլորտում որեւէ բարեփոխում իրականացնելու հարց չի լուծելու: Համոզմունք ունեմ, որ դա բացառապես քաղաքական շարժառիթներ ունի: Իշխանությունները սա անում են Ռուսաստանի պատվերով՝ ռուսական դպրոցները Հայաստանում վերականգնելու հեռահար նպատակով: Վարչախումբը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, փորձում է դրանով Ռուսաստանին իր նվիրվածությունը ցուցադրել՝ հերթական անգամ հուսալով, որ ռուսները կճանաչեն իր լեգիտիմությունն ու կաջակցեն իրեն»,- հայտարարեց Լ. Եղիազարյանը: Ի պատասխան այն հարցին, թե՝ ինչո՞ւ է ինքն այդքան վստահ, Լ. Եղիազարյանն ասաց. «Դա ինձ հուշում է այն փութաջանությունը, որով իշխանությունները փորձում են ընդունել տալ այս օրինագիծը: Հակառակ դեպքում դրա մասին խոսելու նույնիսկ ժամանակը չէր: Կարծում եմ՝ անկախ պետականության պայմաններում սա, «Հոկտեմբերի 27»-ից եւ «Մարտի 1»-ից հետո, ամենազազրելի ու հանցագործ նախաձեռնությունն է, որով հանդես են գալիս այս իշխանությունները: Եթե դրսից պատվեր եւ իշխանության համար լեգիտիմության խնդիր չլիներ, նման քայլի նրանք չէին գնա: Ռուս փոխնախարարներից մեկը դեռ մի քանի ամիս առաջ հայտարարել էր, թե լավ կլինի, որ ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվի դրվածքը բարելավվի: Հիմա այս վարչախումբը հանուն իր իշխանության լեգիտիմացման պատրաստ է բանավոր պատվերն ի կատար ածել՝ ցանկացած, նույնիսկ մեր ազգային շահն ու անվտանգությունը վտանգելու գնով»: