Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցում կատարողները չեն պատժվում

Հունիս 19,2010 00:00

Վա՛յ այն երկրին, որի Վճռաբեկ դատարանը կիրառում է հակասահմանադրական օրենքներ:
Վերջերս ՀՀ արդարադատության խորհուրդը կարգապահական վարույթներ էր հարուցել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանի, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալվարդ Հունանյանի եւ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի նկատմամբ: Այս դատավորները կոնկրետ գործեր քննելիս կիրառել էին ուժը կորցրած եւ հակասահմանադրական օրենքներ, ինչն առիթ էր հանդիսացել նրանց նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելուն: Նշված վարույթների շրջանակներում Յու. Բաղդասարյանը ենթարկվել էր կարգապահական պատասխանատվության՝ աշխատավարձի 25%-ի պահմամբ՝ 6 ամիս ժամկետով, իսկ Ա. Հունանյանն ու Ա. Խաչատրյանը կարգապահական պատասխանատվության չէին ենթարկվել՝ ԱԽ-ն բավարարվել էր միայն հարցի քննարկմամբ:
Առաջին հայացքից, կարծես, ամեն ինչ նորմալ է, սակայն երբ ուսումնասիրում ենք վերը նշված որոշումները, ապա ակնհայտ է դառնում, որ համանման խախտումներ թույլ են տվել նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորները՝ «Ա1+» հեռուստաընկերության գործով, եւ դրա համար որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ասել կուզի՝ մարդիկ կոնկրետ ցուցում են կատարել, իսկ ցուցում կատարելու համար Հայաստանում, ինչպես հայտնի է, չեն պատժվում:
Երբ ԱԽ-ն 2010թ. փետրվարի 19-ին կարգապահական տույժի ենթարկեց Յու. Բաղդասարյանին, ես դիմում-առաջարկ, հորդորանքով դիմեցի ԱԽ-ին եւ Վճռաբեկ դատարանի նախագահին՝ առաջարկելով պաշտոնապես ներողություն խնդրել բոլոր այն անձանցից, որոնց նկատմամբ կիրառվել է ուժը կորցրած օրենք եւ այն տեղադրել ՀՀ վճռաբեկ դատարանի եւ արդարադատության նախարարության կայքէջերում, քանի որ նույն Վճռաբեկ դատարանը «Ա1+» հեռուստաընկերության գործով կիրառել էր հակասահմանադրական օրենք: Այս փաստը անառարկելի իրողություն է, քանի որ դրա մասին հստակ խոսել է ՀՀ ՍԴ-ն իր թիվ ՍԴՈ 866 որոշման մեջ: Այդ դիմումի կապակցությամբ ԱԽ-ն ինձ տվեց ինչ-որ լղոզված պատասխան, ըստ որի՝ իմ կողմից հիշատակված գործը գտնվում է Վճռաբեկ դատարանի վարույթում, ուստի Վճռաբեկ դատարանը իր դիրքորոշումը դեռ կարտահայտի: Սակայն չի կարելի ասել, որ այդ դիմում-առաջարկ, հորդորանքից հետո ԱԽ-ի դիրքորոշումը համանման գործերով չփոխվեց, քանի որ կոնկրետ դատավորներ Ա. Հունանյանն ու Ա. Խաչատրյանը կարգապահական պատասխանատվության չենթարկվեցին եւ նրանց աշխատավարձից պահումներ չկատարվեցին, թեպետ նրանք նույնպես կիրառել էին հակասահմանադրական եւ ուժը կորցրած օրենքներ՝ ինչպես դատավոր Յու. Բաղդասարյանը: Դատավորների կողմից ուժը կորցրած օրենքների կիրառումը ԱԽ-ն իր վերջին երկու որոշումների մեջ փորձել է պատճառաբանել նրանով, որ «…դատավորին թյուրիմացության մեջ է գցել ՀՀ օրենսդրական դաշտի ոչ պաշտոնական աղբյուր հանդիսացող՝ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում (www.arils.am, www.laws.am, www. legislation.am) հրապարակված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ինկորպորացիան…, որը չի համապատասխանում «ՀՀ պաշտոնական տեղեկագրում» հրապարակված օրենքի տեքստին»: Ըստ էության՝ սրանով ԱԽ-ն փորձել է «մաքրել» նաեւ Վճռաբեկի դատավորներին՝ «Ա1+» հեռուստաընկերության գործով: Սակայն ստացվում է, որ եթե ադրբեջանական հատուկ ծառայություններին մի օր հաջողվի կոտրել վերը նշված կայքերը եւ այնտեղ տեղադրել ոչ հայանպաստ օրենքներ, ապա մեր դատավորները անվերապահորեն կարող են կիրառել դրանք, այնուհետեւ արդարանալ՝ «դե մենք ի՞նչ մեղք ունենք, այդ կայքերում այդպես են տեղադրված օրենքները»:
Ըստ էության, սա ցույց է տալիս, որ մեր «պրոֆեսիոնալ» դատավորները չեն հետեւում ԱԺ-ի նիստերին, ՍԴ-ի որոշումներին, առավել եւս՝ ՄԻԵԴ-ի որոշումներին, նրանք միայն հետեւում են ցուցումներին, ինչը շատ լավ սերտում եւ կիրառում են:
Իրավական նորմալ երկրում, եթե դատավորը (առավել եւս՝ Վճռաբեկ դատարանի դատավորը) կիրառեր հակասահմանադրական օրենք, ապա նա նվազագույնը պետք է ենթարկվեր խիստ կարգապահական պատասխանատվության, իսկ մեր երկրում հարազատ ժողովրդից անգամ ներողություն խնդրելն է անպատվաբեր: Ակնհայտ է, որ Վճռաբեկ դատարանի դատավորները կիրառել են հակասահմանադրական օրենք եւ որեւէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվել, ավելին, նույն ԱԽ-ն, որը իբր թե անաչառ մարմին է, ջանք չի խնայում հիմնավորելու ու բացատրելու, որ չի կարելի կիրառել հակասահմանադրական օրենք, բայց, չգիտես ինչու, իմ դիմում-առաջարկ, հորդորանքից հետո հակասահմանադրական օրենք կիրառելու համար դատավորներին չի պատժում եւ բավարարվում է միայն հարցի քննարկմամբ: Շեշտեմ, որ հակասահմանադրական օրենք կիրառել է մի դատարան, որը ՀՀ-ում կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Ասել կուզի, վա՛յ այն երկրին, որի Վճռաբեկ դատարանը կիրառում է հակասահմանադրական օրենքներ եւ ձեւավորում է օրենքի միասնական կիրառության համակարգ:
Կարծում եմ, այս դեպքում լիովին արդարացված է մեր քաղաքացիների վերաբերմունքը ՀՀ դատական ատյանների, առավել եւս՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նկատմամբ: Իսկ միգո՞ւցե դատարանները լուծարենք եւ դրանց տեղը նշանակենք տեղական ֆեոդալների՞: Գոնե այս դեպքում բյուջեի վրա ծանրություն չի ընկնի, սակայն այս դեպքում էլ՝ ո՞վ պետք է ուտի տարբեր երկրների եւ կառույցների կողմից այդ համակարգին տրվող գրանտները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել