Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԳԻՏԻ՞ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ

Հունիս 22,2010 00:00

\"\"Համենայնդեպս, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակը երեկ նրան հարց ուղղեց Մոնթե Մելքոնյանի մասին

Երեկ մինչ կսկսվեին Վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքները՝ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում ադրբեջանական «ANS TV»-ի հարցին, թե որպես ԵԽԽՎ նոր նախագահ՝ ի՞նչ դեր կարող է ունենալ ԼՂ խնդրի կարգավորման մեջ, այսպես պատասխանեց. «Խորհրդարանական վեհաժողովի համար լավագույն ուղին վստահ լինելն է, թե 1416 բանաձեւը, որն ընդունվել է 2005 թվականին՝ կիրականացվի: Սա լավ բանաձեւ է, որը պետք է իրականացնեն երկու կողմերն էլ, եւ այն կբերի կայունություն, անվտանգություն եւ խաղաղություն տարածաշրջանում»:
Լիագումար նիստի ընթացքում առաջին անգամ ԵԽԽՎ առջեւ հանդես եկավ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնած՝ նախկին Հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիայի ԱԳ նախարար Անտոնիո Միլոշոսկին, որին հարցեր ուղղեցին նաեւ 3 ադրբեջանցի եւ 1 հայ պատվիրակներ: Ռաֆայել Հուսեյնովը հայտարարեց, թե Հայաստանը պետականորեն աջակցում է ահաբեկչությանը, եւ դրա ապացույցներից մեկը «Մոնթե Մելքոնյանին՝ ահաբեկչության համաշխարհային ցանցի հայտնի դեմքերից մեկին, Հայաստանի ազգային հերոս հռչակելն է: Ինչո՞ւ է Եվրոպայի խորհուրդը հանդուրժում, որ իր անդամ պետությունն այսպիսով ստվեր նետի իր վարկի վրա»: Անտոնիո Միլոշոսկին նախ շփոթված պատասխան տվեց, թե սա շատ հապճեպ հարց էր, որն ի գիտություն կընդունի: Հետո սկսեց ընդհանուր դրույթներ ասել, թե ԵԽ անդամ բոլոր պետությունները պետք է աջակցեն ժողովրդավարական զարգացումներին, երկխոսությանը եւ ձեռնպահ մնան բռնությանը եւ ահաբեկչությանը որեւէ սատարումից:
Հաջորդը Գյուլթաքին Հաջիբեյլին էր, որն էլ բողոքեց ԼՂՀ անցկացրած ընտրություններից՝ պնդելով, թե դրանք կանդրադառնան բանակցային գործընթացի վրա: ԵԽ նախարարների կոմիտեի նախագահն ասաց, թե ԼՂՀ-ն ճանաչված չէ միջազգային հանրության կողմից, եւ աջակցություն հայտնեց Մինսկի խմբի ջանքերին՝ այս հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ. «Մեկ անգամ եւս կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին՝ ինտենսիվացնել իրենց ջանքերը՝ գտնելու ԼՂ խնդրի խաղաղ լուծում՝ համաձայն այն պարտավորությունների, որոնք ստանձնել են ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը ԵԽ-ին անդամակցելիս»: Գանիրա Փաշաեւան էլ հարց տվեց «1 մլն ադրբեջանցի փախստականների» մասին եւ հետաքրքրվեց, թե իբրեւ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու նրանց ոտնահարված իրավունքները վերականգնելու համար: Անտոնիո Միլոշոսկին ասաց. «Ես կարող եմ նաեւ աջակցել Եվրոպայի խորհրդի շատ ավելի մեծ կամ տեսանելի գործողություններին, այդ թվում՝ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի կողմից: Սա կարող է ներառել այցն Ադրբեջան ու Հայաստան՝ քաղաքական աջակցություն ցուցաբերելու այս հարցի ավելի արագ երկխոսությանը եւ ուշադրություն դարձնելով փախստականների հարցին»:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի հարցը հետեւյալն էր. «Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի իշխանությունների գործողությունները, որոնք անընդհատ հայտարարում են պետության ու հասարակության ռազմականացման անհրաժեշտության մասին, ամրապնդում ռազմաշունչ ու թշնամական հռետորաբանությունը՝ ամենաբարձր պաշտոնյաների կողմից եւ նույնիսկ օրենսդրական մակարդակով: Սրա վերջին ապացույցը հունիսի 8-ին հաստատված երկրի ռազմական դոկտրինն է, որն իրավունք է վերապահում օգտագործել բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում նաեւ՝ ռազմական ուժ»: ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն ի պատասխան ասաց. «Որքան երկար այս հարցը տեւի, այնքան կմեծանան երկկողմ տարաձայնությունների ռիսկերը: Ուստի, մենք կոչ ենք անում երկու կողմերին էլ մտնել բաց, անկեղծ եւ տեւական երկխոսության մեջ»:
Հ. Գ. ԵԽԽՎ-ն երեկ քննարկեց Բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի հաշվետու զեկույցը, որում նաեւ նշված էր, թե Ռաֆայել Հուսեյնովի եւ այլոց ստորագրած բանաձեւի նախագիծը՝ «Հայաստանի վճռականությունը դառնալու մոնոէթնիկ պետություն եւ իրականացնելու քաղաքականություն ընդդեմ իր ազգային փոքրամասնությունների»՝  ուղարկվել է Մոնիթորինգի հանձնաժողովին, որ այս փաստաթուղթը հաշվի առնի Հայաստանի վերաբերյալ զեկույցի պատրաստման ժամանակ: Հաշվետու զեկույցի մասին ելույթի համար հերթագրվել էր Արմեն Ռուստամյանը: Սակայն նրան չտրվեց խոսքի իրավունք, քանի որ քննարկմանը հատկացվել էր 13 րոպե, ու ելույթ ունեցան միայն խմբակցությունների ներկայացուցիչները, ինչի կապակցությամբ ՀՅԴ ներկայացուցիչը նիստում հայտնեց իր դժգոհությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել