Թուրքական խորհրդարանում ներկայացված քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը հեռուստատեսային հաղորդման ուղիղ եթերում թուրքական իշխանություններին առաջարկել է քրդական հարցը լուծելու համար երկխոսություն սկսել PKK-ի հետ (Քրդական բանվորական կուսակցություն, PKK-ն Թուրքիայում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպություն է համարվում) :
News.am-ը, վկայակոչելով թուրքական «Internethaber»-ը, փոխանցում է, թե Դեմիրթաշը նշել է, որ Թուրքիայում ոչ թե ահաբեկչության, այլ քրդական խնդիր կա: «Քուրդ ժողովրդի լեզվի, մշակույթի ընդունման խնդիրը կա: Քուրդ ժողովուրդը մերժման եւ ձուլման վտանգի տակ է: Իշխող կուսակցությունը այս խնդիրները լուծելու փոխարեն ավելի է ուժեղացրել ձուլման քաղաքականությունը»,- հայտարարել է Դեմիրթաշը: Ըստ նրա՝ արյունահեղությունը կասեցնելու համար թուրքական իշխանությունները պետք է քաղաքական կամք ցուցաբերեն եւ PKK-ի հետ երկխոսություն սկսեն: Աղբյուրը հիշեցնում է, որ օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը մեղադրել էր PKK-ի իրականացրած ահաբեկչության մեջ, որին ի պատասխան, Սելահաթին Դեմիրթաշը Էրդողանին անվանել էր ստախոս՝ ասելով, որ «եթե երկրի վարչապետը ժողովրդի աչքերի մեջ նայելով սուտ է խոսում, ուրեմն՝ նրա քաղաքական գաղափարները վերջացել են»:
BBC-ի մատուցմամբ, Թուրքիայի զինուժը հայտարարել է, թե միայն վերջին ամիսների ընթացքում ավիահարվածների արդյունքում սպանվել է ավելի քան 120 քուրդ ապստամբ: Դրանք իրականացվել էին այն ժամանակ, երբ քրդերը ակտիվացրել էին իրենց գործողությունները: Թուրքիան քրդերի դեմ գործի էր դրել իր ռազմական ավիացիան, ամերիկյան հետախուզությունից ստացվող տվյալներն ու Իսրայելից գնված անօդաչու ինքնաթիռները: