Երեկ «Երկրապահ կամավորականների միությունը», անդրադառնալով հունիսի լույս 19-ի գիշերը Մարտակերտի Չայլուի հատվածում տեղի ունեցած միջադեպին, արձանագրել է, որ «փաստորեն ադրբեջանական կողմը բացահայտ արհամարհանք է դրսեւորում թե՛ ՀՀ եւ Արցախի, թե՛ ՌԴ նախագահի եւ առհասարակ միջազգային հանրության, թե՛ իր իսկ ստանձնած պարտավորությունների նկատմամբ: Կատարվածն ուղղակի սպառնալիք է առանց այն էլ փխրուն խաղաղությանը: Ադրբեջանցիները մի հերթական անգամ ապացուցեցին, որ խաղաղությունն իրենց համար գրոշի արժեք չունի, ինչպես նաեւ գրոշի արժեք չունեն անմեղ մարդկային զոհերը:
Արձանագրված փաստն առաջացրել է ողջ հայ ժողովրդի զայրույթը: Մենք ցավակցում ենք թշնամու դիվերսիային զոհ գնացած տղաների հարազատներին»:
ԵԿՄ-ն հայտարարել է, թե նմանօրինակ դեպքերը չպետք է անպատիժ մնան, որ «ԵԿՄ-ն նվիրված է արյամբ ազատագրված տարածքների պաշտպանության գործին, միշտ կանգնած է լինելու հայ ժողովրդին, հայկական պետականությանը հուզող խնդիրների հայանպաստ կարգավորման դիրքերում: ԵԿՄ-ն բարձր է գնահատում խաղաղությունն իբրեւ արժեք, հիշեցնում, որ հանուն խաղաղության հայկական կողմն արդեն իսկ մեծագույն զիջումների է գնացել, իսկ ժամանակին մեզ պատերազմ պարտադրած թշնամուն խաղաղություն ենք պարտադրել: ԵԿՄ-ն կոչ է անում միջազգային հանրությանը՝ խստորեն դատապարտել ադրբեջանական հերթական սադրանքը. մի՛ ստիպեք, որ մենք հարկադրված լինենք ինքներս պատժել ոճրագործին: Դա չի բխում տարածաշրջանային կայունության շահերից, բայց այլընտրանք չունենալու պարագայում ՀՀ եւ Արցախի անկախությունն ու ազատությունը նվաճած երկրապահն ունակ է պահպանել ու պաշտպանել հայկական պետությունները, հայկական պետությունների քաղաքացիներին»,- ասված է երկրապահների տարածած հայտարարության մեջ: