Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՋՆ ԻՐ ԱՀԻՑ Է ԳՈՌՈՒՄ»

Հունիս 22,2010 00:00

\"\"Այդպես է Էդուարդ Շարմազանովը բացատրում Ադրբեջանի վարքագիծը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ Սանկտ Պետերբուրգում էր անդրադարձել Ադրբեջանի եւ ԼՂՀ ՊԲ շփման գծում ադրբեջանական զինուժի կազմակերպած ուրբաթ՝ լույս շաբաթ գիշերվա սադրանքին: Ցավակցելով զոհվածների հարազատներին՝ ՀՀ նախագահն ասել է. «Այս փաստը մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ համանախագահները, ներգրավված երկրները մտածելու բան ունեն: Ռազմատենչ հայտարարությունները, սադրանքները մնալով անպատիժ, չեմ ասում՝ անպատասխան, միշտ կարող են հանգեցնել այսպիսի կամ շատ ավելի վատ հետեւանքների»: Նույնքան կոշտ գնահատական է տվել կատարվածին նաեւ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը: Կատարվածին արձագանքել է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախագահն ամենեւին շահեկան վիճակում չի եղել եւ հենց այդ պատճառով նախատեսվածից շուտ է հեռացել՝ չմասնակցելով տնտեսական համաժողովին: Այն, որ արդեն նույն օրվա գիշերը տեղի ունեցավ ադրբեջանցիների դավադիր գիշերային հարձակումը, պարոն Շարմազանովը մեկնաբանեց ժողովրդական ասացվածքով՝ «Արջն իր ահից է գոռում»: Պատգամավորը վստահ է, որ ՌԴ նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպումը մեզ համար բավականին արդյունավետ էր՝ մի քանի պատճառներով. «Առաջինը այն է, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի, հանգուցային կետերի շուրջ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: Կարեւոր է ՌԴ-ի դերակատարությունը, որովհետեւ որպես համանախագահ երկիր՝ մեզ համար շատ դրական են ՌԴ նախագահի ջանքերը խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Հաջորդ կարեւոր կետն այն է, որ Ադրբեջանի փուչիկը պայթեց: Ամիսներ շարունակ այդ երկիրը հայտարարում էր, որ եթե Հայաստանը միակողմանի զիջումների չգնա, զորքերը դուրս չբերվեն ազատագրված տարածքներից, իրենք չեն վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն մասնակցեց սանկտպետերբուրգյան հանդիպմանը, այլեւ ընդունեց, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների տրամաբանությամբ, ինչի մասին գրվեց նաեւ ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջում: Սա խոսում է այն մասին, որ պայթեց երկու փուչիկ, Ադրբեջանը չկարողացավ իրենը պնդել եւ անցկացնել, եւ Ռուսաստանը չընդունեց այդ երկրի պնդումները: Ես չեմ բացառում, որ Բաքու վերադառնալով՝ Ալիեւ կրտսերը դարձյալ մեծ-մեծ կխոսի, սակայն դա պարզապես ապացույցը կլինի վերոհիշյալ ասացվածքի»:
Ըստ Էդուարդ Շարմազանովի, սանկտպետերբուրգյան հանդիպման հաջորդ կարեւոր ձեռքբերումն այն է, որ Թուրքիան մնաց խաղից դուրս, ինչպես որ պետք է լիներ. «Համանախագահ երկրների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացը եւ նախագահ Սարգսյանի հանդիպումը համանախագահների հետ եւս մեկ անգամ ապացուցեցին, որ դատապարտված են Թուրքիայի նկրտումները՝ քիթը խոթել ղարաբաղյան գործընթացի մեջ: Այս ընթացքը ցույց է տալիս, որ Ղարաբաղի հարցում Թուրքիան անելիք չունի եւ չի կարող ունենալ: Մենք շատ հստակ տեսանք, որ այս հանդիպումից հետո Թուրքիայի ճանապարհը այս կողմից փակված է»: Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ մինչ այս ադրբեջանական կողմից հնչող այն հայտարարություններին, որ իրենք իբր ընդունել են ինչ-որ մադրիդյան նոր առաջարկները. «Շատ հստակ է, որ մադրիդյան սկզբունքները եղել են դեռ 2007-ից: Դրանք բանակցությունների համար հիմք են, եւ այդ սկզբունքների տրամաբանությամբ էլ բանակցությունները պետք է շարունակվեն: Ըստ այս սկզբունքների, առաջին հերթին բացառվում է հարցի պատերազմական լուծումը, ինչպես նաեւ հստակ է նշված ԼՂ կարգավիճակի հարցը, որի մասին շարունակ խոսում է հայկական կողմը, իսկ ադրբեջանական կողմը իրականությունը խեղաթյուրելով՝ հայտարարում է, թե կարգավիճակի հարց չկա»: ՀՀԿ մամուլի խոսնակը կարեւորում է այն, որ թեպետ ադրբեջանական ԶԼՄ-ները սանկտպետերբուրգյան այցի մասին խոսելով՝ հայտարարում էին, թե Ալիեւի մեկնումը Սանկտ Պետերբուրգ պայմանավորված է բացառապես տնտեսական ֆորումին մասնակից լինելու հանգամանքով, մինչդեռ բոլորը տեսան, թե ինչպես եռակողմ հանդիպումից հետո Ալիեւը հեռացավ Սանկտ Պետերբուրգից եւ անգամ ներկա չգտնվեց այդ ֆորումին. «Այս ամենը ցույց է տալիս, որ միջազգային ասպարեզում Ալիեւը լուրջ խնդիրներ ունի: Բանակցային գործընթացը գնում է շատ նորմալ տրամաբանությամբ, մեր երկրի նախագահի գործն ու խոսքը երբեք չեն տարբերվել՝ ի տարբերություն Ադրբեջանի նախագահի: Հայկական կողմը շատ ավելի կառուցողական է տրամադրված, մենք կողմնակից ենք բանակցային գործընթացի շարունակմանը հենց այս ձեւաչափով: Իսկ ԼՂՀ հարցի վերջնական լուծումը կլինի միայն եւ միայն այն ժամանակ, երբ բանակցային սեղանի շուրջ կնստի Ղարաբաղը»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել