Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴՐՍՈՒՄ ԵՎ ԲԵՄՈՒՄ ՆՈՒՅՆ ՀԱԳՈՒՍՏԸ ՉԵՆ ԿՐՈՒՄ

Հունիս 19,2010 00:00

Հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչներին եւս մեկ անգամ հորդորում է մասնագետը

\"\"
Արամ Նիկոլյանը սիրում է աշխատել վառ անհատականությունների հետ:

Ժամանակին անդրադարձել ենք նկարիչ-դիզայներ Արամ Նիկոլյանի արվեստին: Հիշեցնենք, որ նրա առաջին՝ ավանգարդիստական ոճում ստեղծած «Էգո» 5 մոդելից բաղկացած հավաքածուն, որն իրականացրել էր հայաստանյան որոշ թերթերի հատվածներից (ֆակտուրա), մեծ արձագանք ստացավ: Հետագայում հիշյալ հավաքածուն եւ արվեստագետի նոր աշխատանքները ներկայացվեցին Արեւմուտքում՝ դարձյալ արժանանալով մասնագետների բարձր գնահատականին: Նշենք նաեւ, որ Ա. Նիկոլյանը չբավարարվելով կամ չտառապելով «աստղային հիվանդությամբ», մեկնեց Ֆլորենցիա՝ կատարելագործման:
Մեզ հետ հանդիպման ժամանակ Ա. Նիկոլյանը հայտնեց, որ աշնանը Երեւանում կբացվի «No comment by Aram Nikolyan» նորաձեւության սրահների ցանցը, որտեղից հնարավոր կլինի ձեռք բերել նաեւ ամենօրյա հագուստ: Հատուկ շեշտեց, որ գները կլինեն մատչելի: Նշենք, որ հայ դիզայներներից այսօր միայն Արեւիկ Սիմոնյանն ու Նանա Սահակյանցն ունեն իրենց ֆիրմային սրահները:
Դիտարկմանը, թե հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչների մեծ մասն այդպես էլ չսովորեց բեմական հագուստը տարբերել առօրյա հագուկապից, մեր զրուցակիցն ասաց, որ ինքն էլ է համամիտ ասվածին. «Այդպես էլ մեր երգիչներից ոմանք չհասկացան, որ չարժե ընդօրինակել Եվրոպայի, Ամերիկայի իրենց կոլեգաներին: Չէ՞ որ յուրաքանչյուր մարդ անհատ է: Ցավալի է, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ոմանք էլ նույն հագուստով ե՛ւ դրսում են, ե՛ւ բեմում»:
2000թ. սկսած՝ դիզայները, որ աշխատել է Անդրեի, Էմմիի, Անուշ եւ Ինգա Արշակյանների, Ռազմիկ Ամյանի, Քրիստինե Պեպելյանի, Զառա Բաբայանի եւ մյուսների հետ, այսօր իբրեւ վառ անհատականություն նշեց Ջուսի անունը. «Նա միանշանակ տարբերվում է մյուսներից, չափից ավելի համարձակ է, եւ, որ ամենակարեւորն է՝ երբեք չեմ նկատել, որ այս արվեստագետը ամենօրյա հագուստով ներկայանա հանդիսատեսին»: Խնդրանքին՝ կարծիքներ հայտնել շոու-բիզնեսի հայաստանցի որոշ ներկայացուցիչների մասին, Ա. Նիկոլյանն ասաց. «Օրինակ՝ Անդրեն իր բեմական կարիերայի հենց սկզբից առանձնանում էր մյուսներից: Ճիշտ է, համագործակցում է դիզայներների հետ, սակայն իր պարագայում մեծ դեր է խաղում նաեւ ճաշակը: Ինգա եւ Անուշ Արշակյաններն էլ իրենց ստեղծած կերպարներով բացահայտ տարբերվում են, այս դեպքում էլ մեծ դեր է խաղում երգչուհիների ճաշակը: Իսկ, օրինակ՝ Արամեն, որը թեեւ կերպարային առումով բավականին աճել է, չգիտես ինչու, վերջին՝ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ներկայացավ «Դոլչե Գաբանա»-ի վերջին հավաքածուից նմանակած կոստյումով: Զգեստների ընտրության հարցում համարձակ է Շուշան Պետրոսյանը, ինչը գալիս է նրա ոչ կոմպլեքսավորված լինելուց եւ, որ ամենակարեւորն է՝ նա լսում է մասնագետների խորհուրդները: Ծանոթ եմ Նունե Եսայանի, բառի իսկական իմաստով, շքեղ զգեստապահարանին, որտեղ տեղ են գտել զգեստներ՝ հատուկ այս կամ այն երգի կատարման համար, ինչը ողջունելի է: Կային ժամանակներ, երբ նորաձեւությունը ասոցացվում էր Արմինկայի հետ. սա էլ իր բացատրությունն ունի. երգչուհին դեռեւս 90-ականների սկզբից հանդես գալով «Հայեր» խմբում, մեծ «շկոլա» է անցել ղեկավար Նադեժդա Սարգսյանի շնորհիվ: Ի դեպ, կարող եմ առանձնացնել տիկին Սարգսյանի դստերը՝ Էմմին, որը դեռ փոքրուց, հանձին իր մոր, ճիշտ դաստիարակություն է ստացել նաեւ նորաձեւության առումով: Հայկոն պահում է իր դասական ոճը, սա էլ, իհարկե, ողջունելի է՝ որոշ վերապահումներով…»:
Ինչ վերաբերում է Հայաստանը «Եվրատեսիլ»-2010-ում ներկայացրած Եվա Ռիվասին, Ա. Նիկոլյանը առանց երկմտելու հայտնեց հետեւյալը. «Երգչուհու հետ երբեւէ չեմ շփվել, սակայն պետք է անկեղծ ասել, որ պարզապես չհավանեցի նրա հագուկապը, թեեւ, կարծում եմ, որ Եվան այն մոդելներից է, որի հետ մասնագետի աշխատանքը կլինի հեշտ ու հաճելի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել