Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունիս 19,2010 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնվեցերորդ

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԹՌԻՉՔՆԵՐ

Եվ ես ժպտալով Ռաֆոյին ասացի՝ «նոր տարուց հետո անհետացար. էլ ոչ մի անգամ Կալոննի զալում չերեւացիր», եւ Ռաֆոն ժպտալով հարցրեց՝ «բա չես իմացե՞լ՝ ինչ էղավ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «Կասպարովը կրեց» եւ ծիծաղելով ավելացրի՝ «բայց՝ առանց քո օգնության», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «ես իմ անելիքն արդեն արել՝ պրծել էի», եւ ես ժպտալով ասացի՝ «դրա համա՞ր նոր տարուց հետո անհետացար», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «չիմացա՞ր՝ ինչ էղավ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «նոր տարուց հետո՝ հենց առաջին պարտիայի վախտ էլի մտան թեւերս ու տարան», եւ ես հարցրի՝ «բուֆետի՞ց», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «չէ՝ զալից», եւ ես հարցրի՝ «ո՞վ թեւերդ մտավ», եւ Ռաֆոն ասաց՝ «Կալոննի զալի միլիցեքը», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «իրանք քեզ զգուշացրել էին, որ զալ չմտնես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «էդ օրվա մտնելս պարտադիր էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ընդ որում՝ հենց պարտիայի սկզբից մտնելս էր պարտադիր», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞ էր պարտադիր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ օրը Գարիկը սպիտակներով էր խաղում», եւ ես հարցրի՝ «հետո՞ ինչ», եւ Ռաֆոն ասաց՝ «ես իրան պիտի հուշեի, որ E2-E4 խաղա», եւ ես ժպտալով հարցրի՝ «հուշեցի՞ր», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «էն էլ ո՜նց», եւ ես ժպտալով հարցրի՝ «խաղա՞ց», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «բա աչքն էլ չհանե՞ց», եւ ես ժպտալով հարցրի՝ «հետո՞», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «հենց որ Գարիկը E2-E4 խաղաց, էդ Կարպով կոչեցյալը մեկից գույնը գցեց՝ պատի ծեփ դառավ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որովհետեւ իրա շպիոններն ու մարզիչներն իրան լրիվ ուրիշ սկզբնախաղի էին նախապատրաստել», եւ ես մի քիչ մտածեցի ու հիշելով ասացի՝ «բայց կարծեմ էդ պարտիան էլ ոչ-ոքի պրծավ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց էդ ոչ-ոքին ճակատագրական ոչ-ոքի էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ ոչ-ոքիից հետո Կարպովը լրիվ չուլ դառավ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «համ ֆիզիկապես, համ էլ՝ հոգեպես», եւ ես հարցրի՝ «որ քեզ զալից հանեցին՝ ո՞ւր տարան», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «թեւերս մտած ինձ զալից հանեցին ու իրանց ավտոյով տարան ուղիղ Դոմոձեդովո, տոմսերը ձեռս տվին ու թռցրին Երեւան», եւ ես հարցրի՝ «խի՞», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «որովհետեւ ես էի իրանց ներշնչել, որ ըտենց անեն», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞ էիր ներշնչել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ սամալյոտի տոմսի փող չունեի, որ թռնեի Երեւան» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ տոմսի փող ունենայի, քո հետ նոր տարուց առաջ կթռնեի Երեւան», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ ուժեղ հիշողություն ունես», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «հետներդ կթռնեի Երեւան, նոր տարին հարազատներիս հետ կդիմավորեի» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «մանավանդ որ, էդ պահի դրությամբ, բարեկամներս ինձնից նադայել էին էղել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ բարեկամներ», եւ Ռաֆոն ասաց՝ «մոռացե՞լ ես, որ Մոսկվայում բարեկամիս տանն էի մնում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հիշում եմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամաչում էի բարեկամներիս ասեմ, որ սամալյոտի փող չունեմ», եւ ես ասացի՝ «ինձ ասեիր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քեզնից էլ էի ամաչում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ամաչելու ի՞նչ կար. կհասնեինք Երեւան՝ պարտքդ հետ կտայիր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ հիմի ես ըտենց ասում, բայց որ էն վախտ քեզնից տոմսի փող ուզեի, իմ մասին շատ վատ բան կմտածեիր», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ վատ բան պիտի մտածեի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կմտածեիր՝ էս մարդը դարի մրցամարտի ճակատագիրն ա որոշում, բայց իրա համար չի կարում մի հատ հասարակ սամալյոտի տոմսի ճար անի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «գիտե՞ս՝ ճիշտը որը կըլներ» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքն իր հարցին պատասխանելով ասաց՝ «ճիշտն էն կըլներ, որ տոմսիս փողը Կասպարովից կամ Կլարա Շահենովնայից ուզեի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «վերջիվերջո՝ իրա՛նց համար էի էդքան վախտ Մոսկվայում լռվել ու էներգիա ծախսում» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ասաց՝ «բայց իրանցից էլ չէի կարա ուզեմ», եւ ես հարցրի՝ «խի՞ չէիր կարա», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ չէին տա», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞ չպիտի տային» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «իրանց համար էդքան էներգիա էիր ծախսում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «հենց դրա համար էլ չէին տա», եւ ես հարցրի՝ «այսինքն», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «այսինքն, իրանց ուզածն էն էր, որ ես մնամ Մոսկվայում ու իրանց վրա գյուռ-գյուռ էներգիա ծախսեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «էդ էլ ա տրամաբանական», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ իրանք հասկանում էին, որ իրանց զորությունը տասնապատիկ էի ավելացնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրանք լավ գիտեին, որ իրանց զորության առնվազն հիսուն տոկոսն ինձնից ա, դրա համար էլ իրանց հեչ ձեռնտու չէր, որ Երեւան թռնեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց իրանք ամենակարեւորը չգիտեին», եւ ես հարցրի՝ «ամենակարեւորը ո՞րն ա», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «իրանք չգիտեին, որ ես էդ դարի մրցամարտի հետ կապված՝ իմ անելիքն արդեն հարուր տոկոսով արել՝ պրծել էի» եւ մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «ինչ որ ինձնից պահանջվում էր, արդեն արել՝ պրծել էի» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «մի բան որ ասեմ՝ մեր մեջ կմնա՞», եւ ես ժպտալով ասացի՝ «ասա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «էդ պահի դրությամբ՝ Կարպովի հարցերն էնքան հիմնավոր էի լուծել, որ նույնիսկ ինքս չէի կարա էդ լեշին վերակենդանացնեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «պարզ ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով հարցրեց՝ «մի բան էլ որ ասեմ՝ էլի մեր մեջ կմնա՞», եւ ես ժպտալով ասացի՝ «կարաս չկասկածես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով հարցրեց՝ «քեզ թվում ա՝ որ շատ ուզենայի, չէի կարա՞ առանց տոմսի Երեւան թռնեի», եւ ես ժպտալով ասացի՝ «պարզ ա, որ կարայիր», եւ Ռաֆոն զարմացած ինձ նայեց ու հարցրեց՝ «ո՞նց», եւ ես ժպտալով ասացի՝ «հսկիչներին կհիպնոսեիր ու առանց տոմսի կմտնեիր սամալյոտ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «ամենաբարդ ու ամենադժվար տարբերակն ես ասում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «դժվարը դժվար ա, բայց՝ ո՛չ քո համար», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «Դոմոձեդովոյում հսկողությունը մի քանի շերտից ա. մինչեւ մեկին գիպնոզ ես անում, մյուսն ա տոմս հարցնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «չհաշված միլիցեքը» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ընենց որ՝ էդ ամենադժվար տարբերակն ա», եւ ես հարցրի՝ «բա հեշտ տարբերա՞կը որն ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով հարցրեց՝ «որ ասեմ՝ մեր մեջ կմնա՞», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ճիշտն ուզում ես իմանաս, հեշտ տարբերակ վաբշե չկա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հեշտ տարբերակ որ ասում եմ, անձամբ իմ համար ա հեշտ», եւ ես ժպտալով հարցրի՝ «էդ ո՞րն ա», եւ Ռաֆոն ժպտալով նորից հարցրեց՝ «ոչ մեկին չես ասի, չէ՞», եւ ես ժպտալով ասացի՝ «չեմ ասի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ շատ ուզեի, կարայի լրիվ ինքնուրույն Երեւան թռնեի», եւ ես հարցրի՝ «ո՞նց», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շատ հասարակ» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «թռչունը ո՞նց ա ինքնուրույն՝ առանց տոմսի ու առանց սամալյոտի թռնում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «թռչունը թռչուն ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մարդ արարածն իրա մեջ սաղ թռչունների ու սաղ կենդանիների հատկություններն ունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «որ մարդ արարածը շատ ուզենա, կարա էդ սաղ թռչունների ու կենդանիների հատկություններն իրա մեջ զարգացնի ու կատարելության հասցնի», եւ ես Ռաֆոյի պատասխանը կանխազգալով հարցրի՝ «այսինքն, մարդը կարա՞ թռնի», եւ Ռաֆոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «որ շատ ուզենա՝ խի՞ չի կարա», եւ ես ժպտալով հարցրի՝ «սամալյոտի պե՞ս», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «սամալյոտից էլ լավ», եւ ես կատակով հարցրի՝ «հեչ թռած կա՞ս», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «մի քանի անգամ», եւ ես ապշահար հարցրի՝ «ո՞ւր ես թռել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով հարցրեց՝ «որ ասեմ՝ մեր մեջ կմնա՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մի անգամ Լենինգրադից Մոսկվա եմ թռել, էրկու անգամ էլ՝ Երեւանից Թիֆլիս» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ավելի ճիշտ, ոչ թե էրկու անգամ Երեւանից Թիֆլիս եմ թռել, այլ՝ մի անգամ Երեւանից Թիֆլիս եմ թռել ու Թիֆլիսից էլ հետ եմ թռել Երեւան», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «տուդա ի աբռատնը՞», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «բայց խի՞ ես ծիծաղում» եւ մի քիչ մտածեց ու ասաց՝ «հարց ես տվել՝ պատասխանում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղացած ավելացրեց՝ «թե չես ուզում՝ չեմ պատասխանի», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «պատասխանի», եւ Ռաֆոն նեղացած ասաց՝ «արդեն պատասխանեցի՝ պրծա», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «ուրիշ տեղ չես թռե՞լ», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «բայց խի՞ ես ծիծաղում», եւ ես ծիծաղս զսպելով ասացի՝ «չեմ ծիծաղում», եւ Ռաֆոն նեղացած ասաց՝ «ծիծաղելը պոզովպոչով ա՞ ըլնում», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «ուղղակի հարցնում էի», եւ Ռաֆոն նեղսրտած հարցրեց՝ «ի՞նչ էիր հարցնում», եւ ես ծիծաղս մեծ դժվարությամբ զսպելով հարցրի՝ «ուրիշ տեղ չե՞ս թռել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի քանի անգամ էլ Երեւանից Ապարան եմ թռել, բայց դրանք չեմ հաշվում», եւ ես ծիծաղս մի կերպ զսպելով հարցրի՝ «խի՞ չես հաշվում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ ասաց՝ «որովհետեւ էդ շատ կարճ մարշրուտ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ շատ ուզենաս, նույնիսկ դու կարաս Երեւանից Ապարան թռնես», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց կարամ», եւ Ռաֆոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «շատ հասարակ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «կարող ա՞ հասարակ թռչունի չափ էլ չկաս», եւ ես ժպտալով ասացի՝ «թռչունի հիմնական գործը թռնելն ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մարդ արարածի հիմնական գործն էլ մտածելն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ ճիշտ եմ ասում, ուրեմն՝ մտածի», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ մտածեմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մտածի, թե որն ա մարդու առավելությունը թռչունների ու կենդանիների նկատմամբ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով հարցրի՝ «ո՞րն ա», եւ Ռաֆոն ներողամտորեն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մարդ արարածը որ ուզենա, հեշտ ու հանգիստ կարա թռչունների ու կենդանիների արածն անի, բայց թռչուններն ու կենդանիներն ինչքան էլ ուզենան, չեն կարա մարդու արածներն անեն» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով հարցրեց՝ «թռչուններն ու կենդանիները կարա՞ն քո պես բանաստեղծություն գրեն», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «որ շատ ուզենան՝ երեւի կգրեն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քեզ շատ ես թերագնահատում» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «իրանք ինչքան էլ ուզենան, չեն կարա քո պես բանաստեղծություն գրեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «նույնիսկ իմ պես չեն կարա գրեն», եւ ես ժպտալով ասացի՝ «քո պես հաստատ չեն կարա գրեն» եւ ժպտալով ավելացրի՝ «փաստորեն, գերմարդ ես», եւ Ռաֆոն ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ իմաստով եմ գերմարդ», եւ ես ժպտալով ասացի՝ «մարդու պես բանաստեղծություն ես գրում, թռչունի պես էլ թռնում ես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «բանաստեղծություններս չես կարդացել՝ որ ըտենց ես ասում, բա որ կարդաս՝ ինչե՜ր կասես», եւ ես ժպտալով ասացի՝ «առանց կարդալու էլ համոզված եմ, որ ուժեղ ես գրում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «ինչի՞ ես համոզված», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որովհետեւ շատ ուժեղ երեւակայություն ունես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «թռչունները հաստատ չեն կարա իմ պես գրեն», եւ ես ժպտալով ասացի՝ «ոչ մեկիս պես էլ չեն կարա գրեն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «բայց որոշ բանաստեղծների պես կարան գրեն», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞ր բանաստեղծների պես կարան գրեն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դու ինձնից լավ գիտես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ուղղակի՝ բերանս ես բացել տալի» եւ մի քիչ էլ մտածեց ու սրտնեղած ասաց՝ «թարսի պես՝ էդ անտաղանդները սաղ թերթերում ու ժուռնալներում պոեզիայի բաժնի վարիչ են աշխատում ու սաղ տաղանդավորներին մերժում են» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հաստատ թռչունները դրանց պես կարան գրեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «գիտե՞ս խի», եւ ես ժպտալով հարցրի՝ «խի՞», եւ Ռաֆոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ էդ անտաղանդ անաստվածների գրածների մեջ ոչ մի միտք չկա» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «դրանց պես գրելու համար մարդ ըլնելը հեչ պարտադիր չի», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց թռնելու համար թռչուն ըլնելը պարտադիր ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «իմ թռնելը որ տենաս՝ ըտենց չես խոսա», եւ ես ժպտալով ասացի՝ «հուսով եմ՝ մի օր կտենամ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «դժվար թե տենաս», եւ ես ժպտալով հարցրի՝ «խի՞», եւ Ռաֆոն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «որովհետեւ ես միշտ մթնով եմ թռնում», եւ ես ժպտալով հարցրի՝ «խի՞ ես մթնով թռնում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ օդային ավտոտեսչությունը խանգարում ա. չեն թողում՝ մարդ օրը ցերեկով հանգիստ թռնի», եւ ես ժպտալով հարցրի՝ «օդային ավտոտեսչություն էլ կա՞», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «ո՞նց չկա. սաղ օրը վերտալյոտներով ֆռֆռում են՝ չեն թողում մարդիկ հանգիստ թռնեն», եւ ես ծիծաղս զսպելով հարցրի՝ «թռնողներն էդքան շատ ե՞ն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ ասաց՝ «շատը շատ չեն, բայց թաքուբիր պատահում են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հիմնականում մթնով ենք թռնում, որ օդային ավտոտեսուչներին ռաստ չգանք» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «իրանք հազարից մեկ են մթնով ռեյդի դուս գալի», եւ ես ծիծաղս զսպելով հարցրի՝ «մթնով ո՞նց եք ճանապարհը գտնում», եւ Ռաֆոն գրպանից ինչ-որ առարկաներ հանեց եւ ես զարմացած հարցրի՝ «դրանք ի՞նչ են», եւ Ռաֆոն առարկաները ցույց տալով ասաց՝ «էս սովորական ֆանառ ա, էս մյուսն էլ՝ սովորական կողմնացույց» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կողմնացույցով թռիչքիս ուղղությունն եմ ճշտում, ֆանառովս էլ ճամփես եմ լուսավորում», եւ ես Ռաֆոյի գործիքներին նայելով սկսեցի անզուսպ հռհռալ, եւ Ռաֆոն զարմացած ինձ հարցրեց՝ «էդ խի՞ ես ծիծաղում», եւ ես ծիծաղս դժվարությամբ զսպելով ասացի՝ «մի հատ անեկդոտ հիշեցի», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ անեկդոտ», եւ ես ժպտալով ասացի՝ «հին անեկդոտ ա», եւ Ռաֆոն քամահրանքով ասաց՝ «պատմի՝ մենք էլ խնդանք», եւ ես Ռաֆոյին պատմեցի էն անեկդոտը, որ ձեզ համար մի անգամ Ջավախյանի բերանով պատմել եմ, բայց ստիպված եմ մի անգամ էլ ինքնուրույն պատմել:
Ուրեմն, մի անգամ մարդամեկն անապատում զբոսնելիս հանդիպում է մի մարդու, որի ձեռին մեծ ու քառակուսի մի ֆաներա կար:
– Էդ ֆաներան ինչի՞ համար ա, ախպերացու,- հարցնում է մարդամեկը:
– Էս սովորական ֆաներա չի. առյուծ որսալու սարք ա,- պատասխանում է մյուսը:
– Ո՞նց թե,- զարմանում է մարդամեկը:
– Հենց ըտենց,- ասում է մյուսը.- առյուծ որսալու սարք ա:
– Դրանով ո՞նց ես առյուծ որսալու,- զարմացած հարցնում է մարդամեկը:
– Շատ հասարակ,- ասում է մարդամյուսը.- հիմի ուշադիր լսի՝ բացատրեմ:
– Ուշադիր լսում եմ, բացատրի,- քմծիծաղ է տալիս մարդամեկը:
– Ուրեմն, անապատով գնում ես, մեկ էլ առյուծը, իմացար, դուս ա գալի դեմդ. հենց որ փորձ ա անում թռնի վրեդ, էս ֆաներան, իմացար, պահում ես դեմը, ու իրա չանչերը խրվում են էս ֆաներայի մեջ,- բացատրում է մարդամեկն ու շարունակում է բացատրել.- որ իրա չանչերը խրվում են էս ֆաներայի մեջ, արագ ջեբիցդ հանում ես չաքուջն ու ֆաներայի հետեւի կողմից, իմացար, էդ առյուծի չանչերը մեկիկ-մեկիկ ծռում ես ֆաներայի վրեն. զակլյոպկա ես անում փաստորեն,- գրպանից մի մուրճիկ հանելով՝ բացատրում է ֆաներայի տերն ու հարցնում.- հիմի հասկացա՞ր, թե՞ էլի լավ չհասկացար:
– Հիմի լրիվ հասկացա,- համոզվում է մարդամեկն ու սարսափահար ավելացնում.- էդ առյուծին թե Աստված փրկեց՝ փրկեց, թե չէ՝ ուրիշ ոչ մի փրկություն չունի:
Երբ անեկդոտը պատմեցի պրծա, Ռաֆոն զարմացած ինձ նայեց ու արհամարհական հարցրեց՝ «յանի էդ անեկդոտը խի՞ պատմեցիր», եւ ես արդարանալով ասացի՝ «դո՛ւ ասեցիր, որ պատմեմ», եւ Ռաֆոն քամահրանքով ասաց՝ «ինձ թվում էր, նորմալ անեկդոտ ես պատմելու», եւ ես արդարանալով ասացի՝ «էդ անեկդոտը լրիվ պատահական հիշեցի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու քամահրանքով ասաց՝ «շատ անկապ հիշեցիր» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղացած ավելացրեց՝ «իմ ֆանառն ու կողմնացույցը ոչ մի կապ չունեն էդ մարդու չաքուջի ու ֆաներայի հետ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «որ անեկդոտ ես հիշում ու պատմում, էդ պատմածդ անեկդոտը պիտի ինչ-որ բանի հետ կապ ունենա», եւ ես արդարանալով կրկնեցի՝ «էդ անեկդոտը լրիվ պատահական հիշեցի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «էս կյանքում ոչ մի պատահական բան չի ըլնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «գիտես թե՝ պատահական ա՞, որ Սովետը փլվավ», եւ ես ժպտալով հարցրի՝ «արդեն փլվել ա՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «համարյա» եւ կողմնացույցն ու լապտերը բաճկոնի գրպանը դնելով՝ այնուհետեւ ձեռքերը շփելով ավելացրեց՝ «բան չմնաց», եւ հենց էդ պահին Վաչե Սարուխանյանը հարթակից գոռաց՝ «Լե՛նին, պա՛րտիա, Գո՛ր-բա՛-չո՛վ», եւ ժողովուրդը ոգեւորված սկսեց վանկարկել՝ «Լե՛նին, պա՛րտիա, Գո՛ր-բա՛-չո՛վ», եւ ամենից ուժգին Ռաֆոն էր գոռում, եւ երբ սկսեցի ծիծաղել, Ռաֆոն զարմացած ինձ նայեց ու հարցրեց՝ «էդ խի՞ ես ծիծաղում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «համ ասում ես՝ Սովետը փլվել ա, համ էլ Լենին ես գոռում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «ուշադիր չես լսում», եւ ես հարցրի՝ «ի՞նչը ուշադիր չեմ լսում», եւ Ռաֆոն վերստին Սարուխանյանի ու ժողովրդի հետ գոռաց՝ «Լենին, պարտիա, Գո՛ր-բա՛-չո՛վ» եւ դադար տալով ու ժպտալով ինձ հարցրեց՝ «չես լսո՞ւմ, որ շեշտը ոչ թե Լենինի վրա ենք դնում, այլ՝ Գորբաչովի» եւ մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ավելացրեց՝ «տակտիկական պայքարի ձեւ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «վերեւներին պիտի փշի-փշի անես, որ իրանց ձեռով երկիրը քանդեն», եւ ես ժպտալով ասացի՝ «Գորբաչովը լավ էլ քանդում ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց Գորբաչովին խանգարում են», եւ ես հարցրի՝ «ո՞վ ա խանգարում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Լիգաչովն ու էլի մի քանիսը», եւ ես հարցրի՝ «ո՞նց են խանգարում» եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «տարբեր ձեւերով» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «աջ ու ձախ խանգարում են. չեն թողում՝ խեղճ մարդը Սովետը քանդի», եւ ես ժողովրդին նայելով՝ Ռաֆոյին ասացի՝ «հեղափոխական իրավիճակը լավ էլ հասունացրել ես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «կարծում ես՝ հեշտ ա՞» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «շատ մեծ քանակությամբ էներգիա եմ ծախսում», եւ ես ժպտալով ասացի՝ «պատկերացնում եմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «էս ծախսածս էներգիան մի ամբողջ բանակի կհերիքեր», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով հարցրի՝ «բայց թռնելն ավելի դժվար չի՞», եւ Ռաֆոն զարմացած ինձ նայեց ու հարցրեց՝ «քան՝ ի՞նչը», եւ ես ժպտալով ասացի՝ «քան՝ հեղափոխական սիտուացիան հասունացնելը», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց, կասկածանքով ինձ նայեց ու ժպտալով հարցրեց՝ «կարող ա՞ ձեռ ես առնում», եւ ես ժպտալով ասացի՝ «խի՞ պիտի ձեռ առնեմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «եսիմ», եւ ես ասացի՝ «ինձ թվում ա՝ թռնելն ավելի դժվար ա» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «ճիշտն ասած, թռնելուդ մասին որ ասում ես, մի տեսակ հավատս չի գալիս», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «դու ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինն ես ըլնելու», եւ ես հարցրի՝ «ի՞նչ իմաստով», եւ Ռաֆոն ասաց՝ «չհավատալու իմաստով»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել