«Մենք դեմ ենք օտարալեզու կրթությանը» նախաձեռնության կազմակերպած համերգը մերժեցին՝ մեղքը գցելով կինո «Մոսկվայի» տնօրինության վրա:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության
անդամները միայնակ չեն:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր երեկոյան Շարլ Ազնավուրի անվան հրապարակում պետք է տեղի ունենար համերգ՝ ընդդեմ օտարալեզու դպրոցների հայտնի օրինագծի, բայց համերգը, որի կազմակերպիչները «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամներն են, չի կայանալու:
Ըստ նախնական տվյալների՝ Երեւանի քաղաքապետարանի կազմակերպչական բաժնից նախաձեռնության անդամները թույլտվություն ստացել էին այդ տարածքում համերգ անցկացնելու: Սակայն քաղաքապետարանի ու կազմակերպիչների միջեւ գրավոր պայմանագիր դեռեւս չէին կնքել, պատճառաբանելով, որ պետք է նախ լուծեն համերգից հետո տարածքի մաքրման հարցերը: Քաղաքապետարանի կազմակերպչական բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանը նախաձեռնության անդամներին ասաց, որ տարածքի մաքրման հարցերը լուծելու համար պետք է դիմեն Երեւանի Կենտրոն վարչական շրջանի մաքրությամբ զբաղվող բաժին եւ այնտեղից ներկայացնեն համապատասխան թուղթ, որից հետո նոր միայն կկնքվի թույլտվության պայմանագիր:
Երեկ առավոտյան «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամները, որոնց հետ էր նաեւ «Առավոտը», ներկայացան Երեւանի Կենտրոն թաղապետարան, որտեղ համապատասխան պայմանագիրը կնքող բաժնի աշխատակից Հարություն Արոյանը նախաձեռնության անդամներին ասաց, թե հարցը պետք է նախ քննարկել Կենտրոն վարչական շրջանի թաղապետի տեղակալ Գեւորգ Խանգելդյանի հետ:
Քննարկման ընթացքում Գ. Խանգելդյանը համերգի նպատակին ծանոթանալուց հետո ասաց, որ չի կարող համաձայնության թուղթ տալ, որովհետեւ պետք է տեսնի քաղաքապետարանի որոշումը՝ համերգ անցկացնելու թույլտվության մասին:
Երբ նա տեղեկացավ համերգի բովանդակության մասին, նշեց. «Չիմանաք՝ ես դեմ եմ այդ համերգին: Երեւի զգում եք, որ սրտանց ուզում եմ լուծում տալ ձեր խնդրին: Բայց սա մեծ գումար արժե: Նախ ձեր համերգը բարեգործական չէ, սա ագիտացիա է: Ես՝ օրինակ, կողմ եմ օտարալեզու դպրոցների բացմանը: Դրանք մեզ կրթել են, գրագետ սերունդ են տվել: Լեւոնին ռուսական դպրոցները փակելու համար հարկավոր է գնդակահարել: Հետո էլ Դավիթ-Բեկից խելոք մարդ չլինի: Որովհետեւ նա էր ճիշտ հասկանում, որ հայ ժողովրդի փրկությունը Ռուսաստանն է»:
Նախաձեռնության անդամ Արամ Ապատյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեկ առավոտյան պետք է վերջնական պայմանագիրը կնքվեր, սակայն՝ «թաղապետի տեղակալի հետ հանդիպումից հետո, երբ նա տեղեկացավ միջոցառման բովանդակության մասին, սկսվեցին խոչընդոտները: Նրանք նախ մեզ առաջարկեցին 130000 դրամի պայմանագիր կնքել եւ վերջացնել գործը: Հետո իմանալով, որ մեր նախաձեռնությունը շահույթ չհետապնդող խումբ է, իջեցրին մինչեւ 50000: Երբ վերջնական եկանք համաձայնության՝ 50000 դրամի պայմանագիր կնքել եւ մաքրման գործը հանձնել թաղապետարանին, մի քանի րոպե անց ինձ զանգեց թաղապետարանի մաքրության բաժնի աշխատակից Հարություն Արոյանը եւ ասաց՝ եթե նույնիսկ 500 հազար դրամ էլ տաք, մենք ձեզ չենք տրամադրի այդ փաստաթուղթը»»:
Նախաձեռնության անդամ, իրավաբան Ռոբերտ Ռեւազյանի խոսքով էլ, ինչպես Երեւանի քաղաքապետարանը, այնպես էլ Կենտրոն թաղապետարանը գործում են ոչ օրենքի սահմաններում: Ըստ նրա, իրականում անհրաժեշտություն չի եղել, որ նման փաստաթուղթ ներկայացվի քաղաքապետարան:
Ա. Ապատյանը ավելի ուշ մեզ տեղեկացրեց, որ միջոցառումը քաղաքապետարանում չեղյալ հայտարարելու քաղաքական որոշում է ընդունվել անհայտ պատճառներով:
Ռ. Ռեւազյանը հավելեց. «Մենք ժամանակ չունենք, որ իրավական տեսակետից բողոքարկենք: Չնայած Երեւանի քաղաքապետարանի եւ Կենտրոն թաղապետարանի ընդունած որոշումները անօրինական են, բայց միջոցառումը կհետաձգվի, քանի որ հնարավոր է հենց համերգի ժամանակ ինչ-որ միջամտություն լինի»: Ա. Ապատյանն էլ փաստեց, որ նախաձեռնությունը չեղյալ է հայտարարում շաբաթ օրվա համերգը, բայց առաջիկայում այն անպայման տեղի կունենա:
Հիշեցնենք, որ նախաձեռնությունը նպատակ ուներ կազմակերպել համերգը այս օրերին, որպեսզի հունիսի 21-ին կամ 22-ին Ազգային ժողովի արտահերթ նիստից առաջ ցույց տային, որ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամները միայնակ չեն:
Հ. Գ. Ավելի ուշ քաղաքապետարանից «գտել են», թե ինչպես պատճառաբանեն մերժումը.«Հաշվի առնելով Երեւանի քաղաքապետին հասցեագրված «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Մ.Ադոյանի 22.04.2010 հ.08 գրությունը այն մասին, որ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում անցկացվող մասսայական միջոցառումները խանգարում են կինոթատրոնի բնականոն աշխատանքը, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ս/թ հունիսի 19-ին ժամը 19:30 նախատեսվող համերգի անցկացումը գտնում ենք ոչ նպատակահարմար»: