Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆ Ի՞ՆՉ

Հունիս 22,2010 00:00

Ի՞նչ անել, եթե ՀՀ գլխավոր դատախազը դատարանի վճիռը չի կատարում

41 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող Հայկ Մարգարյանը, որը 14 ու կես տարի աշխատել է դատախազության համակարգում՝ որպես բաժնի, հետո պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ, ունի արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան, 2007-ի հունիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազի թիվ 39 հրամանով առողջական վիճակի պատճառով ազատվել է պաշտոնից եւ ուղարկվել երկարամյա ծառայության կենսաթոշակի: Մինչեւ 2008թ. օգոստոս ամիսը ներառյալ նա կանոնավոր կերպով բավականին բարձր կենսաթոշակ է ստացել: Ամեն ինչ, սակայն, փոխվել է 2008թ. օգոստոսից, երբ ՀՀ գլխավոր դատախազի 2008թ. օգոստոսի 21-ի թիվ 166 հրամանով Հայկ Մարգարյանի կենսաթոշակի վճարումը դադարեցվել է այն պատճառաբանությամբ, թե նրա «կենսաթոշակի գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիվանդության վերաբերյալ նրա ներկայացրած փաստաթղթերը լիարժեք չեն, տրվել են դեռեւս 2005թ.-ին, իսկ աշխատանքից ազատվելիս՝ 2007թ. հունիսի 1-ի դրությամբ, նրա առողջական վիճակի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի ներկայացվել»: Արդյունքում՝ Հ. Մարգարյանը արդեն մոտ երկու տարի զրկված է վաստակած կենսաթոշակը ստանալու իրավունքից: Իհարկե, Գլխավոր դատախազությունը համարում է, որ Հ. Մարգարյանին կենսաթոշակից զրկելու իրավունք ինքն ուներ, ու թիվ 166 հրամանի համար հիմք է հանդիսացել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, ըստ որի՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում՝ «օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետեւանքով, կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում»։ Ուստի ըստ դատախազության՝ «սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը (թիվ 39 հրամանը- Ն. Մ.)» կարող է անվավեր ճանաչվել ոչ միայն դատական ակտով, այլեւ այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի՝ տվյալ դեպքում դատախազության կողմից: Հ. Մարգարյանը սրա հետ համաձայն չէ: Հավանաբար շատերը «ծեծված» ձեւակերպում կհամարեն, բայց նրա համոզմամբ, ՀՀ գլխավոր դատախազի հիշյալ հրամանը քաղաքական շարժառիթներ ունի: Բանն այն է, որ կենսաթոշակի անցնելուց հետո, դեռ 2008թ. նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում եւ դրանից հետո էլ, նախկին դատախազը պարբերաբար մասնակցել է ընդդիմության հանրահավաքներին, ու, ենթադրաբար, հենց դա է եղել նրան կենսաթոշակից զրկելու ողջ իմաստը՝ պատժել: Այս փաստարկի օգտին է խոսում, թերեւս, նաեւ այն հանգամանքը, որ ինչպես Հ. Մարգարյանն ասաց՝ իր հետ միասին առողջական խնդիրների պատճառով կենսաթոշակի է անցել դատախազության եւս մի քանի աշխատակից, որոնք շատ ավելի վաղուցվա բժշկական փաստաթղթեր են ներկայացրել, քան ինքը, բայց նրանցից որեւէ մեկը իր հասանելիք կենսաթոշակից չի զրկվել:
Արդեն մոտ 2 տարի է, ինչ Հ. Մարգարյանն իր ոտնահարված իրավունքը վերականգնելու համար բախում է հայաստանյան դատարանների դռները, դեռ 2009թ. ապրիլի 22-ին ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Հ. Բեդեւյանի նախագահությամբ, թեեւ մասնակիորեն, բայց, ըստ էության, բավարարել էր Հ. Մարգարյանի՝ 2008թ. նոյեմբերի 18-ին ՀՀ վարչական դատարան ներկայացրած հայցը, որով պահանջվել էր ՀՀ գլխավոր դատախազի թիվ 166 հրամանն առ ոչինչ ճանաչելու, անօրինական կարգով դադարեցված կենսաթոշակի վճարումը դադարեցված օրվանից վերսկսելու, նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 4000 դրամ, պատասխանողից բռնագանձելու պահանջի մասին: Վճռում դատարանը շեշտել էր, թե «սույն գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ կեղծ կամ ոչ հավաստի փաստաթղթեր չեն հայտնաբերվել»։ Դատարանը, ըստ այդմ, վճռել էր՝ «ճանաչել (հաստատել) ՀՀ գլխավոր դատախազի 21.08. 08թ. թիվ 166 հրամանի առ ոչինչ լինելը», նաեւ՝ «ՀՀ գլխավոր դատախազությունից հօգուտ հայցվորի բռնագանձել 4000 դրամ, որպես վերջինիս կողմից վճարված պետական տուրքի փոխհատուցում»՝ վճռում արձանագրելով նաեւ, որ «կամովին չկատարելու դեպքում վճիռը կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին»: Գլխավոր դատախազությունն, իհարկե, բողոքարկել էր այս վճիռը ՀՀ վճռաբեկ դատարանում, բայց հետո դատարանին խնդրել էր ետ վերադարձնել բողոքը: Այդպիսով, ՀՀ վարչական դատարանի՝ ՀՀ գլխավոր դատախազի թիվ 166 հրամանի առ ոչինչ լինելը ճանաչելու վերաբերյալ 22.04.2009թ. վճիռը 2009թ. հուլիսի 13-ից մտել է օրինական ուժի մեջ: Չնայած դրան, նախկին դատախազ Մարգարյանն իր հասանելիք կենսաթոշակը չի ստանում: ՀՀ գլխավոր դատախազը Հ. Մարգարյանին ուղղված իր պաշտոնական գրությամբ հրաժարվել էր վճիռը կատարելուց՝ պարզաբանելով, թե կենսաթոշակի վճարումը դադարեցնելու պահանջով հայց է ներկայացրել դատարան, եւ մինչեւ այդ նոր հարուցված գործով դատական ակտի ուժի մեջ մտնելը չի կատարի գործով վճիռը կամովին կատարելու մասին պահանջը: Հ. Մարգարյանի մատուցմամբ, Գլխավոր դատախազությունում հասկացել էին, որ կենսաթոշակի վճարումը դադարեցնելը հնարավոր էր անել բացառապես դատարանի միջոցով, ուստիեւ՝ հետին թվով փորձել էին իրենց սխալն ուղղել եւ դատարան էին մտնել:
Հ. Մարգարյանն իր հերթին ՀՀ վարչական դատարանից կատարողական թերթ էր ստացել եւ դիմել էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Մ. Պողոսյանին՝ Վարչական դատարանի վճիռը հարկադիր կարգով ի կատար ածելու պահանջով: Բայց ԴԱՀԿ-ն բավարարվել էր միայն նրանով, որ պարտադրել էր ՀՀ գլխավոր դատախազությանը Հ. Մարգարյանին վճարել միայն վճռով նախատեսված 4000 դրամ պետական տուրքի գումարը: Վճռի մնացած մասի՝ թիվ 166 հրամանն առ ոչինչ ճանաչելու հարկադիր կատարումն ապահովելու ուղղությամբ պահանջը ԴԱՀԿ-ն իր լիազորություններից դուրս էր համարել ու «Կատարողական վարույթը կարճելու մասին» որոշում էր կայացրել: Մեկ այլ հայցով էլ նախկին դատախազը Վարչական դատարանում բողոքարկել էր ԴԱՀԿ գործողությունները՝ պահանջելով առ ոչինչ ճանաչել «Կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումը: Սրան զուգահեռ, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը դեռեւս չստացած ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը հայցադիմում էր ներկայացրել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ Հայկ Մարգարյանի կենսաթոշակի վճարումը դադարեցնելու պահանջով: Դատարանը հայցը նախ՝ վարույթ էր ընդունել, բայց կարճ ժամանակ հետո այն փոխանցել էր ՀՀ վարչական դատարանին: 2010թ. ապրիլին Վարչական դատարանն իր վճռով մերժել էր Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հ. Մարգարյանի, իսկ ահա ԴԱՀԿ-ի դեմ Հ. Մարգարյանի հայցի առնչությամբ էլ 2010թ. հունիսի 3-ին Վարչական դատարանը վճիռ էր կայացրել, ըստ որի՝ դատախազությունը պարտավոր է կատարել Վարչական դատարանի կողմից Գլխավոր դատախազության թիվ 166 հրամանն առ ոչինչ ճանաչելու մասին կայացված վճիռը, իսկ ԴԱՀԿ-ն այդ վճռի կատարման առնչությամբ հարկադիր գործողություններ ձեռնարկելու հետ որեւէ կապ չունի: «Ես էլ հարց եմ տալիս՝ եթե դատախազը չի կատարում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, բա ո՞վ եւ ե՞րբ պիտի կատարի, կամ ո՞վ պիտի պարտադրի դատախազին կատարելու Վարչական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը»,- հարցադրում արեց Հ. Մարգարյանը՝ հավելելով, թե հիմա էլ ինքը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ որտեղից դեռ որեւէ պատասխան չի ստացել: Նախկին դատախազը 2009-ին երկու անգամ եւ արդեն 2010թ. հունվարին ստիպված էր եղել սույն խնդրով դիմել նաեւ ՀՀ նախագահին՝ վճռի հարկադիր կատարումն ապահովելու հարցում աջակցելու եւ միջամտելու խնդրանքով, բայց պատասխան առ այսօր չի ստացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել