Վրացական ընդդիմությունը հայտարարել է արդեն տեւական ժամանակ գործող ընդդիմադիր դաշինքի փլուզման մասին: Դաշինքի անդամ կուսակցություններն այլեւս ինքնուրույն քաղաքական գործունեություն են վարելու: Այդ մասին հայտնի է դարձել Վրաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից երկու շաբաթ հետո: Հիշեցնենք, որ այդ ընտրություններում հաղթանակ էր տարել երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորած «Ազգային շարժում» կուսակցությունը: Դրանից հետո «Ալյանս՝ Վրաստանի համար» դաշինքը դադարեցրել էր իր գոյությունը: Ավելի վաղ հայտարարվել էր նաեւ երկրի նախկին վարչապետ Զուրաբ Նողայդելիի գլխավորած միավորման փլուզման մասին:
«Newsru»-ի փոխանցմամբ, փորձագետները շեշտում են, թե այդպիսով Վրաստանում իշխող կուսակցությունը հաղթեց ոչ միայն ՏԻՄ ընտրություններում, այլեւ ազատվեց խոշոր դաշինքներում միավորված քաղաքական ընդդիմախոսներից:
Այդուհանդերձ, ընդդիմադիր դաշինքներից մեկի ղեկավարը՝ Իրակլի Ալասանիան հայտարարել է, թե ընդդիմադիր կուսակցությունները «խորհրդակցություններ կանցկացնեն եւ կհամագործակցեն» նաեւ ապագայում, թեեւ նրա այդ խոստմանը քաղաքական վերլուծաբանները թերահավատորեն են վերաբերվում: Նրանք գտնում են, որ վերջին ընտրություններում կրած պարտությունից հետո ընդդիմադիր միավորումների փլուզումը կանխորոշված էր: